Շնորհանդեսից առաջ Google-ը Pixel 8 Pro սմարթֆոնը ցուցադրել է բոլոր կողմերից և հաստատել, որ այն ջերմաչափ կունենա

6 սեպտեմբերի, 2023  19:18

Google-ը իր ֆլագմանային Pixel 8 Pro սմարթֆոնի շնորհանդեսից առաջ (նախատեսվում է հոկտեմբերի 4-ին) համացանցում տեղադրել է առցանց սիմուլյատոր, որը հնարավորություն է տալիս հեռախոսը դիտել բոլոր կողմերից և անկյուններից՝ հնարավոր դարձնելով տեսնել հեռախոսի բոլոր ստեղների և միակցիչների տեղերը։

Ինչպես տեղեկացնում է The Verge-ը, հղում անելով բլոգերներին, որոնք առաջինն են հայտնաբերել վիրտուալ Pixel 8 Pro-ն, դրան հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է Pixel Phone Simulator բաժնի հիպերլինքում տեղադրել նոր մոդելի անունը՝ pixel.withgoogle.com/Pixel_8_Pro

pixel 8 pro fronts.jpg (312 KB)

Pixel 8 Pro սմարթֆոնի սիմուլյատորը սարքը ներկայացնում է երեք գույնով՝ գունատ կապույտ, մոխրագույն և սև, ինչպես նաև հաստատում է լուրերը, որ Pixel 8 Pro-ն կստանա ջերմաչափ, որը տեղադրված է տեսախցիկների կողքին գտնվող հետևի վահանակում: Այնուամենայնիվ, սիմուլյատորը սարքի բնութագրերի մասին որևէ նկարագրություն չի պարունակում։

Նշենք, որ Pixel 8 Pro-ն պահպանել է SIM քարտի բնիկը, ինչը հերքում է լուրերն այն մասին, որ նոր սմարթֆոնը թողարկվելու է միայն eSIM տարբերակով։ Դատելով սիմուլյատորի տվյալներից՝ նոր սմարթֆոնը կստանա 5G mmWave ցանցերի աջակցություն, ինչպես նաև 5x օպտիկական խոշորացումով հեռաֆոտո մոդուլ։ Pixel 8 Pro-ի շնորհանդեսին քիչ ժամանակ է մնացել, ուստի չի բացառվում, որ նոր արտադրանքի մասին նոր արտահոսքեր ևս լինեն։

Օրեր առաջ Google Store-ի էջում հայտնվել էր սմարթֆոնի լուսանկարը, որում  պատկերված էր մի տղամարդ, որը խոսում է Google Pixel 8 Pro-ով։ Լուսանկարում երևում էր, որ սմարթֆոնի դիզայնը համապատասխանում է նախկին արտահոսքերին։

Pixel 8 Pro  2.jpg (74 KB)

GSMArena կայքը, հղում անելով անանուն աղբյուրին, իր հերթին գրել էր, որ նոր Google-ի Pixel շարքի մոդելները զգալիորեն ավելի թանկ կլինեն նախորդ սերնդի սմարթֆոնների համեմատ։ Ըստ այդմ՝  Google Pixel 8-ի բազային տարբերակը (128 ԳԲ) կառաջարկվի 874 եվրո (մոտ 940 դոլար) գնով, 256 ԳԲ հիշողությամբ տարբերակը՝ 949 եվրո (մոտ 1020 դոլար), Pixel 8 Pro-ի 128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ տարբերակը կարժենա 1235 եվրո (1330 դոլար), իսկ 256 ԳԲ տարբերակը՝ 1309 եվրո (1410 դոլար): Իր գնով զարմացնում է 512 ԳԲ հիշողությամբ ամենահզոր մոդիֆիկացիան՝ 1461 եվրո (մոտ 1575 դոլար):


 
 
 
 
  • Արխիվ