SpaceX-ի Crew-6-ի տիեզերագնացները հաջողությամբ վերադարձել են Երկիր՝ ՄՏԿ-ում անցկացնելով 6 ամիս

4 սեպտեմբերի, 2023  12:15

NASA-ի SpaceX's Crew-6 առաքելության չորս տիեզերագնացները հաջողությամբ վերադարձել են Երկիր՝ ավարտելով իրենց առաջին երկարատև տիեզերական թռիչքը Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ), տեղեկացնում է Space.com-ը:

Սթիվեն Բոուենը և Ուորեն Հոբուրգը (NASA), Սուլթան Ալ Նեյադինը (ԱՄԷ) և Անդրեյ Ֆեդյաևը (Ռուսաստան) SpaceX Crew Dragon կապսուլով վայրէջք են կատարել Ատլանտյան օվկիանոսում՝ Ֆլորիդայի Ջեքսոնվիլի ափերի մոտ այսօր ժամը (GMT) 04։17-ին (Երևանի ժամանակով 08։17)։  Չորսից տիեզերագնացներից միայն Սթիվեն Բոուենն էր նախկինում եղել տիեզերքում։

«Երբ մենք այստեղ հայտնվեցինք վեց ամիս առաջ, դա նոր փորձառություն էր բոլորիս համար, - Բոուենն ասել էր հինգշաբթի (օգոստոս 31-ին) ՄՏԿ-ում կազմակերպված հրաժեշտի կարճ արարողության ժամանակ,- Ես եղել էի տիեզերքում, բայց երբեք չէի եղել երկարատև առաքելության մեջ: Սա բացարձակապես անհավատալի փորձառություն էր»:

SpaceX Crew-6.JPG (20 KB)

Crew-6 առաքելությունը մեկնարկել էր մարտի 2-ին և տևել է 186 օր, որի ընթացքում անձնակազմի անդամները ՄՏԿ-ում ծառայել են որպես Expedition 68-ի և Expedition 69-ի թռիչքային ինժեներներ:

Ի սկզբանե պլանավորված էր, որ նրանք Երկիր կվերադառնան կիրակի առավոտյան (սեպտեմբերի 3-ին), սակայն եղանակային վատ պայմանների պատճառով նրանք մեկ օր ավելի են մնացել ուղեծրում:

«Դա, անշուշտ, կյանքում մեկ անգամ տրվող փորձառություն էր և իսկական պատիվ վեց անհավանական կարճատև ամիսներ անցկացնել՝ ապրելով և աշխատելով այս անհավատալի ուղեծրային ֆորպոստում։ Կարծում եմ, որ մենք շատ բան արեցինք»,- նույն արարողության ժամանակ ասել էր Ուորեն Հոբուրգը:

SpaceX Crew Dragon.JPG (34 KB)

Սուլթան Ալ Նեյադինի համար այս թռիչքը ոչ միայն առաջինն էր, այլև առաջին երկարատև արշավը ազգությամբ արաբ տիեզերագնացի կողմից, որն ԱՄԷ-ից է: Նրանից առաջ 2019-ին Հազզա Ալ Մանսուրին կարճատև, մեկշաբաթյա առաքելություն էր կատարել տիեզերքում: Իսկ առհասարակ առաջին արաբը (Սաուդյան Արաբիայի արքայազն Սուլթան Ալ Սաուդը) NASA-ի տիեզերանավով տիեզերք է թռել 1985-ին:

«Ես մի վայրից եմ, որտեղ մարդկանց մասնակցությամբ տիեզերական թռիչքները դադարեցվել էին ավելի քան 30 տարի, և ես ասես զգում էի, որ պարտավոր եմ ցույց տալ, թե ինչ է կատարվում տիեզերակայանի հետ: Կարծում եմ, որ դա փոքր խթան էր մեր տարածաշրջանում ոգևորություն տարածելու համար»,- իր հերթին ասել էր Սուլթան Ալ Նեյադինը:

crew dragon .JPG (71 KB)

Անդրեյ Ֆեդյաևն այս առաքելությանը մասնակցել է NASA-ի և «Ռոսկոսմոս»-ի միջև փոխանակման համաձայնագրի շրջանակում։

Միջազգային տիեզերակայանի Expedition 69 առաքելությունն այժմ շարունակում են  NASA-ի տիեզերագնացներ Ֆրենկ Ռուբիոն և Ժասմին Մողբելին, Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) տիեզերագնաց Անդրեաս Մոգենսենին, Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալության (JAXA) տիեզերագնաց Սատոշի Ֆուրուկավան և «Ռոսկոսմոս»-ի տիեզերագնացներ Սերգեյ Պրոկոպիևը, Դմիրի Պետելինը և Կոնստանտին Բորիսովը։ 


 
 
 
 
  • Արխիվ