Գիտնականներն Արեգակի վրա նոր ու տարօրինակ երևույթ են նկատել

30 օգոստոսի, 2023  21:41

Գիտնականները Արեգակի վրա տարօրինակ նոր երևույթ են հայտնաբերել, որը նախկինում որևէ սարք չի կարողացել ֆիքսել։ Խոսքը Արեգակի մակերեսին գտնվող շիթերի (պլազմա) նոր դասի մասին է, որը կարող է օգնել բացատրելու արեգակնային քամու առեղծվածային ծագումը՝ լիցքավորված մասնիկների հոսք, որը հսկայական ազդեցություն ունի մեր մոլորակային համակարգի վրա։

Solar Orbiter սարքը, որը տիեզերք է արձակել Եվրոպական տիեզերական գործակալությունը 2020-ին, Արեգակի հարավային բևեռից ընդամենը 28 միլիոն մղոն հեռավորության վրա հայտնաբերել է պլազմայի փոքր բռնկումներ, որոնք ավելի մոտ են Մերկուրիի ուղեծրին:

Դրանք ունեն մի քանի հարյուր կիլոմետր երկարություն և տևում են ընդամենը 20-100 վայրկյան։ Գուցե հենց այդ պատառով էլ դրանք նախորդ առաքելությունների համար անտեսանելի են եղել: Այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ դրանք Արեգակի համեմատ շատ փոքր են, դրանց համակցված ազդեցությունը կարող է լրջորեն ուժգնացնել արեգակնային քամին, երևույթ, որը գիտնականները փորձում են բացատրել մի քանի տասնամյակ շարունակ:

Արեգակնային քամին կազմված է լիցքավորված մասնիկներից, ինչպիսիք են էլեկտրոնները և պրոտոնները, որոնք դուրս են թռչում Արեգակի արտաքին մթնոլորտից՝ պսակից, արեգակնային մագնիսական դաշտի բացվածքներով։ Այս մասնիկները փոխազդում են Արեգակնային համակարգի մարմինների, այդ թվում՝ Երկրի հետ, առաջացնելով բևեռափայլեր, գեոմագնիսական փոթորիկներ և մի շարք այլ երևույթներ։ Այնուամենայնիվ, թեև արեգակնային քամին մեր արեգակնային համակարգի կարևոր բաղադրիչն է, գիտնականները հստակ չգիտեն, թե ինչ մեխանիզմներ են դրա հիմքում ընկած:

Այժմ Մաքս Պլանկի անվան Արեգակնային համակարգի հետազոտությունների ինստիտուտի ֆիզիկոս Լակշմի Պրադիպ Չիտայի գլխավորած խումբը գտել է այդ գլուխկոտրուկի պակասող մասը Solar Orbiter-ի՝ 2022-ի մարտին արած նկարներում: Սարքը դիտել է Արեգակի մակերեսին տեղի ունեցող այդ բռնկումները Արեգակի «պսակային անցքի» ներսում՝ մագնիսական դաշտի բացվածք, որը նյութին թույլ է տալիս դուրս գալ: Թիմը կարծում է, որ այս շիթերը կարող են արեգակնային քամու կարևոր շարժիչ ուժը լինել, ասվում է Science ամսագրում հրապարակված ուսումնասիրությունում։

«Պսակային անցքերը Արեգակի վրա մագնիսական դաշտի բաց գծերով շրջաններ են,- գրում են հեղինակներն իրենց ուսումնասիրությունում,- Հենց դրանց միջով է անցնում արեգակնային քամին կազմող մասնիկների հոսքը, բայց թե ինչպես է դա տեղի ունենում, հայտնի չէ»:

Tiny jets.jpg (104 KB)

«Մենք դիտարկել ենք պսակային անցքը՝ օգտագործելով Solar Orbiter սարքի վրա տեղադրված Extreme Ultraviolet Imager գործիքի միջոցով,- շարունակում են հետազոտողները՝ նշելով, որ շիթերը հասնում են վայրկյանում մոտ 60 մղոն արագության և զբաղեցնում են կինետիկ էներգիայի «գագաթնակետային բռնկման» տիրույթը,- Մենք ենթադրում ենք, որ արեգակնային նման գագաթնակետային բռնկումները կարող են արտադրել բավականաչափ բարձր ջերմաստիճանի պլազմա՝ արեգակնային քամին պահպանելու համար, և որ քամին առաջանում է պսակային անցքերից՝ որպես փոքր մասշտաբներով խիստ ընդհատվող հոսք»:

Գիտնականները վաղուց էին ենթադրում, որ արեգակնային քամին առաջանում է պսակային անցքերից դուրս եկող նյութի պատճառով, սակայն այս գործընթացի ավելի հստակ ըմբռնումը պահանջում է ավելի ուշադիր զննել Արեգակի նման օբյեկտը, որը շատ դժվար է ուսումնասիրել: Solar Orbiter-ը նոր սերնդի արևային բարդ աստղադիտակների մի մասն է, ներառյալ NASA-ի Parker Solar Probe-ը և Daniel K. Inouye արևային աստղադիտակը, որոնք նպատակ ունեն ուսումնասիրել մեր աստղը և բացահայտել դրա գաղտնիքները, այդ թվում՝ արեգակնային քամու մեխանիզմը:

Solar Orbiter pillars.jpg (293 KB)

Solar Orbiter-ի դիտարկած բռնկումները տեղի են ունենում, երբ Արեգակի պսակի ներսում մագնիսական դաշտի տեղաշարժվող գծերը հանկարծակի «վերամիավորվում են»՝ վերածվելով ավելի կայուն կոնֆիգուրացիաների, ինչը հանգեցնում է լույսի և էներգիայի հուժկու արտանետման: Դա, ըստ էության, նույն «մագնիսական վերամիավորման» ավելի փոքր տարբերակն է, որն առաջացնում է արեգակնային բռնկումներ և պսակի զանգվածի արտանետումներ՝ Արեգակի վրա կատաղի պայթյուններ, որոնք կարող են կործանել տիեզերական սարքերն ու Երկրի վրա գտնվող էլեկտրոնային ենթակառուցվածքները:

Գիտնականները նշում են, որ թեև արեգակնային այս բռնկումները նկատվել են միայն մեկ պսակային անցքում, դրանք կարող են հսկայական քանակությամբ լիցքավորված նյութ և ջերմություն մատակարարել արեգակնային քամուն, եթե ենթադրենք, որ դրանք առկա են պսակային անցքերում Արեգակի ողջ մակերեսին: Ապագա դիտարկումները կարող են ավելին բացահայտել այս կարճատև շիթերի և արեգակնային քամու առաջացման գործում դրանց դերի մասին, ինչը կարող է նոր տվյալներ տրամադրել մեր արեգակնային համակարգի կենտրոնում ճառագայթման առեղծվածի վերաբերյալ:


 
 
 
 
  • Արխիվ