Jump Dev Conference. Ucraft-ի կազմակերպած եզակի կոնֆերանսին ելույթ ունեցան Netflix-ի, Google-ի և Booking.com-ի ներկայացուցիչները

28 օգոստոսի, 2023  20:06

Արհեստական բանականության, մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների և լեզվական մեծ մոդելների հետ աշխատանքի առանձնահատկություններ, կիբեռանվտանգություն, միկրոսերվիսների աշխատանքի ճիշտ կազմակերպում. բոլոր այս թեմաները քննարկվեցին Երևանում Ucraft ընկերության կազմակերպած Jump Dev Conference խոշոր համաժողովի շրջանակում: Այս ոլորտներում իրենց գիտելիքներն ու փորձը միջոցառման մասնակիցների հետ կիսեցին այնպիսի ընկերությունների աշխատակիցներն ու մասնագետները, ինչպիսիք են Netflix-ը, Google-ը, Booking.com-ը, Cloudflare-ը, Yandex-ը և այլն։

Ucraft-ի հիմնադիր Գևորգ Բալյանը NEWS.am Tech-ի հետ զրույցում նշեց, որ միջոցառման գլխավոր նպատակն է հայ ծրագրավորողներին և ինժեներներին ծանոթացնել միջազգային փորձին, ամբողջ աշխարհում հայտնի ընկերությունների մասնագետների փորձին, ինչը թույլ կտա բարձրացնել մեր երկրում մշակվող պրոդուկտների որակը և կօգնի դրանք դարձնել ավելի մրցունակ և «մաստշաբային»։

Ucraft-ի փոխտնօրեն Տիգրան Մեսրոպյանն իր հերթին պատմեց, որ մի քանի տարի առաջ ընկերությունը կազմակերպել էր ևս մեկ խոշոր և հետաքրքիր միջոցառում, որի շրջանակում քննարկվել են դիզայներական գործիքները, ոլորտի նորամուծությունները, բազմաթիվ խնդիրներ և դրանց լուծման ուղիները:

Իսկ այս կոնֆերանսն ընդգրկել է թեմաների ավելի լայն շրջանակ՝ արհեստական բանականությունից մինչև կիբեռանվտանգություն։ Բոլոր այս ոլորտները, նրա խոսքով, այսօր ակտիվորեն զարգանում են, և կան բազմաթիվ ընկերություններ, որոնց աշխատանքն այսպես թե այնպես վերաբերում է այդ ոլորտների մեծամասնությանը կամ նույնիսկ բոլոր ոլորտներին։ Նման ընկերությունների թվում է նաև Ucraft-ը․ այն վեբկայքերի կոնստրուկտոր և էլեկտրոնային առևտրի հարթակ է, որն անհատներին և ձեռնարկություններին տրամադրում է գործիքներ պրոֆեսիոնալ վեբկայքեր և առցանց խանութներ ստեղծելու համար:

10 հետաքրքիր դասախոսություններ

Օգոստոսի 26-ին կազմակերպված Jump Dev Conference-ի մասնակիցները լսեցին մի շարք իսկապես հետաքրքիր և օգտակար դասախոսություններ. դասախոսներից լսած շատ խորհուրդներ և հուշումներ նրանք կկարողանան օգտագործել իրենց աշխատանքում:  

Netflix-ից Տեջաս Չոպրան պատմել է ընկերությունում Devops-ի մասին: DevOps-ը զարգացման թիմերի և տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման մասնագետների միջև փոխգործակցության մեթոդ է, նրանց աշխատանքային գործընթացների փոխադարձ ինտեգրում միմյանց մեջ՝ արտադրանքի բարձր որակի և կայունության ապահովման նպատակով:

Cloudflare-ից Իգնատ Կորչագինը խոսեց ինտերնետի ամենամեծ սպառնալիքներից պաշտպանվելու մասին, որոնք այսօր ամեն անկյունում սպասում են թե՛ սովորական օգտվողներին և՛, առավել ևս, խոշոր ընկերություններին:

Microsoft-ից Չինմեյ Ներուրկարը խոսեց ուշացման ցածր ցուցանիշով մեքենայական ուսուցման համակարգերի ստեղծման մասին՝ ցանկացած մասշտաբով առցանց գովազդ ցուցադրելու նպատակով իրական ժամանակում մոդելի կանխատեսումներ տրամադրելու համար:

Ucraft 2.jpg (597 KB)

LKI Consulting-ից Մարինա Բարիշևան խոսեց այն մասին, թե ինչպես են արհեստական բանականությունը և առաջադեմ վերլուծությունը շուկայավարման ռազմավարությունների մշակումն ու իրականացումը տեղափոխում հաջորդ մակարդակ:

Google Cloud-ից Միլեն Գենչևը խոսեց գեներացնող արհեստական բանականության և այն մասին, թե ինչ նոր հնարավորություններ կարող է բացել մեքենայական ուսուցման տեխնոլոգիան:

Ucraft-ից Տիգրան Մեսրոպյանը պատմեց միկրոսերվիսների ստեղծման բաշխված ճարտարապետությունների մասին:

BOOKING.COM-ից Սանչիտ Ջունեխան խոսեց խոշոր լեզվական մոդելներով (LLMops) իրականացվող գործողությունների և այն մասին, թե ինչպես են խոշոր ընկերություններն աշխատում LLM-ի հետ:

Yandex-ից Նիկոլայ Մուկինը իր ելույթի ընթացքում խոսեց Go-ում Opentelemetry-ով բաշխված հետագծման մասին:

Եվ վերջապես, Ucraft-ից Նորվիկ Ալեքսանյանը խոսեց Prompt Engineering-ի կարևոր դերի և մեթոդների մասին։      

Միկրոսերվիսներ․ ի՞նչ են դրանք և ի՞նչ դժվարություններ կարող են առաջանալ դրանց հետ աշխատելիս

Միկրոսերվիսներն այսօր շատ տարածված ճարտարապետական մոտեցում են ծրագրային հավելվածների ստեղծման հարցում, և դրանց հետ աշխատելու առանձնահատկությունները, ինչպես նաև այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ այդ աշխատանքում, դարձան Ucraft-ից Տիգրան Մեսրոպյանի ելույթի թեման:

Ի տարբերություն ավանդական «մոնոլիտ» ճարտարապետության, որտեղ հավելվածը ստեղծվում է որպես մեկ, սերտորեն ինտեգրված ամբողջություն, միկրոծառայությունների ճարտարապետության մեջ բարդ հավելվածը բաժանվում է մի շարք ավելի փոքր, անկախ ծառայությունների, որոնք միմյանց հետ շփվում են API-ների (կիրառական ծրագրավորման միջերեսներ) միջոցով: Այս ծառայություններից յուրաքանչյուրը նախատեսված է որոշակի բիզնես գործառույթ իրականացնելու համար և կարող է նախագծվել, տեղադրվել և մասշտաբավորվել՝ մնացածից անկախ։

Միկրոսերվիսների ճարտարապետությունն այսօր օգտագործում են շատ խոշոր և հայտնի ընկերություններ, ներառյալ Netflix-ը և Uber-ը: Ucraft-ը ևս կիրառում է այս ճարտարապետությունը, ուստի ընկերության մասնագետներն անձամբ գիտեն, թե ինչ խնդիրներ կարող են լինել այս ոլորտում և ինչպես կարելի է դրանք լուծել: Jump Dev Conference-ի հյուրերի հետ նրանք կիսվեցին իրենց փորձով:

«Միկրոսերվիսների ճարտարապետությունը ներառում է մեծ ծրագրի բաժանումը մի քանի մասերի, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր գործառույթները: Այս մասերը, միմյանց հետ հաղորդակցվելով և միմյանց տվյալներ ու հարցումներ փոխանցելով, լուծում են կոնկրետ խնդիրներ։ Երբ մենք ինտեգրում ենք նման համակարգ, մի շարք հարցեր են առաջանում։ Օրինակ՝ ինչպես միմյանց հետ կապել այս փոքր մասերը: Ի վերջո, երբ դրանք բոլորը մեկ տեղում են, դրանց միջև հաղորդակցությունը և տվյալների փոխանցումը պարզեցվում են, իսկ երբ դրանք բաժանվում են տարբեր սերվերների միջև, կարող են խնդիրներ առաջանալ։ Այս մասին NEWS.am Tech-ն ասաց Տիգրան Մեսրոպյանը։

Նրա խոսքով՝ միկրոսերվիսների հետ աշխատանքում խնդիրներ ու հարցեր են առաջանում նաև տվյալների ճիշտ պահպանման, դրանց անվտանգության և համակարգի տարբեր մասերի միջև ճիշտ փոխանցման հետ կապված: Իր ելույթում Մեսրոպյանը խոսեց այդ բոլոր խնդիրների լուծման ուղիների մասին, որոնք գտել են Ucraft-ի մասնագետները:

Կիբեռսպառնալիքներ. Ինչպե՞ս պաշտպանվել դրանցից

80-ականներին, երբ ստեղծվում և ներդրվում էր ինտերնետը, քչերն էին մտածում դրա անվտանգությունն ապահովելու մասին. մասնագետներին միայն մի բան էր մտահոգում ՝ հասնել նրան, որ ամեն ինչ աշխատի այնպես, ինչպես պետք է: Այժմ ինտերնետում մեզ սպասում են բազմաթիվ ռիսկեր և վտանգներ, և առանց պատշաճ պաշտպանության և՛ անհատները, և՛ ընկերությունները կարող են հարձակման զոհ դառնալ և կորցնել կարևոր տվյալներ, գումար և շատ ավելին:

Արդեն երկար տարիներ ինտերնետային անվտանգության ոլորտում մասնագիտացած Cloudflare ընկերության աշխատակից Իգնատ Կորչագինն ասաց, որ ինտերնետում չարագործներից արդյունավետ պաշտպանության համար շատ կարևոր է օգտատերերի տեխնիկական գրագիտությունը:

«Օգտագտերը պետք է իմանա, թե ինչպես է աշխատում ինտերնետը, ինչպես կարելի է այն օգտագործել և ինչ ռիսկեր կարող են իրեն սպասել։ Եթե օգտագտերը գիտակցում է, որ չի կարելի է ում հետ պատահի կիսվել մասնավոր տեղեկություններով, ապա դա արդեն մեծ քայլ առաջ է։ Չէ որ, մենք անծանոթ մարդկանց չենք վստահում ո՛չ մեր փողեր, ո՛չ մեր փաստաթղթեր. այդ ամենը առցանց նույնպես չի կարելի անել»,- ասաց մասնագետը։

Օգտատերերի անվտանգության ապահովման գործում մեծ դեր պետք է խաղան նաև այդ օգտատերերին տարբեր ծառայություններ մատուցող խոշոր ընկերությունները։ Ինչ վերաբերում է սեփական անվտանգության ապահովմանը, ապա շատ ընկերություններ դա վստահում են այնպիսի ընկերությունների մասնագետներին, ինչպիսին է այն ընկերությունը, որտեղ աշխատում է Կորչագինը։

Կիբեռսպառնալիքներից լիարժեք, 100%-անոց պաշտպանություն գոյություն չունի, և չարագործներն ու ու կիբեռանվտանգության մասնագետները մշտական մրցավազքի մեջ են: Ինչպես նշեց Կորչագինը, չարագործները մշտապես հարձակման նոր ձևեր կմտածեն, և ի պատասխան՝ կմշակվեն նոր, ավելի կատարելագործված պաշտպանության համակարգեր։

Ucraft 3.jpg (830 KB)

ԱԲ․ շուկայագետի օգնակա՞ն, թե՞ նրան փոխարինելու եկող մրցակից

Խոսակցություններն այն մասին, որ արհեստական բանականությունը շուտով կարող է փոխարինել բազմաթիվ մասնագետների, այդ թվում՝ շուկայագետների, արդեն բավական երկար ժամանակ չեն դադարում, և դժվար թե շուտով դադարեն։ Մարքեթինգով և դիզայնով զբաղվող LKI Consulting գործակալությունից Մարինա Բարիշևան, սակայն կարծում է, որ արհեստական բանականությունը երբեք չի կարող փոխարինել մարդուն և նրա մտքի ստեղծագործականությանը:

«Մենք կարողանում ենք խնդիրներ լուծել, կարողանում ենք մտածել ոչ ստանդարտ, կրեատիվ։ Արհեստական բանականությունը չի կարող դառնալ մարդկանց նման: Ես կարծում եմ, որ արհեստական բանականությունն իր վրա կվերցնի որոշ խնդիրներ, որոնք մինչ այժմ կատարել են մարդիկ, սակայն այն չի կարող փոխարինել մարդկային մտքի ստեղծագործականությանը»,-նշեց մասնագետը։

Փոխարենը արհեստական բանականությունը, նրա խոսքով, հաջողությամբ կարող է օգնել մարդկանց իրենց աշխատանքում, այդ թվում՝ շուկայագետներն։ Հենց այդ մասին էլ Բարիշևան պատմեց Jump Dev Conference-ի շրջանակում ունեցած ելույթում։

NEWS.am Tech-ի հետ զրույցում մասնագետը նշեց, որ չափազանց կարևոր է հասկանալ, որ արհեստական բանականությունը ինչ-որ չափով նման է կրտսեր աշխատակցին, և դրանից օգուտ կլինի, եթե ավագ աշխատակիցը ճիշտ ղեկավարի այն և ճիշտ տեղեկատվություն տրամադրի նրա ուսուցման համար: Այդ դեպքում արհեստական բանականությունն իսկապես կարող է օգնել մարդուն իր աշխատանքում՝ նրան ազատելով մի շարք, այդ թվում՝ ոչ այդքան հետաքրքիր առաջադրանքների կատարումից և օգնելով իրենց ընդհանուր աշխատանքի արդյունքները հասցնել բոլորովին նոր մակարդակի։


 
 
 
 
  • Արխիվ