WhatsApp-ում iPhone-ների համար տեսահաղորդագրություն ուղարկելու գործառույթ է ավելացել

22 օգոստոսի, 2023  16:16

AppStore հավելվածների օնլայն խանութում հայտնվել է WhatsApp մեսենջերի նոր հրապարակային տարբերակ, որն օգտատերերին թույլ է տալիս մինչև մեկ րոպե տևողությամբ կարճ տեսահաղորդագրություններ ուղարկել միմյանց, այս մասին տեղեկացնում է WABetaInfo կայքը։

Տեսահաղորդագրությունը ձայնագրելու համար հարկավոր է սեղմել երկխոսության պատուհանի աջ անկյունում գտնվող խոսափողի պատկերակի վրա, ինչից հետո հայտնվում է տեսախցիկի տեսքով պատկերակ, որի վրա սեղմելով էլ արդեն հնարավոր է ձայնագրել տեսահաղորդագրությունը։

Մեկ այլ նոր հնարավորություն է տեսազանգի ժամանակ էկրանը կիսելու հնարավորությունը: Այժմ օգտատերերը կարող են հեռարձակել իրենց հեռախոսի էկրանը տեսազանգերի ժամանակ։

WABetaInfo-ն գրում է, որ այս ռեժիմը հարմար է աշխատանքային ու կենցաղային տարբեր խնդիրների համատեղ լուծման համար։ Այս գործառույթն ակտիվացնելու համար WhatsApp-ի ծրագրավորողները նոր կոճակ են ավելացրել ինտերֆեյսին, որը հայտնվում է տեսազանգերի ժամանակ։

WhatsApp-ի նկարագրված գործառույթներին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է App Store-ից ներբեռնել մեսենջերի 23.16.78 համարով տարբերակը։ WABetaInfo-ն զգուշացնում է, որ որոշ օգտատերերի դեպքում այս նոր գործառույթները կարող են հայտնվել ոչ թե թարմացումը տեղադրելուց անմիջապես հետո, այլ որոշ ժամանակ անց միայն։

WhatsApp-ը պարբերաբար նոր գործառույթներ է ներդնում։ Վերջերս հայտնի դարձավ, որ մեսենջերում օգտատերերը շուտով կկարողանան միմյանց բարձր լուծաչափով լուսանկարներ ուղարկել, ստեղծել իրենց սթիքերներն արհեստական բանականության օգնությամբ։ WhatsApp-ը վերջերս նաև հայտարարել է, որ նամակագրությունը պաշտպանելու նոր գործառույթ կավելացնի։ Մեկ այլ նորամուծության շրջանակում մեսենջերում վերջերս նաև ավելացել է մեկ հեռախոսում մի քանի օգտահաշիվներ միաժամանակ ավելացնելու հնարավորությունը


 
 
 
 
  • Արխիվ