Հոկտեմբերի 25-ին տեղի կունենա արևի՝ այս տարվա վերջին խավարումը. այն հնարավոր կլինի տեսնել նաև Հայաստանից

24 հոկտեմբերի, 2022  20:20

Հոկտեմբերի 25-ին նորալուսինը կանցնի Արեգակի և Երկրի միջով, ինչի արդյունքում տեղի կունենա Արեգակի մասնակի խավարում՝ վերջինն այս տարվա ընթացքում: Խավարումը հնարավոր կլինի դիտել նաև Հայաստանից։

Ինչպես հայտնում է Space.com-ը, արևի խավարումը տեսանելի կլինի Գրենլանդիայի արևելյան հատվածից և ամբողջ Իսլանդիայից, ինչպես նաև Եվրոպայի մեծ մասից (բացի Պորտուգալիայից և Իսպանիայի արևմտյան և հարավային մասերից), հյուսիսարևելյան Աֆրիկայից և արևմտյան ու կենտրոնական Ասիայի մեծ մասից: Եթե ​​դուք չեք ապրում այս շրջաններում, ապա խավարումը կարող եք դիտել առցանց։

Հայաստանում խավարման ամենաթեժ պահին Լուսինը կծածկի Արեգակի 55-57%-ը։ Խավարումը կսկսվի Երևանի ժամանակով 13:52-ին և իր գագաթնակետին կհասնի 15:11-ին: Ըստ նախնական կանխատեսումների՝ սպասվում է պարզ եղանակ։

Հիշեցնենք, որ առանց հատուկ պաշտպանիչ ֆիլտրի աստղադիտակով խավարմանը հետևել չի կարելի, այլապես լուրջ այրվածքներ կարող եք ստանալ։

Խավարման ամենամեծ փուլը՝ 86,2 տոկոս, կդիտվի Ռուսաստանի Նիժնևարտովսկ և Սուրգուտ քաղաքներում։

Արևելյան Եվրոպայի մեծ մասում, արևմտյան Ռուսաստանում, Ֆինլանդիայում և Շվեդիայի և Նորվեգիայի հյուսիսային մասերում, ինչպես նաև Հնդկաստանի, Լադակխ, Ջամմու և Քաշմիր շրջաններում, Լուսինը կփակի Արեգակի մոտ 60%-ը:

Արևելակենտրոնական Եվրոպայում, ներառյալ Դանիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Բալկաններում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Արևմտյան Հնդկաստանի մեծ մասում, խավարման ուժգնությունը կնվազի մինչև 40-60%:

Իսլանդիայում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, արևելյան Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Եգիպտոսի և Հնդկաստանի հարավ-արևմտյան շրջանների մեծ մասում, Լուսինը կծածկի Արեգակի 40%-ից քիչ մասը:

Արևմտյան Ֆրանսիայում, հյուսիս-արևելյան Իսպանիայում, Լիբիայում, Սուդանում, Եթովպիայում և Սոմալիում խավարումը կազդի Արեգակի տրամագծի 20%-ից պակաս հատվածի վրա:

Վալենսիայում, Իսպանիայում և Ալժիրում Լուսնի եզրը միայն մի փոքր կծածկի արեգակնային սկավառակը (ընդորում, խավարումը Մադրիդում անհնար կլինի տեսնել):

Պորտուգալիան եվրոպական միակ երկիրն է, որը խավարման տեսադաշտից դուրս գտնվող գոտում է:

Վաղվա խավարումը սարոսի շարքի 124-րդ խավարումն է (սա մոտավորապես 18,03 արևադարձային տարվա ժամանակային միջակայք է, որից հետո Լուսնի և Արեգակի խավարումները կրկնվում են մոտավորապես նույն հերթականությամբ)։ Հոկտեմբերի 25-ի խավարումը կրկնում է 2004 թ․ հոկտեմբերի 14-ի մասնակի խավարման սարոսը։ Այս սարոսի հաջորդ խավարումը սպասվում է 2040 թ․ նոյեմբերի 4-ին։

Նշենք նաև, որ նոյեմբերի 8-ին տեղի կունենա լուսնի ամբողջական խավարում, որը տեսանելի կլինի Հյուսիսային Ամերիկայից, ինչպես նաև Հարավային Ամերիկայի, Կենտրոնական և Արևելյան Ասիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի որոշ մասերից:

 


 
 
 
 
  • Արխիվ