Google-ն սկսում է ջնջել չօգտագործվող էլփոստերը. ի՞նչ անել, որպեսզի ձերը ևս չջնջվի

16 օգոստոսի, 2023  14:27

Google-ը սկսել է նամակներ ուղարկել Gmail փոստային ծառայության օգտատերերին՝ նախազգուշացնելով, որ առաջիկայում ջնջվելու են այն օգտահաշիվները, որոնք ակտիվ չեն եղել վերջին երկու տարվա ընթացքում։ Նոր կանոնը ուժի մեջ է մտնում 2023-ի դեկտեմբերի 1-ից։

Նախազգուշական հաղորդագրությունները ստացվում են [email protected] հասցեից: Նամակներում Google-ը հակիրճ բացատրում է նոր կանոնի ներդրման պատճառները։

NEWS.am Tech-ի խմբագրության ստացած նմանատիպ նամակում հաղորդվում է, որ այսուհետ Google օգտահաշվի համար ոչ ակտիվ շրջանի թույլատրելի ժամկետը կկազմի երկու տարի, իսկ 2023-ի դեկտեմբերից ոչ ակտիվ օգտահաշիվները կջնջվեն՝ իրենց ողջ բովանդակությամբ։

Google-ը նաև պարզաբանում է, որ այս կանոնը կտարածվի միայն այն օգտահաշիվների վրա, որոնք չեն օգտագործվել Google-ի ծառայություններ մուտք գործելու համար կամ դրանցում երկու տարի որևէ ակտիվություն չի գրանցվել։

Google-ի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ նախքան օգտահաշիվը ջնջելը նման օգտահաշվիներ ունեցողներին մի քանի նախազգուշական նամակներ կուղարկվեն ինչպես նրանց հիմնական, այնպես էլ պահեստային էլփոստի հասցեներին:

Ի՞նչ անել, որպեսզի ձեր Google օգտահաշիվը չջնջվի

Ձեր օգտահաշիվը կորցնելուց խուսափելու և այն ակտիվ պահելու համար բավական կլինի հաշվում առնվազն մեկ գործողություն կատարել երկու տարին մեկ անգամ։

Ինչպես նշվում է Google-ի ուղարկած նամակում, ձեր օգտահաշիվն ակտիվ պահելու ամենահեշտ ձևը առնվազն երկու տարին մեկ անգամ օգտահաշիվ մուտք գործելն է։ Եթե ​​վերջին երկու տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ մուտք եք գործել ձեր Google օգտահաշիվ, ապա այն համարվում է ակտիվ և չի ջնջվի:

Ձեր օգտահաշիվը ակտիվ պահելու այլ եղանակներից են՝

  • Էլփոստի ընթերցումը կամ ուղարկումը;
  • Google Drive-ի օգտագործումը;
  • YouTube-ում տեսանյութեր դիտելը;
  • Լուսանկարների փոխանակումը;
  • Հավելվածի ներբեռնումը;
  • Google-ի որոնման օգտագործումը;
  • Երրորդ կողմի հավելված կամ ծառայություն մուտք գործելու Google-ի տվյալ օգտահաշվի օգտագործումը։

Կան նաև որոշ բացառություններ, երբ օգտահաշիվները չեն ջնջվի, նույնիսկ եթե դրանցում որևէ ակտիվություն չկա։ Այդպիսի բացառություններից են՝

  • Google-ի օգտահաշիվ YouTube ալիքներով, որոնք ունեն տեսանյութեր կամ տեսանյութերի տակ մեկնաբանություններ;
  • Օգտահաշիվ, որն ունի նվեր քարտ՝ կանխիկի մնացորդով;
  • Օգտահաշիվ, որով հավելված է հրապարակվել, օրինակ՝ Google Play խանութում:

Այս քաղաքականության այլ բացառություններից կարող եք ծանոթանալ այստեղ։


 
 
 
 
  • Արխիվ