Ինչո՞ւ է համակարգիչների վաճառքը նվազում և ե՞րբ սպասել շուկայի վերականգնմանը

24 հոկտեմբերի, 2022  14:45

Վերջին ամիսներին Սեղանի անհատական համակարգիչների պահանջարկը զգալիորեն նվազել է և շարունակում է նվազել: Որոշ փորձագետների կարծիքով՝ այսօր համակարգիչների պահանջարկը ռեկորդային ցածր է՝ մոտավորապես անցյալ դարի 90-ականների կեսերի մակարդակին է հավասար։ Ավելին, փորձագետները մոտ ապագայի համար լավատեսական կանխատեսումների հիմքեր չունեն։ Առնվազն 2023 թ․ շուկայում տիրող իրավիճակը դժվար թե բարելավվի։

Տասնամյակի հակառեկորդ

Ըստ Gartner ընկերության տվյալների՝ անհատական ​​համակարգիչների համաշխարհային շուկայում (ներառյալ սեղանի անհատական համակարգիչները, նոթբուքները, նեթթոփները և այլ սարքեր) 2022 թ․ երրորդ եռամսյակում 2021 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ 19,5%-ի անկում է գրանցվել: Սա վերջին տասնամյակի ամենէական անկումն է, յուօրինակ հակառեկորդ այս ոլորտում։

Վաճառքը նվազել է բոլոր արտադրողների մոտ, սակայն HP-ն, ըստ երևույթին, ամենաշատն է տուժել՝ այս տարի վաճառելով 5 միլիոնով ավելի քիչ սեղանի անհատական համակարգիչներ, քան անցյալ տարի: Ընկերության հասույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 4,1%-ով՝ հասնելով 14,7 մլրդ դոլարի։

Նմանատիպ տվյալներ է տրամադրել նաև IDC ընկերությունը. նրանց փորձագետների կարծիքով՝ 2022 թ․ անհատական ​​համակարգիչների համաշխարհային շուկան կնվազի 12,8%-ով, իսկ այս տարվա համար համակարգիչների առաքումները կկազմեն 305,3 մլն միավոր։ Պլանշետային համակարգիչների մատակարարումների ծավալը, ըստ ընկերության, նույնպես կնվազի 6,8%-ով (մինչև 156,8 մլն միավոր)։

Անցած 10 տարիների ընթացքում սեղանի անհատական համակարգիչների շուկայում առավել էական անկում գրանցվել էր 2015 թ., այդ ժամանակ վաճառքը նվազել էր 10,4%-ով։ 2012-ից մինչև 2018 թ․ սեղանի անհատական համակարգիչների շուկայում տարեկան կտրվածքով վաճառքի աճ չի գրանցվել, սակայն 2019 թ․ IDC-ի մասնագետները նկատել են դրանց առաքումների աճ 2,7% մակարդակում։

Իսկ 2021 թ․ սեղանի անհատական համակարգիչների համաշխարհային շուկայում 15% աճ է գրանցվել, ինչը համարվում է վերջին 10 տարվա լավագույն արդյունքը։

Ռուսաստանում այս տարվա վեց ամիսներին անհատական ​​համակարգիչների վաճառքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20%-ով։ Marvel Distribution ընկերության մասնագետների տվյալներով՝ առաջին կիսամյակում Ռուսաստանում վաճառվել է ընդամենը 1,8 մլն օրինակ համակարգիչ, ինչը 20,3%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 

Ինչո՞ւ է համակարգիչների շուկայում անկում գրանցվում

Մասնագետները շուկայի անկումը պայմանավորում են մի քանի պատճառներով, որոնց թվում կարևոր տեղ են զբաղեցնում գնաճի մակարդակը, համաշխարհային տնտեսության թուլացումը և բարձր բազայի էֆեկտը։ Ըստ նրանց՝ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ մարդիկ հսկայական քանակությամբ սարքավորումներ են գնել, և այժմ նորը գնելու կարիք չկա։ Փորձագետները կանխատեսում են, որ նույն պատճառով պայմանավորված նաև սմարթֆոնների վաճառքի անկում կգրանցվի։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, ըստ «Վեդոմոստի» պարբերականի, առավել նկատելի է ամերիկյան արտադրող HP և Dell ընկերությունների մոդելների վաճառքի անկումը, որոնք նախկինում առաջատար էին ռուսական շուկայում։ Իրավիճակը փոխվեց ուկրաինական իրադարձություններից հետո. ուղղակի գնումների մի մասը ռուսաստանցիների համար դարձավ անհասանելի, զուգահեռ խնդիրներ առաջացան ներմուծման հետ կապված, հատկապես, որ որոշ տրանսպորտային ընկերություններ հրաժարվեցին համագործակցել Ռուսաստանի հետ։

2022 թ․ երկրորդ եռամսյակում սեղանի անհատական համակարգիչների համաշխարհային շուկայի անկմանը կարող էր նպաստել նաև այն, որ արտադրողները զանգվածային կերպով դուրս եկան ռուսական շուկայից։ Սակայն Ռուսաստանում վաճառքի ցածր ցուցանիշները, ամենայն հավանականությամբ, չեն ազդել երրորդ եռամսյակի արդյունքների վրա։

Ե՞րբ ակնկալել շուկայի վերականգնում

Շատ փորձագետների կարծիքով՝ շուկայի վերականգնում չի կարելի սպասել մինչև 2024 թ.։ 2023 թ. համակարգիչների և պլանշետների շուկան կշարունակի անկում ապրել՝ ընդհանուր 2,6%-ով։

Սակայն նաև 2024-ին չարժե մեծ փոփոխություններ սպասել։ Ըստ IDC-ի հետազոտության հարցերով փոխնախագահ Լին Հուանգի՝ համակարգիչների վաճառքը դժվար թե հասնի կորոնավիրուսային համաճարակի ժամանակաշրջանի մակարդակին: Նրա կանխատեսմամբ՝ 2022-2026 թթ. սեղանի անհատական համակարգիչների և պլանշետների շուկան միասին կաճի տարեկան 0,8%, ընդ որում վաճառքի լավագույն ցուցանիշը կգրանցեն ձեռնարկությունների և փոքր բիզնեսի համար նախատեսված սարքերը, իսկ վատագույն ցուցանիշը կգրանցեն կրթական նպատակներով և պետական ոլորտի համար նախատեսված ​​սարքերը:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ