Բյուջետային iPhone SE 4-ը ֆլագմաններին բնորոշ գործառույթներ և դիզայն կունենա

14 օգոստոսի, 2023  14:11

iPhone SE չորրորդ սերնդի բյուջետային սմարթֆոնը մի շարք նոր գործառույթներ կստանա, ներառյալ գործողության կոճակը, որը կունենա նաև iPhone 15 Pro-ն: Այս մասին հայտնում է MacRumors պորտալը՝ հղում անելով Unknownz21 հեղինակավոր ինսայդերին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ iPhone SE 4-ը պետք է լիներ ընկերության առաջին բյուջետային սմարթֆոնը՝ պատրաստված ժամանակակից սարքերի դիզայնով։ Նախորդ SE մոդելները կառուցված են iPhone 8-ի կորպուսի հիման վրա, և ակնկալվում էր, որ նոր սարքը կունենա iPhone Xr-ի կորպուս: Սակայն, ըստ նոր տեղեկությունների, նոր բյուջետային մոդելի համար հիմք կծառայի iPhone 14-ի կորպուսը։

Unknownz21 ինսայդերը հայտնել է, որ iPhone SE 4-ը կստանա նաև USB-C և Face ID սկաներ: Նա նաև հաստատել է, որ սմարթֆոնը կունենա հետևի մեկ տեսախցիկ և OLED էկրան։ Բացի դրանից, iPhone SE 4-ը կլինի Apple-ի առաջին սարքերից մեկը, որը կունենա սեփական արտադրության 5G մոդեմ:

Վերլուծաբան Մինգ-Չի Կուոն, որը գրեթե երբեք չի սխալվում Apple-ի մասին իր կանխատեսումներում, ավելի վաղ հայտնել էր, որ Apple-ը հնարավոր է ամբողջությամբ հրաժարվի iPhone SE շարքից, կամ էլ շատ երկար ժամանակով հետաձգի SE շարքի նոր սերնդի հեռախոսների թողարկումը։

Ըստ նրա՝ պատճառը ոչ միայն այս մոդելի երրորդ սերնդի հեռախոսների վատ վաճառքն է, այլ նաև ընդհանուր առմամբ 2022 թ․ iPhone-ի կատարողական համեմատաբար վատ ցուցանիշները, որոնք իրենց հերթին հանգեցրել էին iPhone 14-ի վաճառքի անկմանը։

iPhone SE 4-ի թողարկումը նախատեսված է 2025-ի գարնանից ոչ շուտ։ Սարքի մասին լրացուցիչ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։


 
 
 
 
  • Արխիվ