Էժան iPhone-ներ այլեւս չեն լինի. Apple-ը կարող է հրաժարվել մեծ տարածում ունեցող iPhone SE շարքից

22 դեկտեմբերի, 2022  19:52

Apple-ը հնարավոր է ամբողջությամբ հրաժարվի իր սմարթֆոնների ամենաէժան՝ iPhone SE շարքից, կամ էլ շատ երկար ժամանակով հետաձգի SE շարքի նոր սերնդի հեռախոսների թողարկումը։ Ինչպես տեղեկացնում է MacRumors-ը, նման կանխատեսում է արել վերլուծաբան Մինգ-Չի Կուոն, որը գրեթե երբեք չի սխալվում Apple-ի մասին իր կանխատեսումներում։

iPhone SE-ին ստիպված կլինենք հրաժեշտ տալ

Վերլուծաբանը (հենց նա է ժամանակին կանխատեսել երկրորդ սերնդի iPhone SE-ի թողարկումը դրա դեբյուտից վեց ամիս առաջ) նման սցենարի երկու հիմնական պատճառ է նշել․ առաջինն այն է, որ iPhone SE 2022-ի նկատմամբ գնորդները գրեթե զրոյական հետաքրքրություն ունեն, քանի որ դրանում ոչ մի նորարարություն չկա, թեև օրիգինալ iPhone SE-ն շատ պոպուլյար էր։ Երկրորդ պատճառը iPhone 14-ի և 14 Plus-ի վատ վաճառքն է:

iPhone SE-ն ավանդաբար Apple-ի ամենաէժան սմարթֆոնների շարքն է եղել: 2022 թ․ դեկտեմբերի դրությամբ ընկերությունը թողարկել է դրա երեք տարբերակ՝ 2016 թ․ առաջին տարբերակը, որը շատ մեծ տարածում գտավ, երկրորդ՝ ավելի ժամանակակիցը ընկերությունը թողարկել է 2020 թ․ և ամենավերջինը՝ 2022 թ․։

iPhone SE 2022 .jpg (63 KB)
iPhone SE 2022՝ 2017 թ․ դիզայնով

ԱՄՆ-ում նորագույն iPhone SE 2022-ը 64 ԳԲ ներքին հիշողությամբ արժե ընդամենը 429 դոլար: Համեմատության համար նշենք, որ նույն հիշողությամբ iPhone 14-ը գրեթե կրկնակի թանկ է` 799 դոլար: Նույնիսկ ավելի քան երկու տարվա հնության iPhone 12-ը Apple-ը վաճառում է 599 դոլարով:

Ի՞նչն այն չէ iPhone SE-ի հետ

Ի սկզբանե iPhone SE-ի գաղափարն այն էր, որ Apple-ը մտադիր էր ստեղծել կոմպակտ, բայց լավ ֆունկցիոնալությամբ սարք նրանց համար, ովքեր սիրում և գնահատում են դասական, այսօրվա չափանիշներով փոքր հեռախոսներ: Ընկերությանը հաջողվեց հասնել դրան․ 4 դյույմանոց էկրանով առաջին iPhone SE-ն վայելում էր օգտվողների մեծ հետաքրքրությունը և դեռ շատ ակտիվորեն վաճառվում է երկրորդային շուկայում աշխարհի շատ երկրներում, չնայած այն գրեթե յոթ տարեկան է:

iPhone SE-ի երկրորդ սերունդը, որը նաև հայտնի է որպես iPhone SE 2020, այլևս մեծ պահանջարկ չէր վայելում, քանի որ այն այլևս չուներ կոմպակտ սարքի «կախարդանքը». Էկրանի անկյունագիծն աճել էր մինչև 4,7 դյույմ: Եթե ​​առաջին iPhone SE-ն, ըստ էության, iPhone 5s էր՝ iPhone 6s-ի ֆունկցիաներով, ապա iPhone SE-ն ընդամենը մի փոքր ավելի մեծացված iPhone 8 է՝ iPhone 11-ի ֆունկցիոնալիությամբ:

iPhone SE 2020.jpg (86 KB)
Apple-ը երեք անգամ փորձել է սմարթֆոնը վաճառել նույն դիզայնով ՝ iPhone 8, SE 2020 և SE 2022։ Նկարում՝ iPhone SE 2020-ն է։

iPhone SE-ի երրորդ սերունդը, որը թողարկվել է 2022 թ․, օգտատերերի ճնշող մեծամասնության մոտ ոչ թե այն գնելու ցանկություն առաջացրեց, այլ հարուցեց նրանց տարակուսանքը առ այն, թե առհասարակ ինչու թողարկվեց այդ հեռախոսը։ Պարզվեց, որ դա կրկին վերափոխված iPhone 8 է, որը վերջերս դարձավ հինգ տարեկան, և որի դիզայնը վաղուց հնացել է։ Հավանաբար Apple-ն այդ ժամանակ փորձում էր դիմային վահանակի Home կոճակով գրավել հին հեռախոսների երկրպագուների ուշադրությունը, ինչը, սակայն, չստացվեց:

Խնդիրը միայն հեռախոսի մեջ չէ

Մինգ-Չի Կուոն կարծում է, որ չորրորդ սերնդի iPhone SE-ի հետաձգումը կամ նույնիսկ հնարավոր ամբողջական չեղարկումը պայմանավորված է ոչ միայն այս մոդելի երրորդ սերնդի վատ վաճառքով։ Նրա կարծիքով՝ ընդհանուր առմամբ պատճառը 2022 թ․ iPhone-ի կատարողական համեմատաբար վատ ցուցանիշներն են։

NEWS.am Tech-ն ավելի վաղ գրել էր, որ բազային iPhone 14-ը լիովին ձախողվել է վաճառքում, քանի որ այն նոր հեռախոս չէ։ Apple-ը վերցրել է անցյալ տարվա iPhone 13-ը, միայն մի փոքր փոխել դրա ֆունկցիոնալությունը, պահպանելով հին դիզայնը և փորձում է վաճառել այն նոր հեռախոսի քողի տակ։ Սակայն օգտատերերը շատ շուտով հասկացան ամեն ինչ, և iPhone 13 ունեցողները պարզապես իմաստ չէին տեսնում իրենց հեռախոսը նոր՝ iPhone 14-ով փոխարինելու մեջ։

iPhone SE 2016.jpg (41 KB)
iPhone SE 2016-ը՝ կուլտային սմարթֆոն

Վիճակը նույնն է նաև iPhone 14 Plus-ի դեպքում, որի միակ տարբերությունը iPhone 13-ի համամատ ավելի մեծ էկրանն է, ինչը բավարար չէր պոտենցիալ գնորդների համար։ Արդյունքում այն նույնպես շատ վատ է վաճառվում, ընդ որում, այնքան վատ, որ Apple-ը ստիպված եղավ հապճեպ կրճատել իր արտադրության ծավալները։

Այսպիսով, նոր iPhone 14 շարքից վաճառվում են միայն Pro և Pro Max տարբերակները, թեև ոչ բոլորն են պատրաստ գնել դրանք բարձր գնի պատճառով (Pro-ն արժե 999 դոլար, Pro Max-ը՝ 1099 դոլար):

Մոդելային շարքի օպտիմալացում

Այսպիսով՝ iPhone SE-ի շարքի հավանական «մահը» կարող է պայմանավորված լինել երկու գործոնով. առաջին՝ մոդելում նորամուծության և միայն տվյալ սարքին բնորոշ ֆունկցիաների բացակայությունը, որոնք կարող են գրավել գնորդին: Նախկինում ենթադրվում էր, որ iPhone SE 4-ը IPS-ի փոխարեն կստանա OLED էկրան, սակայն, նախ՝ OLED-ն ունի բազմաթիվ հակառակորդներ, ինչպես շատ կողմնակիցներ ունի IPS-ը, և երկրորդ՝ OLED էկրանով Apple-ը չի կարող որևէ մեկին զարմացնել, դրանք շատ տարածված են:

Երկրորդ գործոնը Apple-ի խիստ վերաբերմունքն է վատ վաճառվող սարքերի նկատմամբ։ Օրինակ, ընկերությունն անցյալում է թողել ձախողված iPhone 12 mini-ն և iPhone 13 mini-ն։ Դրանք արտադրելով՝ Apple-ն ակնկալում էր, որ մարդկանց կգրավի դրանց փոքր՝ 5,4 դյույմանոց էկրանը, սակայն դա տեղի չունեցավ, նաև այն պատճառով, որ երկու սմարթֆոնների մարտկոցներն էլ թույլ էին, և հեռախոսները չափազանց կարճ ժամանակ կարող էին աշխատել մեկ լիցքավորմամբ։

Ըստ երևույթին, նույն ճակատագրին կարող է արժանանալ iPhone SE շարքը, քանի որ Apple-ը դժվար թե դրա համար զոհաբերի բազային iPhone 14-ը և iPhone 14 Plus-ը։


 
 
 
 
  • Արխիվ