Արևը ռեկորդային մեծ քանակությամբ էներգիա է արտանետել. Մենք դեռ շատ բան չգիտենք մեր աստղի մասին

9 օգոստոսի, 2023  10:23

Գիտնականները կարծում էին, որ բավական շատ բան գիտեն Արեգակի մասին, եթե ոչ գրեթե ամեն ինչ: Բայց վերջերս մեր աստղը կարողացավ զարմացնել նրանց. այն ցույց տվեց աննախադեպ ուժ՝ արձակելով ռեկորդային թվով գամմա ճառագայթներ՝ էլեկտրամագնիսական սպեկտրի ամենաէներգետիկորեն հագեցած ալիքները: Այս մասնիկների էներգիան հասել է աննախադեպ մակարդակի՝ կազմելով մոտ 1 տրիլիոն էլեկտրոն-վոլտ։

Ինչպես պատմում է Space.com-ը, արեգակնային ճառագայթումը ուսումնասիրող հետազոտողները հայտնաբերել են գամմա ճառագայթների այս անհավանական պոռթկումը, որը դուրս է արեգակնային արտանետումների նորմալ սպեկտրից: Այս հայտնագործության համահեղինակ Մեեր Ուն Նիսան խոստովանել է.

«Մենք վերլուծեցինք վեց տարվա տվյալները և գտանք գամմա ճառագայթների այս ավելցուկային քանակությունը: Երբ մենք առաջին անգամ տեսանք տվյալները, մտածեցինք. «Մենք հաստատ ինչ-որ տեղ սխալվել ենք: Արևը չի կարող այդքան պայծառ լինել այս էներգիաների դեպքում»»:

Նախկինում գիտնականներն արդեն արձանագրել էին Արեգակից գամմա ճառագայթման դեպքեր, սակայն դրանք սովորաբար կապված են եղել արևի ինտենսիվ բռնկումների հետ: Սակայն նոր բացահայտումը բոլորովին այլ բացատրություն ունի:

Այս հայտնագործության մեջ առանցքային դեր է խաղացել Չերենկովյան ճառագայթային աստղադիտարանը, որը հայտնի է որպես Բարձր բարձրության ջրային Չերենկովյան աստղադիտարան (HAWC): Այն հատուկ նախագծված է բարձր էներգիայի գամմա ճառագայթների և տիեզերական ճառագայթների դիտարկման համար:

Չերենկովյան աստղադիտարանը 300 խոշոր ջրամբարների ցանց է, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է մոտ 200 տոննա մաքրված ջուր: Այս ջրամբարները գտնվում են Մեքսիկայի երկու հանգած հրաբուխների միջև՝ ծովի մակարդակից ավելի քան 3962 մետր բարձրության վրա։ Այսպես կոչված Չերենկովյան ճառագայթումը, որը ստացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկոս Պավել Չերենկովի անունը, առաջանում է, երբ լիցքավորված մասնիկները շարժվում են ջրի միջով որոշակի արագությամբ։

Արեգակի ներսում տեղի ունեցող ջերմամիջուկային գործընթացները նույնպես առաջացնում են բարձր էներգիայի ճառագայթում: Այնուամենայնիվ, այդ մասնիկները սովորաբար չեն հասնում Արեգակի մակերեսին կամ Երկրի վրա գտնվող դետեկտորներին: Արեգակնային ճառագայթման մեծ մասը բաղկացած է ինֆրակարմիր, ուլտրամանուշակագույն և տեսանելի ալիքներից։ Համեմատության համար նշենք, որ տեսանելի ալիքի էներգիան մոտ 1 էլեկտրոն վոլտ է, մինչդեռ գիտնականների կողմից հայտնաբերված գամմա ճառագայթներն արձակում են մոտ 1 տրիլիոն էլեկտրոն վոլտ:

Այս նոր դիտարկումները կարող են զգալիորեն հարստացնել արեգակնային ֆիզիկայի մասին մեր գիտելիքները: Ուսումնասիրությունն արդեն բազմաթիվ հարցեր է առաջացրել գամմա-ճառագայթների երևույթներում Արեգակի մագնիսական դաշտի դերի վերաբերյալ:


 
 
 
 
  • Արխիվ