Հերթական ցնցող լուսանկարը Ջեյմս Ուեբից. Օղակ միգամածության կենտրոնում կարելի է տեսնել սպիտակ գաճաճի արտանետած թաղանթի մնացորդները (ֆոտո, վիդեո)

7 օգոստոսի, 2023  22:25

Ջեյմս Ուեբ աստղադիտակը հերթական ցնցող լուսանկարն է արել. նրա օբյեկտիվում է հայտնվել դիտարկման համար ամենաուշագրավ օբյեկտներից մեկը՝ Օղակ մոլորակային միգամածությունը (Messier 57, M57)։ Դա խոշոր աստղի ճյուղավորված թաղանթն է, որը Արեգակին գերազանցում է չափով, եւ որը ավարտել է իր կենսուղին։ Երեւույթի սիրահարները կարող են հետեւել այդ օբյեկտին, չէ՞ որ այն  վառ, գունեղ եւ հետաքրքիր է։ Այն հետաքրքիր է նաեւ պրոֆեսիոնալների համար. դրա օրինակով նրանք կարող են ուսումնասիրել աստղերի էվոլյուցիայի վերջաբանը։

Օղակ միգամածության նոր պատկերը գրանցվել է NIRCam մերձավոր ինֆրակարմիր դիապազոնի խցիկի եւ նեղ շերտերով հատուկ զտիչների օգտագործմամբ։ Այս գրավիչ պատկերի կենտրոնում երեւում է սպիտակ գաճաճը՝ աստղի մնացորդը արտաքին թաղանթը արտանետելուց հետո նրա էվոլյուցիայի ավելի ուշ փուլերում։

Ring-Nebula.jpg (222 KB)

Գիտնականների խոսքով՝  այսպիսի ճակատագիր է սպասվում նաեւ մեր Արեգակին. հեռավոր ապագայում այն եւս կդառնա կարմիր հսկա վիթխարի փքված թաղանթով եւ ի վերջո կարտանետի այն։ Արտանետված գազը եւ նյութերը կտարածվեն ողջ Արեգակնային համակարգում եւ կսրբեն իրենց ճանապարհին հանդիպած ամեն ինչ, այդ թվում Երկրի մթնոլորտը։

Չնայած երեւույթը հիրավի ահարկու է, այն շատ գեղեցիկ է, հատկապես երբ այն տեսնում ես այնպիսի հանգամանալիությամբ, ինչպես ներկայացրել է Ջեյմս Ուեբ աստղադիտակը։ Նկարում երեւում են մրրիկներն ու կուտակումներն այն հատվածներում, որտեղ աստղի թաղանթը բախվում է տարածքի սառը գազերի հետ։

Աստղադիտակով ստացված պատկերով գիտնականները կարող են վերլուծել աստղի թաղանթի թռիչքի դինամիկան։ Բացի այդ, աստղադիտակի սարքերը կարող են կատարել նյութի սպեկտրալ վերլուծություն եւ հաշվի առնելով Օղակի միգամածության մերձությունը մեզ (մոտ 2 500 լուսային տարի, տիեզերական մասշտաբներով դա բավական մոտ է), գիտնականները կարողացել են որոշել թաղանթի կազմը, ներառյալ ածխածնի միացությամբ մոլեկուլների զարմանալի առատությունը։


 
 
 
 
  • Արխիվ