Euclid աստղադիտակն առաջին լուսանկարներն է արել. սարքում գտել են թերություն, որը կարող է ձախողել ողջ նախագիծը (լուսանկար)

1 օգոստոսի, 2023  18:17

Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) Euclid աստղադիտակը վերջերս առաջին փորձնական լուսանկարներն է արել: Սակայն գիտնականները աստղադիտակում հայտնաբերել են թերություն, որը կարող է հանգեցնել ամբողջ նախագծի ձախողմանը։

Տիեզերական այս աստղադիտակն արձակվել է մեկ ամիս առաջ՝ մութ նյութի և մութ էներգիայի հետքեր փնտրելու հիմնական առաքելությամբ։ Այնուամենայնիվ, սարքի արած առաջին պատկերները ցույց են տվել ոչ թե մի բան, որը կօգնի գիտնականներին ավելի լավ հասկանալ մութ նյութը, այլ թերություն՝ արևի լույս, որը կարող է լրջորեն խաթարել ապարատի աշխատանքը: Պարզվել է, որ աստղադիտակն արևի լույսն ստանում է կորպուսի մի փոքր բացվածքի պատճառով, որի միջոցով էլ կողային լույսը ներթափանցում է։

Euclid-image-1.jpg (503 KB)

Այդուհանդերձ, չնայած խնդրին, Euclid աստղադիտակը շարունակում է իր առաքելությունը։

Այս տարվա հուլիսի 1-ին SpaceX Falcon 9 հրթիռով տիեզերք արձակվելուց հետո սարքը հասել է Լագրանժի L2 կետ՝ Երկրից 1,5 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։ Սա էլ հենց դարձել է աստղադիտակի աշխատանքի հիմնական վայրը, այստեղ է այժմ գտնվում նաև James Webb աստղադիտակը:

Euclid-image-2.jpg (389 KB)

Euclid-ի գլխավոր խնդիրն է կազմել գալակտիկաների եռաչափ քարտեզ 10 միլիարդ լուսատարի խորության վրա։ Այն կորոշի ոչ միայն գալակտիկաների հեռավորությունը, այլև կուսումնասիրի դրանց ձևը, կազմը, արագությունը և շարժման վեկտորը: Euclid ծրագիրը նախատեսում է քարտեզագրել տիեզերքի 30%-ը։

Euclid-image-3.jpg (274 KB)

Սարքի արած առաջին փորձնական կադրերը ցույց են տվել, որ այն լավ է աշխատում՝ չնայած հայտնաբերված թերությանը։ Այնուամենայնիվ, առանց ներթափանցող կողային լույսի պատկերներ ստանալու համար աստղադիտակից կպահանջվի հատուկ դիրքավորում տիեզերքում, ինչը կարող է հանգեցնել դրա վառելիքի չափից ավելի սպառման և գիտական ​​ծրագրի տևողության կրճատման: Այնուամենայնիվ, գիտնականները կարծում են, որ նույնիսկ նման արդյունքն ավելի լավ է, քան առաքելության լիակատար ձախողումը։

Տիեզերքի այսպիսի մեծ տարածքում գալակտիկաների դիրքի, արագության, չափի և զանգվածի ճշգրիտ չափումները շատ ճշգրիտ տվյալներ կտան մութ նյութի և մութ էներգիայի բնութագրերի վերաբերյալ: Դրանցից առաջինը պատասխանատու է գալակտիկաների ձևավորման և ամրապնդման համար, իսկ երկրորդը՝ տիեզերքով դրանց շարժն արագացնելու համար։ Այս առաջադրանքները Euclid աստղադիտակը դարձնում են մութ նյութի իսկական որսորդ, չնայած այն հանգամանքին, որ անհնար է ուղղակիորեն տեսնել այն:

Ստացված առաջին պատկերները հաստատել են, որ աստղադիտակի սարքավորումները բարձր ներուժ ունեն։ Այն լուսանկարում է երկինքը լիալուսնի մոտ քառորդ մասի չափով: Մեկ լուսանկարն արվում է օպտիկական (տեսանելի) տիրույթում, իսկ մյուսը՝ մերձակա ինֆրակարմիր տիրույթում։ Օպտիկական տիրույթը թույլ է տալիս որոշել գալակտիկաների ձևը, իսկ ինֆրակարմիրը՝ դրանց բաղադրությունը և մինչև գալակտիկաներ ընկած հեռավորությունը:

Առաջիկա երկու ամիսների ընթացքում աստղադիտակը կանցնի գործիքների ճշգրտման և չափաբերման ընթացակարգ, և միայն դրանից հետո կսկսի լիարժեք գիտական ​​աշխատանքը։ Գիտնականների և ինժեներների թիմը հույս ունի, որ Euclid աստղադիտակը արժեքավոր և եզակի տվյալներ կբերի մեր տիեզերքի խորհրդավոր մութ նյութի և մութ էներգիայի վերաբերյալ:


 
 
 
 
  • Արխիվ