Ռուսական Caviar ապրանքանիշը, որը մասնագիտացած է շարժական հայտնի սարքերի շքեղ և փոփոխված տարբերակների արտադրության մեջ, ներկայացրել է իր նոր՝ Business Sharks («Բիզնեսի շնաձկներ») սահմանափակ թվով սարքերով շարքը։ Այս հավաքածուի շրջանակում կթողարկվեն Samsung Galaxy Z Fold5 Megalodon, Big Boss և Predator սմարթֆոնների տիտանային տարբերակները։
Samsung Galaxy Z Fold5 Megalodon-ի, Big Boss-ի և Predator-ի այս հատուկ տարբերակների հիմնական առանձնահատկությունը թեթև և դիմացկուն տիտանե կորպուսն է, որի մակերեսին լազերով ծովի ալիքների տեսքով նախշ է փորագրված:
Մեգալոդոնի տարբերակի վրա փորագրված է բոլոր ժամանակների ամենամեծ գիշատիչ շնաձուկը՝ մեգալոդոնը: Բացի դրանից, այս տարբերակի կորպուսը զարդարված է մեգալոդոնի ատամի կտորներով։ Samsung Galaxy Z Fold 5-ը Megalodon տարբերակով կթողարկվի ընդամենը 12 հատ։ Սարքը հասանելի կլինի 256 ԳԲ, 512 ԳԲ կամ 1 ՏԲ ներկառուցված հիշողությամբ։ 1 ՏԲ հիշողությամբ տարբերակն արժե $10,000:
Big Boss և Predator տարբերակները ևս ներկայացված են Երկրի վրա գոյություն ունեցող ամենամեծ գիշատիչ ձկան՝ մեծ սպիտակ շնաձկան տեսքով փորագրություն: Երկու տարբերակներն էլ կթողարկվեն ընդամենը 99 հատ քանակով։ Հաճախորդները կարող են նաև ընտրել 256 ԳԲ, 512 ԳԲ կամ 1 ՏԲ ներկառուցված հիշողությամբ մոդելներ: Predator տարբերակի գին սկսվում է 8910 դոլարից:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Caviar-ը ներկայացրել էր iPhone 14 Pro-ի երկու դիզայներական մոդել՝ The Great-ը և The Iconic-ը: The Great մոդելի գինը մոտ $25,000 էր:
Էլ ավելի թանկ էին ստացվել Samsung Galaxy S23 շարքի շքեղ մոդելները։ Դրանցից ամենաթանկը՝ ոսկե Samsung Galaxy S23 Ultra Pure Gold-ն արժեր մոտ 50,000 դոլար։
Ընկերության առաջարկած ամենաթանկ շքեղ մոդելներից մեկը iPhone-ն է՝ ներկառուցված Rolex Cosmograph Daytona ժամացույցով։ Այն արժե մոտ $123,000:
ամիս
շաբաթ
օր