Baldur's Gate 3-ը կթողարկվի շատ շուտով. ի՞նչ է հայտնի խաղի չափի և պահանջների մասին

1 օգոստոսի, 2023  10:20

Ֆենթեզի դերային ժանրի երկար սպասված Baldur's Gate 3 տեսախաղը օգոստոսի 3-ին դուրս կգա վաղաժամ հասանելիության ռեժիմից: Թողարկումից առաջ խաղի մշակող Larian Studios ընկերությունը գաղտնազերծել է որոշ հետաքրքրաշարժ մանրամասներ, ներառյալ խաղի վերջնական մշակման չափը և խաղի համար անհրաժեշտ պահանջները՝ 4K լուծաչափով 60 կադր/վրկ հաճախականություն։

Պարզվում է՝ խաղի ամբողջական տարբերակը 122 ԳԲ է։

Լավ նորություն Steam Deck ունեցողների համար. Baldur's Gate 3-ը կունենա այս հարթակի աջակցություն, և մշակողները նույնիսկ օպտիմալ կարգավորումներ են պատրաստել, այդ թվում՝ էկրանի առանձնացման ռեժիմի անջատում: Բացի դրանից, խոստանում են մինչև սեպտեմբերի 6-ը խաղում առաջընթացը պլատֆորմից պլատֆորմ փոխանցելու և AMD FidelityFX Super Resolution 2.0 տեխնոլոգիայի աջակցության հնարավորություն:

Եթե ​​նախատեսում եք խաղը վայելել 1440p լուծաչափով 60 կադր/վայրկյանում, ապա բավական է ունենալ «լավ» պրոցեսոր և GeForce RTX 3060 գրաֆիկական քարտ: Այնուամենայնիվ, առանց DLSS-ի օգտագործման գերազանց 4K խաղի փորձառության համար մշակողները խորհուրդ են տալիս օգտագործել NVIDIA-ի առաջատար գրաֆիկական քարտերը, ինչպիսիք են RTX 4080-ը, կամ RTX 4090, կամ նմանատիպ մոդելներ AMD-ից։

Larian Studios-ի թիմը նաև կիսվել է գեյմփլեյի որոշ մանրամասներով՝

  • Յուրահատուկ նախապատմություն ունեցող կերպարները կկարողանան ռոմանտիկ հարաբերությունների մեջ մտնել ոչ միայն խաղացողի, այլև ջոկատի մյուս հերոսների հետ,
  • Բազմախաղացող սեսիաներում գործընկերոջ հետ սիրավեպ ունենալ չի կարելի,
  • Խաղում հնարավոր կլինի դիտել երկխոսության պատմությունը,
  • Չորս մարդու համար նախատեսված բազմախաղացող սեսիաներում երկու մասնակիցների միջև երկխոսությունը կարելի է դարձնել մասնավոր,
  • Խաղացողները հնարավորություն կունենան վերաբաշխել հմտության միավորները ոչ միայն իրենց հերոսի, այլև նախապատմություն ունեցող դաշնակից կերպարների համար,
  • Խաղում կհայտնվի նաև իլիթիդների հմտության քողարկված ծառ:

Ի պատիվ խաղի թողարկման՝ Larian Studios-ը պատրաստվում է գովազդային արշավ իրականացնել Twitch հարթակում։ Օգոստոսի 3-17-ը գործընկեր Twitch Drops ալիքներով խաղի հեռարձակումը երկու ժամ դիտողները կպարգևատրվեն մի շարք ներխաղային իրերով։

Հիշեցնենք, որ 2020-ի հոկտեմբերից Baldur’s Gate 3-ը վաղ հասանելիության փուլում է գտնվում Steam-ում և GOG-ում, իսկ խաղի զարգացումն էլ ավելի երկար է տևել՝ 2017-ից: Այս պահին խաղի վաճառված օրինակների թիվը հասել է գրեթե 2 միլիոնի։ Baldur's Gate-ի բոլոր երկրպագուներն անհամբեր սպասում են խաղի ամբողջական թողարկմանը և նոր արկածների դերային այս գրավիչ խաղի աշխարհում: 


 
 
 
 
  • Արխիվ