Նոր վիրուսը վարակում է Call of Duty-ի բազմախաղացող ռեժիմից օգտվողների համակարգիչները

28 հուլիսի, 2023  22:18

Նոր վիրուսը վարակում է Call of Duty Modern Warfare 2 (2009) տեսախաղը բազմախաղացող ռեժիմում խաղացողների համակարգիչները: Այս վիրուսի պատճառով Activision-ը ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել խաղի այս ռեժիմը Steam հարթակում։

Ինչպես հայտնում է TechCrunch-ը՝ վկայակոչելով ընկերության անանուն աղբյուրին, հայտնաբերվածը «որդ» տեսակի վիրուս է, որը կարող է ինքնուրույն տարածվել և ներթափանցել է խաղացողների համակարգեր, որոնք միացել են խաղի այս ռեժիմին։ Սա նշանակում է, որ հաքերները հայտնաբերել և օգտագործել են խաղի խոցելիությունը՝ վարակված համակարգիչների վրա իրենց կոդը գործարկելու համար:

Խնդրի մասին առաջին նախազգուշացումը հայտնվեց հունիսի 26-ին, երբ Steam-ի օգտատերերից մեկը հայտնեց խաղի ֆորումի վրա հարձակման մասին։ Այնուհետև մեկ այլ խաղացող հաստատեց, որ հայտնաբերված կոդը նման է «որդի»: Շուտով Activision-ը հայտարարեց, որ «հետաքննում է խնդրի վերաբերյալ հաղորդումները» և որոշեց ժամանակավորապես անջատել խաղի բազմախաղացող ռեժիմը։ Հարձակման մասշտաբների և Activision-ի գործողությունների մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Call of Duty: Modern Warfare 2 տեսախաղը թողարկվել է 2009-ին, սակայն այն դեռ հայտնի է խաղացողների շրջանում: Ըստ SteamDB-ի տվյալների՝ վերջին 24 ժամվա ընթացքում խաղով հետաքրքրված է մոտ 650 մարդ։

Սա առաջին անգամը չէ, որ վնասակար ծրագրերը ներխուժում են համակարգիչներ տեսախաղերի միջոցով, սակայն նման ծրագրերը սովորաբար քողարկվում են որպես խաղեր տեղադրող ծրագրեր: Valve-ը, որը շահագործում է Steam հարթակը, դեռ չի մեկնաբանել այս միջադեպի առնչությամբ ստեղծված իրավիճակը:


 
 
 
 
  • Արխիվ