«Z սերունդը» և «Միլենիալները» ավելի անպատասխանատու են մոտենում կիբերանվտանգության խնդիրներին, քան ավագ գործընկերները

21 հոկտեմբերի, 2022  10:30

Կարող է թվալ, որ այսպես կոչված «Միլենիալները» (1981-1996-ը ծնվածները) և «Z սերնդի» ներկայացուցիչներն (1997-ից 2012-ականների ծնվածները) ավելի լավ են տիրապետում ժամանակակից տեխնոլոգիաներին, քան իրենց տարեց գործընկերները, և, հետևաբար, ավելի մեծ պատասխանատվությամբ և գրագիտությամբ կմոտենան կիբերանվտանգության խնդիրներին, հատկապես աշխատանքի մեջ: Ինչպես պարզվում է, դա ամենևին էլ այդպես չէ։

Ըստ Ernst & Young-ի կողմից անցկացված հարցման՝ իրենց աշխատավայրում կիբերանվտանգությունն ապահովելու հարցում երիտասարդ աշխատակիցներն իրականում ավելի անպատասխանատու են, քան հասուն և նույնիսկ տարեց գործընկերները:

Օրինակ, «Z սերունդը» և «Միլենիալները» շատ ավելի հաճախ են օգտագործում նույն գաղտնաբառը մասնագիտական ​​և անձնական հաշիվների համար, ինչպես նաև անտեսում  պահանջվող թարմացումները, քան իրենց ավագ գործընկերները։

Բայց միևնույն ժամանակ, երիտասարդ աշխատակիցներն ավելի պատասխանատու են իրենց սեփական գաջեթների, քան գրասենյակային սարքերի անվտանգության համար. դա խոստովանել է «Z սերնդի» ներկայացուցիչների 48%-ը և «Միլենիալների» 39%-ը:

2022 թ․ անցկացված «Կիբերանվտանգության ոլորտում մարդկային ռիսկը» խորագրով հարցումը պարզել է, որ.

  • ԱՄՆ-ում հարցված աշխատակիցների 83%-ը տեղյակ է գործատուների կիբերանվտանգության քաղաքականության մասին, սակայն «Z սերնդի» և «Միլենիալների» ներկայացուցիչները շատ ավելի քիչ են հետևում այդ կանոններին:

  • Տարբեր սերունդներ ներկայացնող աշխատողների 76%-ը կարծում է, որ բավականաչափ գիտելիքներ ունի կիբերանվտանգության մասին, սակայն երիտասարդ աշխատակիցները, որոնք մեծացել են համացանցի դարաշրջանում և իրենց կյանքի մեծ մասը շրջապատված են եղել կիբեր ռիսկերով, շատ ավելի հավանական է, որ անտեսեն ՏՏ պարտադիր թարմացումները (համեմատության համար՝ այս թարմացումներն անտեսում է «Z սերնդի» աշխատակիցների 58%-ը, «Միլենիալների» 42%-ը, «X սերնդի» 31%-ը (1965- 1980 թթ․ ծնվածները) և «Baby Boom» սերնդի (1946-1964 թթ․ ծնվածները) 15%-ը):

  • Երիտասարդ աշխատակիցներն ավելի հաճախ են օգտագործում նույն գաղտնաբառը իրենց մասնագիտական ​​և անձնական հաշիվների համար («Z սերունդ»՝ 30%, «Միլենիալներ»՝ 31%, «X սերունդ»՝ 22% և «Baby Boom» սերունդ՝ 15%):

  • Ավելի երիտասարդ աշխատակիցներն ավելի հավանական է, որ մշտապես կամ հաճախակի ընդունեն վեբ բրաուզերի cookie ֆայլերը իրենց աշխատանքային սարքերում («Z սերունդ»՝ 48%, «Միլենիալներ»՝ 43%, «X սերունդ»՝ 31% և «Baby Boom» սերունդ՝ ընդամենը 18%):

Ստացվում է, որ բոլոր առումներով «Baby Boom» սերնդի ներկայացուցիչները ամենաշատ պատասխանատվությամբ են մոտենում աշխատավայրում սարքերի կիբերանվտանգությանը։

Այս հարցման արդյունքները, փորձագետների կարծիքով, պետք է խրախուսեն ընկերության ղեկավարներին և ՏՏ ենթակառուցվածքների անվտանգության համար պատասխանատու աշխատակիցներին վերանայել կիբերանվտանգության վերաբերյալ իրենց մոտեցումները։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ