Առաջին սերնդի փակ տուփով iPhone-ը ռեկորդային գնով է վաճառվել

17 հուլիսի, 2023  16:02

Ամերիկյան LCG Auctions-ում 2007-ի արտադրության առաջին սերնդի օրիգինալ iPhone-ը (տուփը չբացված) վաճառվել է մինչ օրս ամենաբարձր գնով՝ $158,644-ով: Այս մասին հայտնում է չինական MyDrivers պարբերականը՝ նշելով, որ լոտի նախնական գինը եղել է $10,000։

Փակ տուփով օրիգինալ iPhone-ի վաճառքի այսպիսի բարձր գինը պայմանավորված է նրանով, որ այն հազվագյուտ նմուշ է և այն ունի ոչ թե 8 ԳԲ, այլ 4 ԳԲ  ներքին հիշողություն։ Ինչպես բացատրել է LCG Auctions-ի հիմնադիր Մարկ Մոնտերոն, առաջին 4 ԳԲ iPhone-ներն աճուրդներում մոտ 20%-ով ավելի հազվադեպ են հանդիպում, քան 8 ԳԲ ներկառուցված հիշողությամբ տարբերակները:

Ինչպես տեղեկացնում է MyDrivers-ը, 2007-ի 4 ԳԲ հզորությամբ iPhone-ներն այդքան հազվադեպ են դարձել, քանի որ Apple-ն արագ դադարեցրել է դրանց արտադրությունը։ Այդ որոշումը կայացվել է այն պատճառով, որ թողարկման ժամանակ գնորդների մեծ մասն ընտրել է 8 ԳԲ տարբերակը։

Տուփը չբացված օրիգինալ iPhone-ները ցանկացած պարագայում շատ արժեքավոր հավաքածուներ են, թեև, ըստ MyDrivers-ի, աճուրդում վաճառքի պահին որոշ սմարթֆոններ այլևս հնարավոր չէ միացնել և դրանք ընդհանրապես հնարավոր չէ օգտագործել։

Առաջին սերնդի փակ տուփով մեկ այլ iPhone այս տարվա փետրվարին աճուրդում վաճառվել էր 63 356 դոլարով, ևս մեկը անցած տարվա հոկտեմբերին վաճառվել էր մոտ 40,000 դոլարով։


 
 
 
 
  • Արխիվ