Ներկայացվել է մարդանման ռոբոտ Fourier GR-1-ը․ ինչի՞ համար է այն նախատեսված

14 հուլիսի, 2023  22:26

Չինական ռոբոտաշինական Fourier Intelligence ընկերությունը ներկայացրել է իր վերջին մշակումը՝ GR-1 մարդանման ռոբոտը, և հայտարարել, որ նախատեսում է մինչև 2023-ի վերջ 100 այդպիսի ռոբոտ ստեղծել։ Ընկերությունը հավաստիացրել է, որ դրանք կկարողանան իրենց մարմնի քաշին գրեթե հավասար բեռներ տեղափոխել:

GR-1 ռոբոտը նախագծվել է 2019-ին։ Մշակողներն այն անվանում են ունիվերսալ ռոբոտ: Վերականգնողական բաժանմունքներում այն կարող է օգնել հիվանդների խնամքի և ֆիզիոթերապիայի հարցերում: Ռոբոտի կորպուսի մանուշակագույն մասերը պատրաստված են բռնակների տեսքով, որոնցից հիվանդները կարող են բռնվել։

newatlas-brightspot.s3.amazonaws (1)_large.png (424 KB)

165 սմ բարձրությամբ և 55 կգ քաշով GR-1-ը կկարողանա քայլել մոտ 5 կմ/ժ առավելագույն արագությամբ։ Դրա հոդերը, ինչպես Tesla ռոբոտների դեպքում, էլեկտրական կարգավորիչների օգնությամբ կապահովեն 40 աստիճան ազատություն՝ ի տարբերություն Boston Dynamics-ի Atlas ռոբոտի հիդրավլիկ համակարգերի։ Ամենահզոր շարժիչը կկարողանա մինչև 300 Նմ պտտման արագություն ստեղծել։

Ուշագրավ է, որ Atlas ռոբոտը կարող է տեղափոխել մինչև 11 կգ բեռ, մինչդեռ Fourier Intelligence-ը պնդում է, որ GR-1-ը կկարողանա տեղափոխել մինչև 50 կգ բեռներ:

«GR-1-ը կարող է լինել խնամող, թերապիայի օգնական, տան ուղեկից տարեցների համար, որոնք մենակ են մնացել,- ասել է ընկերության գործադիր տնօրեն և համահիմնադիր Զեն Կոխը,-Համակարգն ինքնին կարող է ապահովել ինքնահավասարակշռում քայլելիս և կատարել տարբեր առաջադրանքներ։ Մենք կարող ենք ծրագրավորել այն այնպես, որ նստի, կանգնի և ցատկի: Դուք կարող եք ծրագրավորել դրա ձեռքերը, որպեսզի դրանք վերցնեն սպասք և գործիքներ և կատարեն տարբեր առաջադրանքներ»:

Վերոնշյալ 100 ռոբոտները հիմնականում կուղարկվեն R&D լաբորատորիաներ, որտեղ տարբեր ռոբոտաշինության տարբեր մասնագետներ կփորձարկեն 100 տարբեր եղանակներ այս ռոբոտներն ավելի լավը, խելացի և ավելի հարմար դարձնելու համար, որպեսզի դրանք օգտակար լինեն մարդուն։ 


 
 
 
 
  • Արխիվ