Գաղտնաբառերի 65%-ը հնարավոր է կոտրել ընդամենը մեկ րոպեում. օգտագործո՞ւմ եք արդյոք նման գաղտնաբառ

13 հուլիսի, 2023  22:24

Համացանցից օգտվողների գաղտնաբառերի մոտ 65%-ը բաղկացած է 6-8 թվերից կամ թվերից և փոքրատառ տառերից. այդպիսի գաղտնաբառերը ավտոմատ ընտրության համակարգերի միջոցով կարելի է կոտրել մեկ րոպեում: Այս մասին ասվում է տեղեկատվական անվտանգության ծառայությունների ոլորտում մասնագիտացած RTM Group ընկերության նոր ուսումնասիրությունում։

Ընկերության մասնագետները վերլուծել են մոտ 50 միլիոն զույգ մուտքաբառեր և գաղտնաբառեր, որոնք արտահոսել են ցանց կամ վաճառվել Darknet-ում 2022-ի հունվարից մինչև 2023-ի մայիսը։ Նրանց հիմնական նպատակն է եղել գնահատել, թե որքան հուսալի գաղտնաբառեր են կիրառում փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, ինչպես նաև սովորական օգտատերերը։

Ամենից հաճախ ամենաթույլ գաղտնաբառերն օգտագործում են «սովորական» օգտատերերը․ մոտ 65% դեպքերում նրանց գաղտնաբառերը հնարավոր է կոտրել ընդամենը մեկ րոպեում։ Մի փոքր ավելի հազվադեպ՝ մոտ 50%-ի դեպքերում, նման պարզ գաղտնաբառեր օգտագործում են փոքր բիզնեսների ներկայացուցիչները։ Մնացած 50%-ը միևնույն ժամանակ օգտագործում է ավելի բարդ համակցություններ՝ բաղկացած 8 թվերից, փոքրատառերից և մեծատառերից։ Ճիշտ է, RTM Group-ի տվյալներով, ժամանակակից ավտոմատ ընտրության համակարգերից, որոնք կարող են վայրկյանում ստուգել մինչև 300 միլիարդ համակցություն, նույնիսկ այդպիսի գաղտնաբառերը գուշակելու համար ընդամենը մի քանի րոպե է պահանջվում:

Հետաքրքիր է, որ ավելի մեծ ընկերությունները սովորաբար օգտագործում են ավելի բարդ գաղտնաբառեր: Ամենաուժեղ գաղտնաբառերը հանդիպել են խոշոր բիզնեսներ ներկայացնող ընկերությունների աշխատակիցների շրջանում։ Նման գաղտնաբառերը բաղկացած են առնվազն 12 նիշից, որոնց մեծ մասը հատուկ սիմվոլներ են, ինչպիսիք են փակագծերը, տոկոսները, արժույթների նշանները և այլն:

Փորձագետների խոսքով՝ գաղտաբառերը կոտրելու համար կիրառվող վիդեո քարտերի հզորությունների աճը ազդում է առաջադրանքի կատարման արագության բարձրացման վրա։ Մի քանի տարի առաջ ապահով էր համարվում ութանիշ գաղտնաբառը, որը բաղկացած է տարբեր թվերից և տառերից։ Այժմ նման գաղտնաբառերը կոտրվում են հաշված ժամերի ընթացքում։ Այսօր ամենահուսալի են այն գաղտնաբառերը, որոնք բաղկացած են 16 նիշ համակցությունից, ներառյալ հատուկ նիշերը: Ժամանակակից վիդեոքարտերի համար նման գաղտնաբառ գուշակելու համար կպահանջվի մոտ 50 միլիարդ տարի։

Հիշեցնենք, որ արհեստական բանականության PassGAN մոդելը 51% դեպքերում կարող է գաղտնաբառը կոտրել մեկ րոպեից պակաս, 65% դեպքերում՝ 60 րոպեից պակաս ժամանակում, իսկ 71% դեպքերում՝ ընդամենը 1 օրում։ Իսկ գաղտնաբառերի 81%-ը այն կարող է կոտրել մեկ ամսվա ընթացքում։

Իր հերթին, NordPass-ը և դրա հետ համագործակցող հետազոտողները մշակել են ավելի քան 3 ՏԲ տվյալներ և հայտնաբերել 200 ամենահայտնի գաղտնաբառերը: Տարօրինակ կերպով, այս ցուցակում ավելի քան մեկ տասնամյակ հանդիպում են այնպիսի գաղտնաբառեր, ինչպիսիք են «123456», «guest», «qwerty», «abc123» և այլն: Փորձագետների խոսքով՝ ցուցակի գաղտնաբառերի 83%-ը հնարավոր է կոտրել մեկ վայրկյանից էլ քիչ ժամանակում։ Եթե ​դեռ օգտագործում եք նման գաղտնաբառեր, խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ փոխել դրանք:

 


 
 
 
 
  • Արխիվ