Բյուրականի աստղադիտարանի 8 աշխատակից մասնակցել է Եվրոպական աստղագիտական ընկերության համագումարին

13 հուլիսի, 2023  11:30

Այս օրերին Լեհաստանի Կրակով քաղաքում ընթանում է Եվրոպական աստղագիտական ընկերության տարեկան համագումարը (ԵԱԸ, նախկինում՝ EWASS)։ Հունիսի 10-14-ն տեղի ունեցող համագումարն ունի հագեցած ծրագիր՝ 13 գիտաժողով, 41 հատուկ նստաշրջան և 17 լանչ-նիստ։

Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ համագումարը շատ լավ հնարավորություն է այլ աստղադիտարանների, աստղագիտական ինստիտուտների և համալսարանների գործընկերների հետ հանդիպելու և համագործակցություններ սկսելու համար։

Մասնակիցների թվում են նաև Բյուրականի աստղադիտարանի 8 աշխատակիցներ՝ ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, գիտաշխատողներ Հայկ Աբրահամյանը, Հասմիկ Անդրեասյանը և Գոռ Միքայելյանը, կրտսեր գիտաշխատող Անահիտ Սամսոնյանը, ավագ լաբորանտ Լիանա Համբարձումյանը, ԲԱ հանրային կապերի բաժնի ղեկավար Գայանե Բալեյանը և ԲԱ մամուլի քարտուղար Մելինե Ասրյանը։

Արեգ Միքայելյանը և Անահիտ Սամսոնյանը ներկայացրել են զեկուցումներ, իսկ մյուսները՝ գիտապաստառներ։ ԲԱ աշխատակիցների այսպիսի ակտիվ մասնակցությունը միջազգային կապերի և արդյունավետ գիտական աշխատանքի վկայություն է։

ԵԱԸ-ն յուրաքանչյուր տարի համագումար է անցկացնում եվրոպական երկրներից որևէ մեկում՝ համատեղելով այն տվյալ երկրի աստղագիտական ընկերության տարեկան համաժողովի հետ։ Նշենք, որ Եվրոպական աստղագիտական ընկերությունը (ԵԱԸ/EAS) հիմնադրվել է 1990թ-ին և ներկայումս միավորում է 32 ազգային աստղագիտական ընկերություն, այդ թվում Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ/ArAS)։ ՀԱԸ կազմակերպել է ԵԱԸ համագումարը 2007 թվականին Երևանում։


 
 
 
 
  • Արխիվ