Չինական ընկերությունն աշխարհում 1-ին անգամ մեթանաթթվածնային վառելիքով գործող հրթիռ է դուրս բերել արևասինքրոն ուղեծիր

12 հուլիսի, 2023  10:30

Չինական LandSpace ավիատիեզերական մասնավոր ընկերությունն աշխարհում առաջին անգամ մեթանաթթվածնային վառելիքով հրթիռ է դուրս բերել տիեզերք՝ այս ոլորտում համաշխարհային մրցավազքում առաջ անցնելով ամերիկյան SpaceX-ից։ Zhuque-2 հրթիռը հաջողությամբ տիեզերք է արձակվել Գոբի անապատում գտնվող տիեզերակայանից։

Տիեզերանավը հաջողությամբ փորձնական բեռը հասցրել է արևասինքրոն ուղեծիր, ինչը մեթանով և հեղուկ թթվածնային վառելիքով աշխատող հրթիռի համար նման մակարդակի առաջին ձեռքբերումն է աշխարհում:

Այս տարվա սկզբին նման վառելիքով աշխատող հրթիռներ տիեզերք դուրս բերելու երկու անհաջող փորձ են արել ամերիկյան Relativity Space ընկերության Terran 1 և SpaceX ընկերության Starship հրթիռները: Հայտնի է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին LandSpace-ը նման մի փորձ արդեն արել էր, սակայն այն նույնպես ավարտվել էր անհաջողությամբ, ըստ Bloomberg-ի՝ երկրորդ փուլի լրացուցիչ շարժիչի խափանման պատճառով:

Նշենք, որ համաշխարհային տիեզերագնացությունն այսօր գնում է մեթանային տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ՝ դրանց պոտենցիալ բարձր արդյունավետության և ցածր գնի պատճառով: Բացի դրանից, նման տարբերակները օպտիմալ կերպով պիտանի են բազմակի օգտագործման համար՝ վառելիքի ցածր թունավորության շնորհիվ: Zhuque-2-ի հաջող արձակումը չինական օդատիեզերական մասնավոր ընկերությունների հերթական ձեռքբերումն է։

Zhuque-2-ը հեղուկ վառելիքով աշխատող երկաստիճան հրթիռ է, որի բարձրությունը 49,5 մ է, տրամագիծը՝ 3,35 մ։ Այն կարող է Երկրի ցածր ուղեծիր հասցնել 6 տոննա, իսկ արևասինքրոն ուղեծիր՝ 4 տոննա օգտակար բեռ։

Tianque-12 (TQ-12) առաջին փուլի հեղուկ մեթանի շարժիչն ապահովում է 268 տոննա մղում, երկրորդ փուլում օգտագործվում են Tianque-12 և Tianque-11 շարժիչներ, վերջինս ունի օժանդակ նշանակություն ուղղությունը և արագությունը կարգավորելու համար։ TQ-12-ի մշակումը սկսվել է 2019-ի հուլիսին, և գործունակ տարբերակ ստեղծելու համար պահանջվել է չորս տարի։ 


 
 
 
 
  • Արխիվ