Ինչպե՞ս կարող են չարագործները iPhone հեռախոսները վիրուսներով վարակել

19 հունիսի, 2023  14:15

Անցանկալի կամ վնասակար ֆայլեր մարդկանց սարքեր ուղարկելու համար հարձակվողները կարող են օգտագործել տվյալների անլար փոխանցման տեխնոլոգիաներ, ինչպիսիք են Apple AirDrop-ը: Այս մասին զգուշացնում է MegaFon-ում խարդախության դեպքերի հետաքննության հարցերով ավագ փորձագետ Բորիս Լոպատինը։

RIA Novosti-ի հետ զրույցում մասնագետը խորհուրդ է տվել հանրային վայրերում Apple սարքերի միջև տվյալների փոխանակման համար չօգտագործել AirDrop ֆունկցիան։ Սակայն, այդուհանդերձ, օգտագործելու դեպքում ցանկալի է սարքի վրա միացնել «Միայն կոնտակտների համար» տարբերակը՝ այլ սարքերի AirDrop գործառույթի հասանելիությունը սահմանափակելու համար:

Սարքն անվտանգ պահելու համար խորհուրդ է տրվում նաև անջատել Wi-Fi-ին ավտոմատ միանալու հնարավորությունը, որպեսզի ձեր սմարթֆոնը չմիանա անապահով ցանցերին, որոնք կարող են կառավարվել չարագործների կողմից: Ավելին, մասնագետը խորհուրդ է տալիս չկատարել ֆինանսական գործարքներ և չմտնել սոցիալական ցանցերի օգտահաշիվներ, եթե  հեռախոսը միացված է հանրային Wi-Fi կետերին, հատկապես եթե դրանց միանալու համար գաղտնաբառ անհրաժեշտ չէ։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում օգտվել սարքի բջջային կամ տան համացանցից, հակառակ դեպքում գաղտնի տեղեկատվության արտահոսքի վտանգ կա։

Փորձագետի խոսքով՝ ավելի անվտանգ է միանալ ծածկագիր պահանջող Wi-Fi կետերին, որոնք ունեն WPA/WPA2 կոդավորման մեխանիզմներ՝ օգտատերերի տվյալները պաշտպանելու համար։ Նա նաև խորհուրդ է տվել այցելել միայն այն կայքեր, որոնք ունեն թվային անվտանգության HTTPS վկայագիր. սա հայտնի ստանդարտ է բոլոր այն կայքերի համար, որոնք ապահով կապ ունեն։

Հարկ է նշել, որ չարամիտ ծրագրով վարակվելու վտանգը վերաբերում է ոչ միայն iPhone-ներին, այլ նաև Android սմարթֆոններին, որոնք ևս կարող են անլար կապուղու միջոցով ֆայլեր ստանալ, այդ թվում՝ ոչ անվտանգ։


 
 
 
 
  • Արխիվ