Հայտնաբերվել է Ծիր Կաթինի ամենաարագընթաց աստղը․ որքան է դրա արագությունը

15 հունիսի, 2023  18:35

Եվրոպական Gaia արբանյակի օգնությամբ աստղագետները հայտնաբերել են չորս այսպես կոչված «փախչող» աստղ, որոնցից երկուսի արագությունը ռեկորդային է, իսկ դրանցից մեկը այս պահին մարդկությանը հայտնի ամենաարագ ընթացող աստղն է․ եթե J1235-ն ընթանում է 1694 կմ վայրկյան արագությամբ, ապա J0927-ն ընթանում է գալակտիկականից չորս անգամ բարձր արագությամբ՝ վայրկյանում 2285 կմ արագությամբ։

Ինչպես տեղեկացնում է Sciencealert-ը, նման աստղեր մեր գալակտիկայում առաջին անգամ հայտնաբերվել են մոտ 20 տարի առաջ։ Ըստ գիտնականների՝ նման արագությունն այդ աստղերին վաղ թե ուշ կստիպի հեռանալ գալակտիկայից: Առ այսօր աստղագետները հայտնաբերել են ևս մի քանի նման աստղեր և դեռ շարունակում են գտնել նորերը։

Այսօր գերիշխող տեսությունն այն է, որ այս աստղերն առաջանում են սպիտակ գաճաճ աստղի (գերնոր Ia-ի դաս է) ջերմամիջուկային պայթյունից հետո: Սովորական գերնոր աստղերն առաջանում են ավելի զանգվածային աստղերի փլուզումից հետո` դրանց էվոլյուցիայի վերջում, մինչդեռ Ia տիպի գերնոր աստղերը հայտնվում են սպիտակ գաճաճի կողմից կրիտիկական զանգվածի կուտակումից հետո։

Սպիտակ գաճաճ աստղն այդ զանգվածը գողանում է երկակի համակարգի իր մյուս գործընկերոջից: Եթե ​​դա թեթև ջրածին է, ապա տեղի է ունենում սովորական ջերմամիջուկային պայթյուն, բայց եթե համակարգի երկրորդ աստղը նույն սպիտակ գաճաճն է, ապա դրանից կարելի է ստանալ հիմնականում ավելի ծանր հելիում, և այնուհետև տեղի է ունենում ջերմամիջուկային կրկնակի պայթյուն։ Նախ, թաղանթում տեղի է ունենում ջերմամիջուկային ռեակցիա, իսկ հետո տեղի է ունենում աստղի միջուկի երկրորդական պայթյուն (այս գործընթացը կոչվում է Dynamically Driven Double-Degenerate Double-Detonation կամ D6):

Ենթադրվում է, որ «փախչող» աստղերը սպիտակ գաճաճների կրկնակի պայթյունի արդյունք են: Ջերմամիջուկային կրկնակի պայթյունը զույգի երկրորդ աստղին տալիս է բավականաչափ արագացում, որպեսզի ի վերջո այն դուրս գա գալակտիկայից: Ենթադրվում էր, որ Ծիր Կաթին գալակտիկայում կա մոտ 1000 այդպիսի աստղ։ Դրանց մի մասը գուցե թափառել է այլ գալակտիկաներում, քանի որ դրանց արագությունը դա թույլ է տալիս: Սակայն դժվար է ճշգրիտ որոշել միջաստղային տարածությունում թափառող աստղերի թիվը։

Նոր հայտնաբերված աստղերը, հաշվի առնելով նախկինում հայտնաբերվածները, հնարավորություն են տվել կատարելագործել նման օբյեկտների ի գալու մոդելը և էլ ավելի ամրապնդել դրանց կապը Ia տիպի գերնոր աստղերի հետ, ինչն իր հերթին թույլ է տվել նորովի հաշվարկել նման աստղերի ծնվելու արագությունը։

Պարզվել է, որ դրանց ի հայտ գալու արագությունը լավ համաձայնեցված է Ia տիպի գերնոր աստղերի ի հայտ գալու արագության հետ։ Քանի որ այս տիպի գերնոր աստղերը հստակ տեսանելի են աստղադիտակներում և, ավելին, դրանք «ստանդարտ փարոսներ» են գալակտիկայում հեռավորությունները որոշելու համար, հնարավոր է հաշվարկել, թե մեր գալակտիկայում քանի նման աստղ կա, որոնք ընթանում են խելագար արագությամբ:

Հաշվարկները ցույց են տալիս, որ այսպիսի միլիոնավոր աստղ կարող են լինել, պարզապես դրանց մի զգալի մասը թույլ լուսատուներ են և դեռ չեն հայտնաբերվել։ Այս ֆոնին մտավախություն կա, որ դեռ չբացահայտված այս աստղերից մեկը կարող է հանկարծակի հայտնվել Արեգակնային համակարգի ճանապարհին՝ Երկրի և մարդկության համար շատ տհաճ հետևանքներով։

Հետազոտությունը ներկայացված է Open Journal of Astrophysics ամսագրում և հասանելի է arXiv կայքում։


 
 
 
 
  • Արխիվ