Meta-ն կներկայացնի «մարդու նման» սովորող ԱԲ մոդել, որն ունակ է տրամաբանել պատկերներ ստեղծելիս

14 հունիսի, 2023  20:05

Meta Platforms-ը հայտարարել է, որ շուտով հետազոտողներին հասանելիություն կտրամադրի արհեստական բանականության (ԱԲ) նոր՝ «մարդու նման» սովորող մոդելի բաղադրիչներին, որը կկարողանա վերլուծել և ավարտին հասցնել անավարտ պատկերների շատ ավելի արդյունավետ, քան գոյություն ունեցող մյուս մոդելները:

Պատկերների բացակայող հատվածները լրացնելու համար I-JEPA մոդելն օգտագործում է նաև մեր աշխարհի մասին հավաքած գիտելիքները և ոչ թե կենտրոնանում միայն հարակից պիքսելների վրա, ինչպես անում են ժամանակակից գեներատիվ մոդելները։ Հաղորդվում է, որ մոտեցումը ինչ-որ չափով հիշեցնում է մարդկային բանականությունը․ այն օգնում է խուսափել սխալներից, որոնք հատուկ են արհեստական բանականությանը, օրինակ՝ մեկ ձեռքին հինգից ավելի մատերով մարդկանց պատկերների ստեղծումը։

Meta-ն, որին են պատկանում նաև Facebook-ն ու Instagram-ը, ակտիվորեն հրապարակում է ԱԲ ոլորտում սեփական հետազոտությունները՝ բաց կոդով։ Ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի խոսքով՝ Meta-ի հետազոտողների մշակած մոդելների փոխանակումը ընկերությանը կօգնի խթանել նորարարությունը, նվազեցնել ծախսերը և բացահայտել անվտանգության բացերը։

Ապրիլին ելույթ ունենալով ներդրողների հետ հանդիպմանը՝ Ցուկերբերգն ասել է, որ ընկերության համար շատ ավելի լավ կլիներ, եթե ոլորտում ստանդարտացվեին Meta-ի օգտագործած հիմնական գործիքները, որպեսզի ընկերությունը կարողանա օգուտ քաղել մյուսների կատարած բարելավումներից:

Հայտնի է նաև, որ Meta-ն սկսում է ինտեգրել գեներատիվ արհեստական բանականության ֆունկցիաներն օգտատերերի համար ստեղծված արտադրանքներում, ինչպիսիք են գովազդային գործիքները, որոնք կարող են ֆոն ստեղծել պատկերների համար կամ Instagram-ի համար գործիքներ, որոնց միջոցով հնարավոր է խմբագրել օգտատերերի լուսանկարները տեքստային հարցումների հիման վրա:

Օրերս Meta-ն նաև ներկայացրել է գեներատիվ արհեստական բանականության նոր մոդել՝ MusicGen-ը, որը երաժշտություն է ստեղծում տեքստային նկարագրության հիման վրա։


 
 
 
 
  • Արխիվ