Նոր ՕՀ և ֆունկցիաներ, գերհզոր պրոցեսոր, նոութբուք և համակարգիչ․ ի՞նչ նորույթներ է Apple-ն առաջարկել սպառողներին

6 հունիսի, 2023  16:06

Apple ընկերությունը երեկ տեղի ունեցած WWDC միջոցառման ժամանակ մի շարք նորություններ է ներկայացրել իր սպառողներին, այդ թվում՝ iOS 17 օպերացիոն համակարգը, PC համակարգիչների MacOS Sonoma օպերացիոն համակարգի վերջին տարբերակը, StandBy ֆունկցիան, 24 միջուկային M2 Ultra PC համակարգիչների համար նախատեսված պրոցեսորը, Mac Studio մինի համակարգիչը՝ M2 Ultra և M2 Max պրոցեսորներով և 15 դյույմանոց MacBook Air-ը՝ M2 պրոցեսորով։ Apple-ի խառը իրականության Vision Pro սարքի մասին կարող եք կարդալ այստեղ։ 

iOS 17 օպերացիոն համակարգ

Apple WWDC միջոցառման ժամանակ ընկերությունը հատյարարել է նոր օպերացիոն համակարգի՝ iOS 17-ի մասին, որում մի շարք նոր ֆունկցիաներ կան։ FaceTime-ում այժմ կարելի է տեսահաղորդագրություն թողնել մեկին, ում հետ չեք կարող կապ հաստատել: Ավելացել է ձայնային փոստից առցանց հաղորդագրությունների վերծանման գործառույթ։ iMessage-ում ավելացել են ֆիլտրեր՝ հաղորդագրություններ գտնելն ավելի հեշտացնելու համար:

AirDrop-ում ավելացել է NameDrop ֆունկցիա, որը թույլ է տալիս փոխանցել նախապես ընտրված հեռախոսահամարը կամ էլփոստի հասցեն՝ պարզապես մի iPhone-ը մյուսին մոտեցնելով: Այս ֆունկցիան աշխատում է iPhone-ի և Apple Watch-ի միջև տեղեկություն փոխանցելիս, այն կարող է օգտագործվել նաև լուսանկարներով կիսվելու համար:

iOS 17.jpg (225 KB)

Որոշ փոփոխություններ վերաբերում են ստեղնաշարին: Տեքստի մուտքագրման ալգորիթմն այժմ օգտագործում է լեզվական նոր մոդել՝ նախադասությունների որակը բարելավելու համար: Բացի դրանից, օգտատերերի համար ավելի հեշտ կլինի վերադառնալ սկզբնական բառին, եթե ալգորիթմը սխալ է փոխարինել գրված բառը։

iOS 17-ում ավելացել է նաև Journal հավելվածը, որն անձնական օրագիր է։ Այստեղ հնարավոր է մուտքագրել ոչ միայն տեքստ, այլև լուսանկարներ, երաժշտություն և այլն: Siri ձայնային օգնականի հետ շփվելու համար այժմ բավական է ասել նրա անունը, մինչդեռ նախկինում պահանջվում էր ասել՝ «Hey, Siri»: Ինչպես նախկինում, iOS 17-ի կայուն տարբերակը կթողարկվի աշնանը։

macOS Sonoma

Apple-ը ներկայացրել է նաև macOS Sonoma-n՝ իր PC աշխատասեղանի օպերացիոն համակարգի վերջին տարբերակը: Այն ունի տեսակոնֆերանսի ընդլայնված գործառույթներ, որոնք օգտատերերին հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ կերպով ներկայացնել և կիսվել իրենց աշխատանքով ցանկացած տեսակոնֆերանսի հավելվածում:

macOS Sonoma.jpg (208 KB)

Այն նաև ունի վիջեթների աջակցություն, էկրանապահիչների (screen saver) նոր հավաքածու և խաղի նոր ռեժիմ՝ Game Mode, որը խաղին տալիս է առաջնահերթ մուտք դեպի CPU և GPU ռեսուրսներ և նվազեցնում է հետաձգումը AirPods, Xbox և PlayStation կարգավորիչները համակարգչին միացնելիս: Ըստ Apple-ի՝ Game Mode-ն աշխատում է ցանկացած խաղի հետ։

macOS Sonoma 2.jpg (316 KB)

Թարմացումը, որը նաև հայտնի է որպես macOS 14, հասանելի կլինի ծրագրավորողների համար բետա տարբերակով առաջիկա օրերին, իսկ հանրային բետա տարբերակով՝ առաջիկա շաբաթներին: Լայն հասանելիությունը սպասվում է այս տարվա վերջին:

StandBy ֆունկցիա

Այս ֆունկցիան կընդլայնի Apple Home խելացի տան կառավարման հնարավորությունները՝ iPhone-ը վերածելով խելացի էկրանի, որը թույլ կտա կառավարել խելացի տունը։ StandBy-ն ավտոմատ միանում է, երբ iPhone-ը լիցքավորվում է և գտնվում է հորիզոնական դիրքում: Այս ընթացքում այն ​​կարող է ցուցադրել ժամանակը, Apple Home-ի կառավարումը, եղանակը, Apple հավելվածի վիջեթները և հարմարեցվող այլ գործառույթներ:

standby 2.jpg (149 KB)

Գիշերային ժամերին StandBy-ը թուլացնում է էկրանի լույսը, որպեսզի չխանգարի օգտատիրոջ քնին: Apple-ը պնդում է, որ StandBy-ը ավտոմատ կերպով ցուցադրում է ճիշտ տեղեկատվությունը ճիշտ ժամանակին։

StandBy-ը նաև թույլ կտա Siri օգնականն օգտագործել առանց ձեռքերի օգնության: Օգտատերը կարող է խնդրել Siri-ին երաժշտություն նվագարկել, ինչպես HomePod-ում, իսկ StandBy-ում հեռախոսը ցույց կտա ձայնային օգնականի կողմից տրված հարցերի պատասխանները:

M2 Ultra պրոցեսոր

Apple-ը ներկայացրել է պրոցեսորը՝ M2 Ultra-ն, որը, ըստ Apple-ի, ընկերության սեփական արտադրության ամենահզոր չիպն է։ M2 Ultra-ն բաղկացած է երկու M2 Max բյուրեղներից, որոնք փոխկապակցված են UltraFusion ճարտարապետության միջոցով:

M2 Ultra.jpg (83 KB)

M2 Ultra-ն ներառում է 24 միջուկ (16 կատարողական և 8 էներգաարդյունավետության), ապահովում է 20%-ով ավելի արագ կատարողականություն, քան M1 Ultra-ն, որն ունի 16 կատարողական և 4 էներգաարդյունավետության միջուկ:

M2 Ultra-ն աջակցում է մինչև 192 ԳԲ համակցված հիշողություն, ինչը 50%-ով ավելի է, քան M1 Ultra-ն: Հիշողության թողունակությունը 800 Գբ/վ է, 32 միջուկային նեյրոնային շարժիչի և 134 միլիարդ տրանզիստորների հետ միասին: M2 Ultra-ն կօգտագործվի նորացված Mac Studio մինի համակարգչում, ինչպես նաև թարմացված Mac Pro-ում:

Mac Studio՝ M2 Ultra և M2 Max պրոցեսորներով

Apple-ը նաև ներկայացրել է Mac Studio PC համակարգչի նոր տարբերակը՝ M2 Max և M2 Ultra չիպերով: Այն ունի նույն դիզայնը, ինչ անցյալ տարվա M1-ի վրա հիմնված համակարգիչ, բայց ներսում շատ ավելի հզոր պրոցեսորներ կան:

Mac Studio.jpg (158 KB)

Ինչ վերաբերում է M2 Max տարբերակին, ապա Mac Studio-ն այս կոնֆիգուրացիայից կթողարկվի 12 միջուկային պրոցեսորով, 38 միջուկանի GPU-ով և մինչև 96 ԳԲ համակցված հիշողությամբ՝ 400 ԳԲ/վ թողունակությամբ:

Ընկերությունը նշում է, որ այս ցուցանիշները պետք է տպավորիչ կատարողական խթան հաղորդեն տեսա- և լուսանկարչական հավելվածներում: Apple-ը պնդում է, որ Octane 3D-ի ռենդերինգը մինչև երեք անգամ ավելի արագ կլինի M2 Ultra-ի դեպքում՝ M1 Ultra-ի համեմատ:

MacBook Air-ը՝ M2 պրոցեսորով

WWDC 2023-ի միջոցառման ժամանակ Apple-ը նաև ներկայացրել է նոր 15 դյույմանոց MacBook Air նոութբուքը։ Նորույթի հաստությունն ընդամենը 11,5 մմ է։ Սարքի քաշը 1,5 կգ է։ Apple-ը պնդում է, որ դա աշխարհի ամենաբարակ 15 դյույմանոց նոութբուքն է:

MacBook Air.jpg (260 KB)

Նորույթն աշխատում է Apple M2 պրոցեսորով, ունի երկու Thunderbolt 4 (USB-C) միակցիչներ, պաշտպանիչ MagSave լիցքավորման պորտ և 3,5 մմ ձայնային ելք, 15,3 դյույմանոց էկրան՝ 500 քդ/մ2 պայծառությամբ և հագեցած է 1080p վեբ-տեսախցիկով։ Մարտկոցի մեկ լիցքավորմամբ այն աշխատում է 18 ժամ մարտկոց:

Նորույթը կարող է դուր գալ նրանց, ովքեր շատ բարակ նոութբուք են ցանկանում, սակայն 14 և 16 դյույմանոց MacBook Pro մոդելների հզորությունների կարիքը չունեն։ Նոր 15 դյույմանոց MacBook Air-ը հասանելի կլինի հաջորդ շաբաթ՝ սկսած 1299 դոլարից: Նորույթը կառաջարկվի կորպուսի մի քանի գույնով։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ