Երկրի մեծությունը բնակչության թիվը չէ, այլ տեխնոլոգիական ոլորտում զբաղվածների թիվը. մենք կարող ենք մեծ լինել. Արմէն Խրլոբեան

15 հոկտեմբերի, 2022  11:38

Հայաստանում կա շատ լուրջ ներուժ, բայց մեկ-երկու սերունդների ընթացքում մի քանի կարեւոր բաներ մոռացել ենք: Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում ասում է BAJ Accelerator-ի հիմնադիր, Covenant Venture Capital ընկերության գիտական և նորարարության հարցերով  տնօրեն Արմէն Խրլոբեանը:

Հայաստանում գիտնականը շատ քիչ է վաստակում, ինչը զարմանալի է. գիտնականը պետք է շատ վաստակի

«Եթե մեկ-երկու սերունդ հետ գնանք, օրինակ՝ խորհրդային տարիներին կար հայ գիտնական Ալեքսանդր Խոմուջյանը, որի ստեղծած առաջին ռոբոտը ոտք դրեց Լուսնի, նաեւ Մարսի վրա: Այս տեսակ ուժ ունենք: Հիմա էլ երկրից դուրս կա նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը, որը ԱՄՆ-ում լաբորատորիա ունի: Այդպիսի մարդիկ ունենք, բայց շատ կարեւոր բան կա, որ մոռացել ենք՝ գիտնականի դերը ժողովրդի համար: Խորհրդային ժամանակ գիտնականը աշխատում էր ինչ-որ նյութի վրա, իսկ ժամանակակից գիտնականը պետք է նաեւ առաջնորդի եւ գիտության սահմանն ավելի հեռու տանի, ինչը շատ օգուտ է բերում ե՛ւ տնտեսությանը, ե՛ւ անվտանգությանը», - ասում է նա:

Անդրադառնալով Հայաստանում կրթական ոլորտի խնդիրներին, Խրլոբեանն ասաց.

«Օրինակ, հիմա համալսարաններում 1-2-րդ կուրսից ուսանողներին վերցնում են ընկերությունները, այսինքն՝ խնդիրներից մեկն այն է, որ ուսանողները ժամանակ չունեն հասունանալ եւ լուրջ գիտությամբ զբաղվել: Երկրորդը, որպեսզի ուսանողը իր կյանքը կապի գիտության հետ, պետք է կապ ստեղծել գիտության եւ դրամական վարձատրության միջեւ: Մարդիկ ասում են՝ Հայաստանում գիտնականը շատ քիչ դրամ է վաստակում: Սա զարմանալի է: Գիտնականը պետք է գումար բերի ե՛ւ իր կազմակերպությանը, ե՛ւ առաջ մղի իր լաբորատորիան: Այսպիսի մտածելակերպը ժամանակակից գիտության մեջ շատ կարեւոր է», - ասաց նա։

Khrlobean

Ստարտափները կարող են դառնալ տնտեսության չեմպիոններ եւ Հայաստանը մրցունակ դարձնել աշխարհում

Խրլոբեանի խոսքով՝ կան ստարտափներ, որոնք կարող են շատ արագ աճել եւ շրջանառությունը հասցնել մինչեւ 1 մլրդ դոլարի: Ամենալուրջ ստարտափների հիմքում գիտությունն է, դրանք կապված են կենսաֆիզիկայի, ռոբոտաշինության հետ և շատ կարեւոր դեր կարող են խաղալ երկրի զարգացման հարցում:

«Հետեւաբար, պետությունը պետք է աջակցի այս ստարտափներին, որոնք կարող են հետո դառնալ տնտեսության չեմպիոններ: Այսինքն՝ սա ավելի կարեւոր է, քան ընդհանուր տնտեսությունը զարգացնելը: Սա շատ լուրջ վեկտոր է, որ տնտեսությունն աճի: Դա թույլ կտա մեզ մրցունակ դառնալ աշխարհում», - նշում է նա։

Երեխաները փայլուն ապագա կարող են ունենալ՝ գիտնական, ինժեներ դառնալով

Արմէն Խրլոբեանի խոսքով՝ պետք է այնպես անել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ մասնագետների թիվն ավելանա, նաև հայկական ընկերությունները պետք է սկսեն գնել այլ երկրներում գտնվող ընկերությունները, որպեսզի կապեր ստեղծեն, քանի որ աշխարհում գիտական կազմակերպությունները ինչ-որ ձեւով միջազգային ցանց են ներկայացնում: Այս երկու ուղղություններով առաջ շարժվելը շատ կարեւոր է եւ դա պետք է արագացնել, որպեսզի հնարավոր լինի շուկայի պահանջներին համահունչ շարժվել։

Khrlobean

«Երրորդ կարեւոր ուղղությունը Թումոն է, որպես կրթական ծրագիր: Ընտանիքները պետք է հասկանան, որ իրենց երեխաները փայլուն ապագա կարող են ունենալ՝ գիտնական, ինժեներ դառնալով, ստարտափների մասնակցելով: Դա նաեւ կլուծի հետագայում այդ ոլորտում աշխատողների քանակի հարցը», - ասաց Խրլոբեանը:

Հարցին, թե ինչ պետք է անի պետությունը, որ գիտությամբ զբաղվելը դառնա գրավիչ, նա պատասխանեց.

«Կան ընկերություններ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որոնք պետք է համարվեն մեր տնտեսության չեմպիոններ: Պետությունը պետք է ներկայանա աշխարհին այս հայտնի ընկերությունների անուններով, եւ ժողովուրդը հետեւի այդ ընկերությունների հաջողություններին»:

Ի՞նչը պետք է փոխել ՀՀ կրթության ոլորտում

Covenant Venture Capital ընկերության գիտական և նորարարության հարցերով տնօրենի խոսքով՝ Հայաստանում համալսարանները լուրջ ինժեներական դպրոց ունեն, ուսանողները աշխարհի տարբեր երկրներում իրենց տեղը գտնում են, ինչը նշանակում է, որ մենք հաջողության պատմություն ունենք:

«Օրինակ, մեր բժշկական համալսարանը լավ անուն ունի Հնդկաստանում: Շատ նորմալ է, որ այս կապերը տարբեր երկրների հետ լինեն: Մենք նաեւ կարիք ունենք, որ մյուս ազգերը կարեւոր ոլորտներ, ձեռքբերումներ ներկայացնեն մեր երկրում եւ հակառակը: Սա կարեւոր է նաեւ գիտության միջոցով մեր երկրի անվտանգությունն ամրապնդելու տեսանկյունից: Ուսանողների փոխանակման ծրագրերը շատ կարեւոր են: Սա իր ձեւով դեսպանական շարժում է», - նշում է նա։

Հարցին, թե ի՞նչը պետք է փոխել Հայաստանի կրթության ոլորտում, Խրլոբեանը պատասխանեց. «Նախ լուրջ նպատակ կդնեի համալսարանների առաջ, որ իրենց ուսանողների որոշ մասը լինի այլ երկրներից: Այսինքն՝ ոչ թե նվազեցնեն հայ ուսանողների տեղերը, այլ տեղեր ավելացնեն դրսի ուսանողների համար: Այդ կապերը շատ կարեւոր են: Երկրորդը, համալսարանները պետք է կապեր ունենան լուրջ ստարտափ կազմակերպությունների հետ, որոնք մաս կկազմեն իրենց կրթությանը: Ուսանողները պետք է տեսնեն, թե ինչ կարելի է ստեղծել եւ ինչ արդյունքների հասնել»:

Khrlobean

Երկրի մեծությունը բնակչության թիվը չէ, այլ տեխնոլոգիական ոլորտում զբաղվածների թիվը

Արմէն Խրլոբեանը պատմում է, որ մի անգամ Ֆիլիպինների դեսպանատան աշխատակիցներից մեկն իրեն ասել է, որ Ֆիլիպինները փոքր երկիր է, և ինքը զարմացել է, թե ինչպես կարող է 70 մլն բնակչություն ունեցող երկիրն իրեն փոքր համարել:

«Ես սխալվեցի, իրականում նրանք 120 մլն են՝ ներառյալ իրենց սփյուռքը: Եթե դա փոքր երկիրն է, ապա Հայաստանը ինչպիսի երկիր է: Դեսպանատան այդ աշխատողը հաշվում էր ոչ թե բնակչության թիվը, այլ տեխնոլոգիական ոլորտում աշխատողների թիվը: Հայաստանը կարող է այդպիսի ուժ ունենալ, եթե ամեն մի հայ 10 մարդու փոխարեն լինի: Սա չափազանցություն չէ, կան հայ ինժեներներ, որոնք աշխատում են 10-ի պես: Ես քաջալերում եմ, որ հայերը վարժվեն այս տեխնոլոգիաներին, ծանոթանան մեր փայլուն ստարտափներին, լավ ուսում ստանան», - ասաց Խրլոբեանը։


 
 
 
 
  • Արխիվ