ԱՄԷ-ն տիեզերանավ կուղարկի Մարսի և Յուպիտերի միջև գտնվող աստերոիդների գոտին ուսումնասիրելու համար

30 մայիսի, 2023  16:14

Արաբական Միացյալ Էմիրությունները տիեզերք կուղարկի MBR Explorer սարքը, որը պետք է ուսումնասիրի Մարսի և Յուպիտերի միջև գտնվող աստերոիդների գոտին։ Այս մասին հայտարարել է ԱՄԷ-ի վարչապետ և փոխնախագահ, Դուբայի էմիրության կառավարիչ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը։

«Նախագահի նստավայրում մենք ներկայացրինք մեր կարևորագույն տիեզերական [հետազոտական] նախագծերից մեկի՝ աստերոիդների գոտու հետազոտման ԱՄԷ-ի գիտական ​ առաքելության ​մանրամասները, որը կտևի 13 տարի՝ վեց տարի՝ [սարքի] զարգացման և յոթ տարի հետազոտական թռիչքի համար»,- Twitter-ում գրել է նա։

Վարչապետի խոսքով, ում պատվին անվանակոչվել է MBR Explorer-ը, այն կանցնի 5 միլիարդ կմ յոթ աստերոիդ ուսումնասիրելու համար և 2034-ին վայրէջք կկատարի վերջին աստերոիդի վրա: Նա նշել է, որ MBR Explorer-ը 10 անգամ ավելի շատ տարածք կթռչի, քան Al-Amal զոնդը, որը Մարսի ուղեծիր է մտել 2022-ի փետրվարի 9-ին։

ԱՄԷ-ի վարչապետը նաև նշել է, որ աստերոիդների գոտու հետազոտման առաքելությունը ազգային գիտական հսկայածավալ և համաշխարհային հետազոտական եզակի ​​նախագիծ է: Դրա շրջանակում կստեղծվեն տիեզերական տեխնոլոգիաներում [մասնագիտացած] էմիրաթական մասնավոր ընկերություններ, դեպի հեռավոր տիեզերք առաքելությունների վերահսկման ցամաքային կենտրոն, նաև կիրականացվի ԱՄԷ-ից կադրերի ուսուցում։

Ինչպես տեղեկացնում է էմիրաթական The National թերթը, առաքելության մասին հայտարարվել էր դեռևս 2021-ին, սակայն սարքի նախագծման և գիտական ​​նպատակների մասին մանրամասներ միայն հիմա են հրապարակվում: Ըստ այդմ՝ MBR Explorer-ի քաշը կկազմի 2,3 տոննա, այն կաշխատի ինքնավար, հագեցած կլինի մեծ ծալովի արևային մարտկոցներով։ Առաքելության շրջանակում այն կանցնի վեց աստերոիդների կողքով, այնուհետև սարքի մի հատվածը վայրէջք կկատարի յոթերորդ աստերոիդի վրա:

Ի հավելումն գիտական ​​նպատակների, առաքելությունը կարող է նաև հիմք ստեղծել ապագայում տիեզերքում ռեսուրսների արդյունահանման համար, քանի որ աստերոիդների այս գոտին պարունակում է 700 քվինտիլիոն դոլար արժողությամբ հանքանյութեր, ինչպիսիք են երկաթը,  ոսկին և նիկելը:

2020-ի հուլիսին ԱՄԷ-ն Մարս է ուղարկել Al-Amal միջմոլորակային կայանը։ Այս առաքելության նպատակն է ուսումնասիրել Մարսի մթնոլորտը և կլիմայական պայմանները, ինչպես նաև Մարսի տարվա եղանակների փոփոխումը, որը գրեթե կրկնակի երկար է տևում, քան Երկրի դեպքում է։

2020-ին ԱՄԷ-ն հայտարարել է Լուսնի հետազոտման ազգային ծրագրի մեկնարկի մասին։ 2022-ի դեկտեմբերի 11-ին ԱՄՆ-ից տիեզերք է արձակել ճապոնական Hakuto-R տիեզերանավը, որը պետք է Լուսնի վրա իջեցներ Մոհամմեդ բեն Ռաշիդի անվան տիեզերական կենտրոնի ստեղծած էմիրաթական Rashid ռովերը։ Սակայն ապրիլի 25-ին Ispace մոդուլը մշակած ընկերության ղեկավար Տակեշի Հակամադան հայտարարեց, որ Լուսնի վրա վայրէջքի ժամանակ Hakuto-R-ի հետ կապը կորել է, առաքելությունը հայտարարվել է ձախողված։

 

 

 


 
 
 
 
  • Արխիվ