Չինաստանը տիեզերք է դուրս բերել «Շենչժոու-16» տիեզերանավը․ ի՞նչ առաքելություն է այն կատարելու

30 մայիսի, 2023  10:29

Չինաստանն այսօր տիեզերք է դուրս բերել «Շենչժոու-16» տիեզերանավը, որը երեք մարդուց բաղկացած անձնակազմը պետք է հասցնի «Տյանգուն» ուղեծրային կայան։ «Չանչժեն-2F» հրթիռը օդ է բարձրացել ըստ գրաֆիկի՝ Պեկինի ժամանակով 09:31-ին (Երևանի ժամանակով 05։31):

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, «Շենչժոու-16»-ի հրամանատարը Ջինգ Հայպենգն է։ Սա նրա կարիերայի ընթացքում չորրորդ թռիչքն է, ինչը նրան դարձրել է ռեկորդակիր անձնակազմով առաքելություններին մասնակցության քանակով։

Անձնակազմում են նաև չորրորդ դասի տիեզերագնաց Չժու Յանչժուն, որը կկատարի թռիչքային ինժեների ֆունկցիան, ինչպես նաև օգտակար բեռի մասնագետ, Բեյհանի համալսարանի պրոֆեսոր Գուի Հայչաոն, որը կլինի առաջին քաղաքացիական տիեզերագնացը Չինաստանում, որը մեկնում է տիեզերք: Վերջին երկուսն առաջին անգամ են թռչում տիեզերք։

«Շենչժոու-16»-ի անձնակազմը տիեզերակայանում կփոխարինի «Շենչժոու-15»-ի երեք տիեզերագնացից բաղկացած անձնակազմին, որը վեցամսյա առաքելությունից հետո կվերադառնա երկիր։ «Շենչժոու-16»-ի անձնակազմը կայանում աշխատելու է մոտ հինգ ամիս։

«Տյանգուն» ուղեծրային կայանում այժմ գտնվում են «Շենչժոու-15»-ի հրամանատար Ֆեյ Ջունլունը, որն իր կարիերայի ընթացքում երկրորդ թռիչքն է կատարում,  ինչպես նաև Դեն Ցինմինգը և Չժան Լուն:

Չինաստանը «Տյանգուն» ազգային ուղեծրային կայանի շինարարությունն սկսել է 2021-ի ապրիլի 29-ին, երբ «Տյանհե» հիմնական մոդուլը հաջողությամբ դուրս բերվեց ուղեծիր, իսկ կայանի հիմնական կոնֆիգուրացիայի հավաքումն ավարտվել է 2022-ի նոյեմբերի 3-ին: «Տյանգուն» T-աձև կայանը բաղկացած է «Տյանհե» հիմնական խցիկից և դրան կցված երկու լաբորատոր մոդուլներից՝ «Վենտյան» և «Մենգտյան»։ Երեք օբյեկտները միասին կշռում են մոտ 69 տոննա:

Կայանի ընդհանուր բնակելի տարածքը հասնում է մոտ 110 խորանարդ մետրի, այն կարող է տեղավորել միաժամանակ երեք տիեզերագնացի կամ վեց մարդու անձնակազմի փոփոխության ժամանակ։ Կայանի նախագծված գործառնական ռեսուրսը նախատեսված է 15 տարվա համար՝ մինչև 2038-ը։ Բացի դրանից, 2023-ի վերջին նախատեսվում է գործարկել «Սյունծյան»  ինքնավար աստղաֆիզիկական մոդուլը օպտիկական աստղադիտակով, որը սպասարկման նպատակով  կարող է պարբերաբար կապվել կայանի հետ։


 
 
 
 
  • Արխիվ