Արհեստական բանականությունը Photoshop-ում. այն թույլ կտա պատկերները խմբագրել տեքստային հրահանգներով (լուսանկար, տեսանյութ)

25 մայիսի, 2023  12:09

Adobe Photoshop-ը՝ լուսանկարների խմբագրման այսօր ամենահայտնի ծրագրերից մեկը, կունենա ներկառուցված նեյրոցանց, որը թույլ կտա խմբագրել պատկերները՝ օգտագործելով տեքստային հրահանգներ։

Ինչպես տեղեկացնում է Engadget-ը, Generative Fill ֆունկցիայի հիմքում ընկած է Firefly-ի արհեստական ​​բանականությունը: Եվ դրա օգնությամբ լուսանկարները խմբագրել և փոխել արդեն կարելի է ոչ թե ձեռքով, այլ տեքստային նկարագրությունների օգնությամբ։ Կարելի է արհեստական բանականությանը խնդրել, որպեսզի նկարին ավելացնի ինչ-որ առարկա, օրինակ՝ ջրափոս անապատում, մեքենա և ամպ՝ ավտոմեքենայի տեսքով, ինչպես ստորև ներկայացված լուսանկարում։

photoshop-firefly-1

Կարելի է նաև ընտրել օբյեկտը և փոխել ֆոնը, ինչպես ստորև։

photoshop-firefly-2.jpg (70 KB)

Նաև կարելի է արհեստական բանականությանը խնդրել, որպեսզի ավելացնի կամ, հակառակը, նկարից որևէ առարկա հեռացնի, փոխի դրա ձևը, գույնը, առանձին մանրամասներ և այլն:

generative_fill_hero_3

Ըստ մշակողների՝ Adobe-ն Generative Fill-ի վրա աշխատում է՝ հաշվի առնելով հեղինակային իրավունքի խնդիրները, որոնք առաջանում են արհեստական ​​բանականության առաջխաղացմանը զուգահեռ: Ընկերությունը վստահեցնում է, որ Firefly-ը սովորում է բացառապես իր Adobe Stock ֆոտոբանկ ներբեռնված պատկերների հիման վրա։

Նեյրոցանցով խմբագրված պատկերների վրա «անտեսանելի թվային ստորագրություն» է դրվում, ինչի օգնությամբ, նայելով պատկերի ատրիբուտներին, կարելի է հասկանալ՝ լուսանկարը ստեղծելու համար օգտագործվե՞լ է արհեստական բանականություն, թե ոչ։

Այս ֆունկցիան օգտատերերին հասանելի կլինի մինչև տարեվերջ, առայժմ այն բաց է միայն բետա թեստավորման համար։


 
 
 
 
  • Արխիվ