Google-ը ներկայացրել է արհեստական բանականության գործիք, որը կօգնի գովազդել ապրանքները

24 մայիսի, 2023  14:19

Google-ը ներկայացրել է արհեստական ​բանականության նոր գործիք՝ Product Studio-ն, որը կօգնի ձեռներեցներին գովազդել իրենց արտադրանքը:

Ինչպես տեղեկացնում է Techcrunch.com-ը, գործիքը վաճառողներին թույլ կտա անվճար ստեղծել իրենց արտադրանքի լուսանկարները կամ փոխել արդեն արված լուսանկարները՝ առանց նոր ֆոտոշարքի համար վճարելու:

Product-Studio-Generate-Scene-in-Merchant-Center.gif (2.66 MB)

Օրինակ՝ մաշկի խնամքի միջոցներ արտադրողը կարող է արհեստական ​​բանականության միջոցով ստեղծել գոյություն ունեցող կրեմի լուսանկարի նոր տարբերակներ՝ «շրջապատված դեղձերով, հետևի պլանում արևադարձային բույսերով»։ Գործիքը կարող է օգտագործվել նաև շեղող ֆոները հեռացնելու և փոքր կամ ցածր լուծաչափով պատկերների որակը բարելավելու համար:

sm.ProductStudio.800.jpg (305 KB)

Google Marketing Live միջոցառման շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Google-ի Merchant Shopping-ի փոխնախագահ և գլխավոր մենեջեր Մեթ Մադրիգալը նշել է, որ առաջադեմ տեխնոլոգիաները, ներառյալ արհեստական ​​բանականությունը, վաղուց մեծ դեր են խաղում Google Shopping-ի արտադրանքներում, և Product Studio-ն կօգնի այս տեխնոլոգիաները հասցնել նաև փոքր ու միջին բիզնեսին։

Google-ի ներկայացուցիչները նաև ասել են, որ ընկերությունների համար ավելի հեշտ է դարձել իրենց գովազդը Merchant Center Next-ում տեղադրելը: Ապրանքների ներկայացման լրահոսի կարգավորումը նույնպես պարզեցվել է. եթե նախկինում վաճառողները պետք է ձեռքով ավելացնեին իրենց ապրանքները, գները, պատկերները, նկարագրությունները և այլ տվյալներ, ապա Merchant Center Next-ն այժմ կկարողանա ավտոմատ կերպով լրացնել այդ տվյալները՝ օգտվելով վաճառողի կայքում առկա տվյալներից։ Վաճառողները կարող են խմբագրել այս ձևով լրացված տեղեկությունը կամ ամբողջությամբ անջատել այս ֆունկցիան։

Google-ը նաև վաճառողների համար հեշտացնում է իրենց աշխատանքի արդյունավետության վերլուծությունը՝ վերլուծական բոլոր հաշվետվությունները տեղափոխելով Performance ներդիր:

Այս թարմացումով վաճառողները կունենան մեկ ընդհանուր վայր, որտեղ կարելի է ամենավաճառվող ապրանքների մասին տեղեկություններ ստանալ, տեսնել, թե որ ընկերություններն են հայտնվում իրենց բիզնեսի կողքին և նույնիսկ կարող են տեսնել, թե ինչպես են գնորդները փոխազդում իրենց բիզնեսի հետ «Որոնում» և «Քարտեզներ» բաժիններում:

Նշենք, որ ԱՄՆ-ում Product Studio-ն վաճառողներին հասանելի կլինի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: Իսկ թե երբ գործիքը հասանելի կլինի այլ երկրներում, դեռևս հայտնի չէ:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ