Պենտագոնը հրաժարվում է սեփական ծրագրերից և անցնում Microsoft-ի լուծումներին․ արդյոք այն խոցելի կդառնա՞ կիբեռհարձակումների համար

17 մայիսի, 2023  10:21

ԱՄՆ պաշտպանության նախարարությունն աննկատ դադարեցնում է կիբեռանվտանգության իր ամենաերկարատև ծրագրերից մեկը, որը պաշտպանում է իր գլոբալ ՏՏ ցանցը և այն փոխարինում Microsoft-ի պատրաստի գործիքներով: Շատ փորձագետներ դեմ են այս որոշմանը՝ պնդելով, այս անցումը համակարգերն ավելի խոցելի կդարձնի հաքերային հարձակումների համար, հայտնում է Newsweek-ը:

Պարբերականի համաձայն՝ ռազմական ծառայությունների բարձրաստիճան ՏՏ ղեկավարների «բացահայտ մեծամասնությունը» դեմ է հին ծրագրերից հրաժարվելուն։ Նրանց կարծիքով՝ վտանգավոր է բացառապես Microsoft-ի ծրագրերի վրա հույս դնելը, հատկապես, որ դրանք հեռու են անխոցելի լինելուց։ Այս տարվա մարտին, օրինակ, պարզվեց, որ հաքերները (ենթադրվում է, որ նրանք ռուսական ռազմական հետախուզության աշխատողներ են), գրեթե մեկ տարի գաղտնի օգտագործում էին Microsoft Outlook էլփոստի ծրագրի խոցելիությունը։

Microsoft-ը ներկայումս առաջին տեղում է ծրագրային ապահովման խոցելիությունների քանակով։ Դաշնային կառավարությունը վերահսկում է ծրագրային ապահովման ավելի քան 900 խոցելիություն, որոնցից օգտվում են կիբեռհանցագործներն ու հաքերները: Ապրիլի դրությամբ Microsoft-ն ուներ ավելի շատ հայտնի շահագործվող խոցելիություն, քան ծրագրային ապահովման հաջորդ հինգ մատակարարները միասին վերցրած:

microsoft

Ըստ պարբերականի՝ Microsoft-ի անվտանգության գործիքներին, մասնավորապես՝ Microsoft Defender-ին անցնելու Պենտագոնի որոշումը կարող է հակասել Սպիտակ տան կիբեռանվտանգության նոր ռազմավարությանը, որը կոչ է անում ծրագրային ապահովման արտադրողներին առաջին հերթին առաջարկել անվտանգ արտադրանք և ոչ թե վաճառել անվտանգության լրացուցիչ միջոցներ։


 
 
 
 
  • Արխիվ