Բրազիլիայում դատարանը տուգանել է Apple-ին և պահանջում է iPhone-ը վաճառել լիցքավորիչով. ինչո՞ւ է Apple-ը դեմ դրան

14 հոկտեմբերի, 2022  10:21

Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի դատարանը Apple ընկերությանը տուգանել է առանց լիցքավորիչի սմարթֆոններ վաճառելու համար և վճռել, որ Բրազիլիայում iPhone-ները պարտադիր պետք է վաճառվեն լիցքավորիչներով։ Apple-ը ստիպված կլինի վճարել մոտ 19 միլիոն դոլար (100 միլիոն ռեալ) տուգանք, սակայն ընկերությունն արդեն հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել որոշումը։

Դեռ սեպտեմբերին Բրազիլիայի արդարադատության նախարարությունը կարգադրել էր դադարեցնել iPhone-ի վաճառքը երկրում, քանի որ որոշել էր, որ առանց լիցքավորիչի սարքերի վաճառքը խնդիրներ է ստեղծել սպառողների համար։ Չնայած արգելքին՝ Apple-ը շարունակել է սմարթֆոնները վաճառել առանց լիցքավորիչների, իսկ այժմ բրազիլական դատարանը փաստացի տուգանում է ընկերությանը դրա համար։ Դատական հայցը ներկայացրել էր Վարկառուների, սպառողների և հարկ վճարողների ասոցիացիան։

Հոգատարություն շրջակա միջավայրի՞, թե սեփական եկամուտների համար

2020 թ․ սեպտեմբերին Apple-ն սկսեց վաճառել սմարթֆոններ առանց լիցքավորիչի՝ պատճառաբանելով, որ որոշման հիմքում «շրջակա միջավայրի պաշտպանությունն» է։ Ընկերության այս տարվա հաշվետվության մեջ ասվում է, որ iPhone-ի փաթեթավորման մեջ պոլիէթիլենային թաղանթը չներառելը հնարավորություն է տվել տարեկան մոտ 600 տոննայով կրճատել պլաստիկի օգտագործումը, իսկ սմարթֆոնների կոմպլեկտում լիցքավորիչներ չավելացնելը խնայում է մոտ 550,000 տոննա պղնձ-անագի և ցինկի հանքաքար:

Այս փաստարկների հետ համաձայն չեն ո՛չ սպառողները, ո՛չ մասնագետները. շատերը պնդում են, որ «շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարության» քողի ներքո ավելի շատ վաստակելու ամենատարածված ցանկությունն է: Առանց լիցքավորիչի սմարթֆոնները բնավ էլ ավելի էժան չեն, քան լիցքավորիչներով վաճառվող սմարթֆոնները։ Եվ քանի որ iPhone-ի լիցքավորիչն ու մալուխը ստանդարտ USB-C չեն, օգտատերերը պետք է դրանք գնեն առանձին, և սովորաբար՝ բարձր գնով:

Բրազիլական դատարանն այս հարցում ընկերության մոտեցման մեջ տեսել է նաև միայն ավելի շատ գումար աշխատելու ցանկություն։

«Ակնհայտ է, որ պատասխանող կողմը «կանաչ նախաձեռնության» պատրվակով սպառողին ստիպում է գնել լիցքավորիչ սարքերը, որոնք նախկինում մատակարարվել են արտադրանքի հետ»,- ասվում է դատարանի վճռում։


 
 
 
 
  • Արխիվ