iPhone-ներն այլևս չե՞ն ունենա OLED էկրաններ․ Apple-ը նախատեսում է սեփական MicroLED էկրաններին անցնել

11 մայիսի, 2023  22:10

Նոր iPhone-ներում, հավանաբար, այլևս չեն լինի OLED էկրաններ. փոխարենը Apple-ը պլանավորում է սմարթֆոնները համալրել իր մշակած MicroLED էկրաններով։ Ակնկալվում է, որ այս էկրանները կապահովեն ավելի բարձր պայծառություն և ավելի լավ կոնտրաստ, քան ներկայիս OLED էկրանները, և ավելին, դրանք ավելի քիչ էներգիա կսպառեն:

Ինչպես տեղեկացնում է Macrumors.com-ը՝ վկայակոչելով թայվանական DigiTimes պարբերականին, նոր էկրանն առաջինը կստանա Apple Watch Ultra խելացի ժամացույցը։ 2024-ի վերջին կամ 2025-ից խելացի ժամացույցների արտադրությունում արդեն կհրաժարվեն OLED էկրաններից։

Այնուհետև նոր էկրանները կհայտնվեն iPhone-ների և iPad-ների վրա: Այս մասին գրում է MacRumours-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Հավանաբար, MicroLED էկրանով առաջին iPhone-ները կհայտնվեն միայն մի քանի տարի անց։ Միևնույն ժամանակ, iPhone 15-ի բոլոր չորս մոդելները, որոնք կներկայացվեն այս տարվա վերջին, հավանաբար, կունենան OLED էկրաններ:

Ակնկալվում է, որ Apple-ը կսկսի սեփական MicroLED էկրանների արտադրությունը 2024-ից։ Սկզբում նախատեսվում էր, որ հենց ընկերությունը կմշակի և կարտադրի էկրանների մասերը և կհրաժարվի Samsung-ի և LG-ի մշակումներից։ Սակայն այժմ շատ փորձագետներ կարծում են, որ առանց LG-ի օգնության Apple-ն ամեն դեպքում դեռ չի կարող դա անել: Հավանաբար, LG Display-ը կարտադրի այս էկրանների որոշ մասեր, մասնավորապես՝ միավորող վահանակներ։


 
 
 
 
  • Արխիվ