«Սարսափելի Բարբի»․ ինչպես է սև խոռոչը կլանում աստղին՝ առաջացնելով ամենահզոր տիեզերական պայթյուններից մեկը

12 մայիսի, 2023  22:08

Աստղագետները հայտնաբերել են երբևէ նկատված ամենաերկար, ամենապայծառ և էներգետիկ տիեզերական օբյեկտներից մեկը՝ «Սարսափելի Բարբի» անունն ստացած սև խոռոչը, որը կլանում է իր ձգողականության գոտում հայտնված աստղին։

Տարբեր աստղադիտակներից ստացված տվյալներն ուսումնասիրելով՝ աստղագետները գլխի են ընկել, որ գործ ունեն թերևս տիեզերական ամենահզոր պայթյուններից մեկի հետ։ «Սարսափելի Բարբի»-ն առաջացել է գերզանգվածային սև խոռոչի կողմից աստղը կլանելու հետևանքով։ Ընդորում, կլանման ընթացքում չափազանց պայծառ լույս է արձակվել ավելի քան երկու տարի շարունակ։

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, գիտնականներն ուսումնասիրության մասին պատմել են arXiv-ում, իսկ ուսումնասիրությունը հրապարակվել է The Astrophysical Journal Letters-ում։

«Դա աբսուրդ է: Եթե վերցնեք տիպիկ սուպերնովան և այն բազմապատկեք 1000-ով, ապա դա դեռ մոտ չի լինի դրա պայծառությանը, իսկ սուպերնովաները երկնքի ամենալուսավոր երևույթներից են»,- ասել է ուսումնասիրության համահեղինակ, Պերդյու համալսարանի ֆիզիկայի և աստղագիտության բաժնի դոցենտ Դենի Միլիսավլևիչը։

Սև անցքերը սնվում են աստղերով, որոնք շատ են մոտենում սև խոռոչին։ Երբ աստղը հայտնվում է սև խոռոչի մակընթացային ուժերի ազդեցության գոտում, այն արդեն դառնում է սև խոռոչի զոհը, քանի որ վերջինիս ձգողականությունը հսկայական է և շատ ավելի ուժեղ, քան աստղինը։ Արդյունքում սև խոռոչն սկսում է բզկտել ու կլանել աստղին, որը նման ճնշման ենթարկվելու հետևանքով ձևափոխվում է և երկար ու բարակ տեսք ընդունում։

Տաք պլազմայի այս զանգվածն սկսում է արագ պտտվել սև խոռոչի շուրջը, ինչի հետևանքով ստեղծվում է էներգիայի և նյութի հսկայական շիթ, որն էլ վառ լույս է արտադրում (կոչվում է անցողիկ իրադարձություն)։ Հենց այս լույսն էլ ֆիքսում են օպտիկական, ռենտգենյան և ռադիոալիքային աստղադիտակները:

Քանի որ «Սարսափելի Բարբի»-ի լույսը գալիս էր երկնքի հեռավոր շրջանից և ճանապարհորդում էր 7,7 միլիարդ լուսատարի տարածություն, աստղագետներն ուղղակիորեն չէին նկատել այդ իրադարձությունը: Փոխարենը, նրանք մշակել են մեքենայական ուսուցման համակարգ, որը կոչվում է Recommender Engine For Intelligent Transient Tracking, և ուսումնասիրել են բազմաթիվ դիտարկումների տվյալներ՝ նախքան կգտնեին չափազանց պայծառ լույսի աղբյուրը:

Պարբերականը նշում է, որ «Սարսափելի Բարբի»-ն տարօրինակ իրադարձություն է, նույնիսկ եթե համեմատվի նման այլ իրադարձությունների հետ։ Այն շատ ավելի պայծառ է, քան ցանկացած այլ անցողիկ իրադարձություն։ Բաց դրանից, թեև դրանք սովորաբար տևում են ընդամենը շաբաթներ կամ ամիսներ, «Սարսափելի Բարբի»-ն արդեն երկու տարուց ավելի է, ինչ շիկացած այրվում է, առանց որևէ նշանի, որ կհանդարտվի։

Ուսումնասիրության հեղինակները նշել են, որ հաջորդիվ այս երևույթն ուսումնասիրելու համար գուցե կիրառեն Hubble և James Webb տիեզերական աստղադիտակները։


 
 
 
 
  • Արխիվ