Windows 10-ն այլևս չի ստանա ֆունկցիաների թարմացումներ. ՕՀ-ի աջակցությունն ամբողջությամբ կավարտվի 2025-ին

28 ապրիլի, 2023  10:20

Microsoft ընկերությունը կշարունակի Windows 10-ի աջակցությունը մինչև 2025-ի հոկտեմբերը, սակայն այս օպերացիոն համակարգի համար այլևս գործառույթների թարմացումներ կամ նոր գործառույթներ չեն լինի. օգտատերերը կստանան միայն անվտանգության ամսական թարմացումներ: Այս մասին հայտնում է Microsoft-ի կայքը։

Հաղորդվում է նաև, որ Long Term Servicing Channel-ի (LTSC) միջոցով օպերացիոն համակարգերի թողարկումները կթարմացվեն իրենց կյանքի ցիկլերին համապատասխան:

Windows 10-ը պաշտոնապես կավարտի իր կյանքի ցիկլը 2025-ի հոկտեմբերի 18-ին. այս ամսաթվից հետո օպերացիոն համակարգը նույնպես այլևս չի ստանա անվտանգության թարմացումներ: Իսկ լիցենզիաների վաճառքը ընկերությունը դադարեցրել է այս տարվա փետրվարից։

Հատկանշական է, որ 22H2 վերջնական տարբերակի ֆունկցիաների վերջին թարմացումը իրականում ոչ մի նոր բան չավելացրեց օպերացիոն համակարգին. այն միայն որոշ սխալներ շտկեց:

Սակայն Windows 11 2022 Update-ը, որը նախկինում ստացել էր Windows 11 2H22 կոդային անունը, պարունակում էր նոր հնարավորություններ, որոնցից շատերը, այնուամենայնիվ, օգտատերերի մեծ մասը կանոնավոր կերպով չի օգտագործում:

Windows 10-ն առայժմ մնում է աշխարհում ամենահայտնի օպերացիոն համակարգը, սակայն Microsoft-ը, կարծես, մտադիր է ստիպել օգտատերերի մեծ մասին, որպեսզի անցնեն նոր օպերացիոն համակարգին: Իսկ նրանք, ովքեր չեն կարող անցնել Windows 11-ին, օրինակ, չափազանց թույլ կամ հնացած ապարատային համակարգի պատճառով, կբախվեն համակարգչի ֆունկցիոնալության աստիճանական վատթարացման, տեխնիկական և անվտանգության հետ կապված խնդիրների։

Հիշեցնենք, որ 2023-ի հունվարի 10-ից Microsoft-ը նաև դադարեցրել է Windows 8.1 օպերացիոն համակարգի աջակցությունը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ