Առաքելությունը ձախողվե՞լ է․ կորել է կապը ճապոնական Hakuto-R մոդուլի հետ, որը պետք է Լուսնի վրա վայրէջք կատարեր

26 ապրիլի, 2023  18:06

Ճապոնական ispace ընկերության Hakuto-R մոդուլը, որը երեկ պատմության մեջ առաջին կոմերցիոն վայրէջքը պիտի կատարեր Լուսնի վրա, մեծ հավանականությամբ կատարել է կոշտ վայրէջք, ինչի հետևանքով կապը սարքի հետ կորել է։

Ընկերությունը տեղեկացրել է, որ Hakuto-R մոդուլը Լուսնի մակերեսին պետք է վայրէջք կատարեր Ճապոնիայի ժամանակով մոտ ժամը 01։40-ին (Երևանի ժամանակով ապրիլի 25-ի 20:40-ին): Ապրիլի 26-ի Ճապոնիայի ժամանակով ժամը 08:00-ի (Երևանի ժամանակով 03։00) դրությամբ առաքելության վերահսկման կենտրոնի և մոդուլի միջև կապը կորել է, թեև այն պետք է լիներ նույնիսկ Լուսնի վրա վայրէջք կատարելուց հետո:

Առաքելության վերահսկման կենտրոնի մասնագետները հաստատել են, որ պլանավորված վայրէջքի ժամանակից հետո որևէ տվյալ չի ստացվել, որը կապացուցեր, որ մոդուլը վայրէջք է կատարել Լուսնի մակերեսին։

«ispace-ի ինժեներները վերահսկում էին վառելիքի մակարդակը, երբ այն մոտենում էր ցածր սահմանին, իսկ հետո մոդուլի արագությունն սկսեց կտրուկ աճել: Դրանից հետո տեղի ունեցավ կապի կորուստ։ Այս տվյալների հիման վրա որոշվել է, որ մեծ հավանականությամբ մոդուլը ի վերջո կոշտ վայրէջք է կատարել Լուսնի մակերեսին»,- ասվում է ispace-ի տարածած հաղորդագրությունում։

Ընկերությունը մտադիր է բարելավել տեխնոլոգիական պատրաստվածությունը 2024 և 2025 թվականների հետագա առաքելությունների համար: ispace-ի հիմնադիր Տակեշի Հակամադան ասել է, որ իրենք կարողացել են հսկայական ծավալի տեղեկատվություն հավաքել և կարևոր փորձ ձեռք բերել։

Ճապոնական Hakuto-R մոդուլը, որը պետք է Լուսին տաներ նաև արաբական Rashid ռովերը, դեպի Լուսին արձակվել է 2022-ի դեկտեմբերին ամերիկյան SpaceX ընկերության Falcon 9 հրթիռի միջոցով։ Ճապոնիան նախատեսում էր դառնալ աշխարհի չորրորդ երկիրը, որը կկարողանար հաջողությամբ սարք իջեցնել Լուսնի վրա՝ ԽՍՀՄ-ից, ԱՄՆ-ից և Չինաստանից հետո։


 
 
 
 
  • Արխիվ