Ինչո՞ւ է Meta-ի ղեկավարությունը զանգվածային կրճատումների և կորուստների պայմաններում մեծ բոնուսներ ստանում

25 ապրիլի, 2023  11:59

Չնայած վերջին ամիսներին գրանցված մեծ կորուստներին և զանգվածային կրճատումներին, Meta ընկերության ղեկավար կազմն իր աշխատանքի համար շատ բարձր գնահատականներ է ստացել և ոչ պակաս բարձր բոնուսային վճարումներ:

Այս փաստը կարծես շփոթության մեջ է գցել ընկերության շատ աշխատակիցների։ Եվ դա ամենացավոտ հարցերից մեկն էր, որ բարձրացրել էին աշխատակիցները Մարկ Ցուկերբերգի հետ առցանց հանդիպմանը։ Ցուկերբերգը, ընդհատելով նորածին դստերը խնամելու համար վերցրած կարճատև արձակուրդը, կրճատումների հերթական ալիքից հետո ցանկացել էր աջակցել Meta-ի աշխատակիցներին. վերջերս ընկերությունն աշխատանքից ազատել է ևս 4000 մարդու (իսկ մինչ այդ՝ ևս 11,000-ի)։ Ընկերության աշխատակիցները նախապես հարցեր էին պատրաստել և քվեարկել դրանց օգտին, իսկ Ցուկերբերգը պետք է պատասխաներ ամենապոպուլյարներին։

Ինչպես նշում է Insider-ը, հարցերի մեծ մասը, միանգամայն սպասելի կերպով վերաբերում էր խնդրին, թե ինչու է ընկերությունը կրկին կրճատում աշխատակիցներին։ Կրճատումների հիմնական պատճառը կարծես այդպես էլ չէին պարզաբանել, սակայն Ցուկերբերգը ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը և ասել, որ կրճատումների որոշման բեռը «միայն իր վրա է դրված»։ Նա նաև հաստատել է, որ վերջերս ընկերության ղեկավարների մոտ 20%-ը կա՛մ ազատվել է աշխատանքից, կա՛մ տեղափոխվել ոչ ղեկավար պաշտոնների։ Ավելին, Ցուկերբերգը չի հերքել, որ ապագայում կարող են նոր կրճատումներ լինել։

Աշխատակիցներից շատերին անհանգստացրել է նաև այն հարցը, թե ինչու ընկերության առջև ծառացած խնդիրները գրեթե չեն ազդում թոփ մենեջերների վրա. ընկերության բոլոր ղեկավարները, անցնելով այսպես կոչված ատեստացիա, որը գնահատում է նրանց արդյունավետությունը և աշխատանքի որակը, ստացել են գնահատականներ՝ 125%-ից մինչև 165%, ինչպես նաև խոշոր բոնուսներ՝ ավելի քան 700,000 ԱՄՆ դոլարի բոնուսներ 2022-ի համար։ Ամենամեծ բոնուսը տրվել է արտադրանքի հարցերով տնօրեն Քրիստոֆեր Քոքսին՝ 940,214 դոլար, իսկ ամենափոքրը՝ գլխավոր գործառնական տնօրեն Շերիլ Սանդբերգին՝ 298,385 դոլար։ Վերջինս ընկերությունից հեռացել է սեպտեմբերին։

Նշենք, որ եթե աշխատակիցն ատեստացիայի ժամանակ 85% գնահատական է ստանում, ապա դա ցույց է տալիս, որ մասնագետն արդարացնում է սպասելիքներն իր պաշտոնում, իսկ ավելի բարձր գնահատականի դեպքում՝ առավելևս։ Այդքան բարձր գնահատականները, տեսականորեն, պետք է մատնանշեն ակնառու ձեռքբերումներ: Սակայն այս ձեռքբերումները կարծես թե որևէ ազդեցություն չունեն ընկերության ֆինանսական գործունեության վրա:

Մարկ Ցուկերբերգն այս իրավիճակը բացատրել է նրանով, որ ընկերության թոփ-մենեջերներից շատերը պաշտոնի բարձրացում են ստացել 2022-ին։ Բայց նրանց վճարված հավելավճարները, նրա խոսքով, այդքան էլ մեծ չեն, եթե համեմատվեն հավելավճարների հետ, որոնք նրանք կարող էին ստանալ, եթե ընկերության բիզնես ցուցանիշներն ավելի լավը լինեին։

Միաժամանակ կրճատվել են ընկերության շարքային աշխատակիցներին տրվող բոնուսները, իսկ անցած տարի նրանց արդյունավետության գնահատումը, ըստ աշխատողների, անցկացվել է շատ «ավելի խիստ, քան երբևէ»։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ