Հայտնաբերվել է փոքրիկ գալակտիկա, որտեղ նոր աստղերը շատ արագ են ձևավորվում․ ինչո՞ւ է այն կարևոր

24 ապրիլի, 2023  14:28

James Webb տիեզերական աստղադիտակի դիտարկումներն օգտագործելու շնորհիվ Մինեսոտայի համալսարանի գիտնականների թիմը հայտնաբերել է եզակի փոքրիկ գալակտիկա, որը նոր աստղեր էր «արտադրում» իր չափի համար չափազանց բարձր արագությամբ:

Մեծ պայթյունից ընդամենը 500 միլիոն տարի անց այս գալակտիկան այսպիսի հեռավորության վրա երբևէ հայտնաբերված ամենափոքր գալակտիկաներից մեկն է և դրա ուսումնասիրությունը կարող է օգնել աստղագետներին ավելին իմանալ գալակտիկաների մասին, որոնք գոյություն են ունեցել տիեզերքի ձևավորումից անմիջապես հետո:

Աշխատությունը հրապարակվել է Science ամսագրում, որն աշխարհի առաջատար գիտական ​​ամսագրերից մեկն է համարվում:

«Այս գալակտիկան հեռու է բոլոր աստղադիտակների հասանելիության գոտուց, բացառությամբ James Webb-ի, և այս հեռավոր գալակտիկայի՝ իրենց տեսակի մեջ առաջին դիտարկումները տպավորիչ են»,- ասել է ուսումնասիրության ավագ հեղինակ, Մինեսոտայի համալսարանի Ֆիզիկայի և աստղագիտության դպրոցի դոցենտ Պատրիկ Քելլին։

«Մենք կարող ենք ուսումնասիրել անցյալը՝ գրեթե մինչև Մեծ պայթյունի շրջանը, և մենք երբեք այդքան մանրամասն չենք ուսումնասիրել գալակտիկաները, որոնք գոյություն են ունեցել տիեզերքի ձևավորման սկզբում: Այս գալակտիկան գրեթե միլիոն անգամ ավելի քիչ ծավալ է զբաղեցնում, քան Ծիր Կաթինը, բայց մենք տեսնում ենք, որ այն դեռևս ամեն տարի նույն թվով աստղեր է ձևավորում»,- հավելել է նա:

Այս փոքրիկ և նոր գալակտիկան գիտնականները կարողացել են գտնել և ուսումնասիրել տիեզերական հետաքրքիր երևույթի շնորհիվ, որը կոչվում է գրավիտացիոն լինզավորում: Այն առաջանում է, երբ զգալի զանգված ունեցող օբյեկտը թեքում է իր կողքով անցնող լույսը, ինչի արդյունքում ֆոնային օբյեկտի պատկերը կարող է մեծանալ։ Գրավիտացիոն լինզավորման շնորհիվ ֆոնային փոքր գալակտիկան 20 անգամ ավելի պայծառ է երևացել, քան դրա իրական պայծառությունն է:

«Տիեզերքի ձևավորման ժամանակ գոյություն ունեցող գալակտիկաները շատ տարբեր են այն գալակտիկաներից, որոնք մենք այժմ տեսնում ենք մոտակա տիեզերքում,- բացատրել է հոդվածի առաջին հեղինակ և Մինեսոտայի աստղաֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ Հեյլի Ուիլյամսը,-Այս հայտնագործությունը կօգնի մեզ ավելին իմանալ առաջին գալակտիկաների բնութագրերի մասին, թե ինչպես են դրանք տարբերվում մոտակա գալակտիկաներից և ինչպես են առաջացել վաղ գալակտիկաները»:


 
 
 
 
  • Արխիվ