NASA-ի չգործող արբանյակն այս շաբաթ կընկնի Երկրի վրա․ արդյո՞ք դա վտանգավոր է

18 ապրիլի, 2023  20:18

Առաջիկա օրերին Երկրի վրա պետք է ընկնի չգործող RHESSI արբանյակը, որը պատկանում է NASA-ին և օգտագործվել է Արեգակի ուսումնասիրության նպատակով։ Սարքը որևէ վտանգ չի ներկայացնում և Երկրի վրա վնաս հասցնելու շանսերը շատ փոքր են։  

RHESSI-ն, որը 270 կգ-ից մի փոքր ավելի է կշռում, պետք է Երկրի մթնոլորտ մտնի չորեքշաբթի՝ ապրիլի 19-ին, Երևանի ժամանակով 05.30-ի սահմաններում, հնարավոր է՝ մի փոքր շուտ կամ ուշ։

NASA-ի տվյալներով՝ RHESSI-ն համեմատաբար փոքր արբանյակ է, և դրա մեծ մասը բառացիորեն կայրվի ու կվերանա մթնոլորտում՝ Երկիր հասնելու ճանապարհին: Այնուամենայնիվ, ըստ գործակալության, ակնկալվում է, որ դրա որոշ մասեր կարող են հասնել Երկիր, թեև որևէ մեկին վնաս պատճառելու ռիսկը շատ ցածր է՝ 1-ը 2467-ից:

RHESSI-ն Երկրի ցածր ուղեծիր է արձակվել Pegasus XL հրթիռով 2002-ի փետրվարին: Սարքն օգնել է ուսումնասիրել արեգակնային բռնկումները և պսակի զանգվածի արտանետումները՝ օգտագործելով ռենտգենյան ճառագայթների և գամմա ճառագայթների նկատմամբ զգայուն սպեկտրոմետր: Առաքելության ընթացքում արձանագրվել է ավելի քան 100,000 իրադարձություն ռենտգենյան տիրույթում, որոնք օգնել են ավելի լավ հասկանալ Արեգակի վրա կատարվող երևույթները։ RHESSI-ն շահագործումից հանվել է 2018-ին:

Նշենք, որ Երկրի մերձակա ուղեծրում առկա է պոտենցիալ վտանգավոր տիեզերական աղբի հսկայական ծավալ: Եվրոպական տիեզերական գործակալության հաշվարկներով՝ Երկրի մերձակա ուղեծրում կա տիեզերական օբյեկտների մոտ 36,500 կտոր, որոնք 10 սանտիմետրից մեծ են, մոտ մեկ միլիոն բեկոր, որոնց չափերը 1-10 սմ են, և  130 միլիոն բեկոր, որոնք 1 սմ-ից փոքր են:

Բացի դրանից, ավելի մեծ օբյեկտների բախման հետևանքով շարունակում է աճել հատկապես փոքր բեկորների քանակը, որոնք առաջացնում են բեկորների ամպեր: Եվ եթե 10 սմ մեծության բեկորները կանոնավոր կերպով մշտադիտարկվում են, ապա ավելի փոքր կտորների հետագծերը հիմնականում անհայտ են, այսինքն՝ նախապես դրանց մասին չի իմացվում։

Տիեզերական աղբի առաջացրած միակ խնդիրն այն չէ, որ դրանք կարող են հասնել Երկիր։ Դրանք խոչընդոտներ են ստեղծում, իսկ ապագայում ավելի շատ կստեղծեն, գործող արհեստական արբանյակների ու տիեզերանավերի համար։  

Վերջերս Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները մշտադիտարկումների միջոցով վերականգնել են արհեստական արբանյակների համար 700 ուղեծիր, որոնց շնորհիվ այդ արբանյակները կարող են խուսանավել տիեզերական աղբի հետ աղետալի բախումից։


 
 
 
 
  • Արխիվ