Այս շաբաթ երկնային հազվագյուտ իրադարձություն տեղի կունենա․ ի՞նչ է արևի հիբրիդային խավարումը և ինչպե՞ս դիտել այն

18 ապրիլի, 2023  14:14

Այս շաբաթ երկնային հազվագյուտ իրադարձություն տեղի կունենա։ Խոսքը Արեգակի հիբրիդային խավարման մասին է, որը տեղի կունենա հինգշաբթի՝ ապրիլի 20-ին, երբ Լուսինը կհայտնվի Երկրի ու Արեգակի միջև և կփակի արևի լույսը դեպի Երկիր։

Այս տեսակի խավարման դեպքում արևի ամբողջական խավարումից անցում է կատարվում դեպի օղակաձև (օղաձև) խավարման, երբ Լուսնի ստվերն սկսում է շարժվել Երկրի մակերևույթով:

Ինչպես տեղեկացնում է In the Sky-ը, խավարումը տեսանելի կլինի Խաղաղ օվկիանոսի հարավային շրջաններում, այնուհետև Լուսնի ստվերը կանցնի արևմտյան Ավստրալիայի, Արևելյան Թիմորի և Ինդոնեզիայի վրայով։ Խավարումը կսկսվի ապրիլի 20-ին ժամը 01։36 GMT (Երևանի ժամանակով 04։36) և կավարտվի նույն օրը ժամը 06։59 GMT (Երևանի ժամանակով 10։59)։

Արևի խավարումը ուղիղ կհեռարձակվի յութուբյան մի քանի ալիքներով, որոնք ներկայացնում ենք ստորև։

Երկրի վրա կա ընդամենը երկու տեղ, որտեղից հնարավոր կլինի դիտել, թե ինչպես է հիբրիդային խավարումն օղակաձևից անցնում ամբողջականի, այնուհետև նորից օղակաձևի։ Ցավոք, երկուսն էլ Խաղաղ օվկիանոսի հեռավոր վայրերում են:

Արեգակի վերջին հիբրիդային խավարումը տեղի է ունեցել 2013-ին, իսկ հաջորդը տեղի կունենա 2031-ին: Դրանից հետո արևի հիբրիդային խավարում դիտելու համար մարդիկ ստիպված կլինեն սպասել մինչև 2164-ի մարտի 23-ը։

Նշենք, որ խավարման ժամանակ Արևին անզեն աչքով նայել չի կարելի, այն կարող է անդառնալի վնաս հասցնել տեսողությանը։ Դրա համար կան հատուկ ապակիներ, ֆիլտրեր, տեսախցիկներ։ 


 
 
 
 
  • Արխիվ