Microsoft-ը դադարեցնում է Windows-ի ամենահայտնի տարբերակներից մեկի աջակցությունը

10 ապրիլի, 2023  12:25

2023 թ․ ամռանը Microsoft-ը կդադարեցնի իր օպերացիոն համակարգի ամենահայտնի տարբերակներից մեկի՝ Windows 10 21H2-ի աջակցությունը։ Օգտատերերին խորհուրդ է տրվում կա՛մ անցնել Windows 10-ի ավելի թարմ տարբերակների, կա՛մ Windows 11-ի։

Ինչպես տեղեկացնում է Neowin կայքը, 2023 թ․ հունիսի 13-ից 21H2-ի  Windows 10 Home, Pro, Pro Education և Pro for Workstations տարբերակները այլևս չեն ստանա պաշտոնական թարմացումներ, ինչպես նաև անվտանգության թարմացումներ, որոնք պաշտպանում են ընթացիկ կիբեռսպառնալիքներից։ Այս տարբերակների վերջին թարմացումը կթողարկվի հունիսի սկզբին:

Microsoft-ն այս համակարգերի օգտատերերին կոչ է անում թարմացնել դրանք՝ անցնելով կա՛մ Windows 10-ի, կա՛մ Windows 11-ի նոր տարբերակներին, որպեսզի չարագործների հնարավոր զոհ չդառնան։

Նշենք, որ պաշտոնական տվյալներ չկան այն մասին, թե այսօր քանի մարդ է օգտվում 21H2 տարբերակից, սակայն հայտնի է, որ Windows 10-ը հաճախորդների շրջանում ամենապահանջված օպերացիոն համակարգն է․ PC համակարգիչների տերերի 73,5%-ն օգտագործում է հենց այս տարբերակը։ Միևնույն ժամանակ 2023 թ. մարտի դրությամբ Windows 11-ի մասնաբաժինը գերազանցել է 20%-ը։ 


 
 
 
 
  • Արխիվ