Intel-ը հաստատել է՝ Alder Lake պրոցեսորների BIOS-ի ծրագրային կոդի արտահոսք եղել է

10 հոկտեմբերի, 2022  16:34

Համացանցում վերջերս տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Intel ընկերության 2021 թ. նոյեմբերին թողարկված 12-րդ սերնդի Core պրոցեսորներից Alder Lake-ի BIOS կոդն ու որոշ ներքին փաստաթղթեր արտահոսել են: Intel-ն այժմ հաստատել է արտահոսած ծրագրային կոդի իսկությունը, ինչը փորձագետների շրջանում կիբերանվտանգության վերաբերյալ լուրջ մտահոգություններ է առաջացնում:

Ընկերությունից հայտնել են, որ արտահոսքը տեղի է ունեցել երրորդ անձանց մեղքով, սակայն չի նշվում, թե ում մասին է խոսքը։ Դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք ծրագրային կոդը գողացել են կիբերհարձակման ժամանակ, թե՞ այն արտահոսել է ցանց ինչ-որ ինսայդերների գործողությունների հետևանքով։ Կարծիք կա, որ արտահոսքը տեղի է ունեցել ընկերության գործընկերներից մեկի՝ հավանաբար Lenovo-ի ցանցից։

Մի քանի օր առաջ Intel Alder Lake BIOS-ի սկզբնական կոդը հայտնվել էր 4chan-ում և Github-ում, իսկ 5,86 ԳԲ տարողությամբ ֆայլը պարունակում էր հսկայական քանակությամբ ինժեներական և տեխնիկական ֆայլեր, փաստաթղթեր և գործիքներ, որոնք նախատեսված էին Intel-ի Alder Lake պրոցեսորների և 12-րդ սերնդի պրոցեսորների չիպսեթների համար BIOS/UEFI ծրագրային ապահովում ստեղծելու և այն օպտիմալացնելու համար։

Արտահոսած ֆայլերի մեջ հայտնաբերվել են Intel-ի անցած տարվա պրոցեսորների MSR ռեգիստրների (Model Specific Register, միկրոկոդի ինտերֆեյսի ռեգիստրներ) տվյալների հատվածներ։ Սա գաղտնի տեղեկություն է, որը չկա այս մշակման համար հանրությանը հասանելի փաստաթղթերում:

Նաև արտահոսել է Intel Boot Guard պաշտպանության համակարգի փակ բանալի կոդը։ Սա փակ, գաղտնի տեղեկություն է, որը Intel-ը տրամադրում է վաճառող ընկերություններին:

Github-ում ներկայումս անհասանելի են ինչպես նախագծի էջը, որտեղ տեղադրվել էին արտահոսած որոշ տեղեկություններ, այնպես էլ դրա հայելային տարբերակները։

Intel-ի ներկայացուցիչների խոսքով՝ արտահոսքի հետևանքով իր ենթակառուցվածքները չեն վտանգվել։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ