Lonestar Data Holdings-ը նախատեսում է մինչև 2023 թ․ վերջը Լուսնի վրա տվյալների կենտրոն կառուցել և արդեն $5 մլն ներդրում է ներգրավել

8 մարտի, 2023  12:00

Lonestar Data Holdings-ը շատ հավակնոտ ծրագրեր ունի․ ընկերությունը նախատեսում է տվյալների մշակման կենտրոններ կառուցել Լուսնի վրա, իսկ նման կենտրոններից առաջինի կառուցումը նախատեսվում է այս տարի։ Ներդրումների սկզբնական փուլում ընկերությունը կարողացել է 5 մլն դոլար ներգրավել։

Ինչպես տեղեկացնում է DataCenter Dynamics-ը, գումարը ստացվել է Scout Ventures, Seldor Capital, 2 Future Holding, The Veteran Fund, Irongate Capital, Atypical Ventures և KittyHawk Ventures վենչուրային ներդրողներից:

Ընկերության ղեկավար Քրիստոֆեր Ստոտի խոսքով՝ մասնագետներն արդեն պատրաստել են անհրաժեշտ սարքավորումները և նախատեսում են 2023 թ․ մասնակցել լուսնային երկու առաքելությունների, որոնցից առաջինը պետք է սկսվի երկրորդ եռամսյակում։ Այս առաքելություններին մասնակցության համար վճարելու նպատակով էլ կօգտագործվի ստացված ֆինանսավորումը:  

Առաջին առաքելությունն ի սկզբանե նախատեսված էր այս ամիս, սակայն NASA-ն խնդրել է Intuitive Machines-ին, որը պատասխանատու է լուսնային առևտրային ծրագրերի իրականացման համար, հետաձգել առաքելությունը (մինչև 2023 թ․ երկրորդ եռամսյակ) և փոխել վայրէջքի վայրը (Լուսնի հարավային բևեռ):  Երկրորդ առաքելությունը, որը ևս Intuitive Machines-ի միջոցով կիրականացվի, նախատեսված է այս տարվա չորրորդ եռամսյակում, իսկ երրորդ առաքելությունը՝ արդեն 2025 թ․։

Առաջին առաքելության ժամանակ Lonestar-ը նախատեսում է Լուսին ուղարկել տվյալների կենտրոնի թեթև սարքավորումներ. ընկերությունը կառաջարկի տվյալների կրկնօրինակման ծառայություն վթարային վերականգնման համար, ծայրամասային հաշվողական ծառայություններ Լուսնի վրա հիմնված առաքելությունների համար: Ընկերության առաջին տվյալների կենտրոնը Լուսնի վրա կլինի արևային էներգիայով աշխատող սերվեր և գրքի չափեր ունեցող պահեստավորման մոդուլ:

Տվյալների կենտրոնի սարքավորումները, որոնք հիմնված են բազմամիջուկ RISC-V պրոցեսորների վրա, մշակել է Skycorp տիեզերական լոգիստիկ ընկերությունը, իսկ NVMe SSD-ն մշակել է Phison ընկերությունը։

«Մենք կարծում ենք, որ Լուսնի՝ Երկրի ամենակայուն արբանյակի ընդգրկումը համաշխարհային տնտեսության մեջ հաջորդ քայլն է դեպի Նոր տիեզերական տնտեսություն: Տվյալների անվտանգությունը և պահպանումը կարևոր դեր կխաղան Լուսնի հաջորդ սերնդի ուսումնասիրության մեջ», - ասել է Scout Ventures-ի հիմնադիր և կառավարիչ գործընկեր Բրեդ Հարիսոնը:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում