NASA-ի Nuclear Spectroscopic Telescope Array (NuSTAR) աստղադիտակի արած լուսանկարների շնորհիվ հնարավոր է դարձել տեսնել Արեգակի արձակած թաքնված լույսի մի մասը, որը մարդու աչքը չի կարող տեսնել նույնիսկ ամենաարևոտ օրերին։ Սա կարող է օգնել գիտնականներին, որպեսզի բացահայտեն Արեգակի ամենամեծ առեղծվածներից մեկը։Ինչպես տեղեկացնում է NASA-ն, NuSTAR-ի արած նոր պատկերը ցույց է տալիս այդ թաքնված լուսի մի մասը, ներառյալ բարձր էներգիայի ռենտգենյան ճառագայթները, որոնք արձակվում են Արեգակի մթնոլորտի ամենաթեժ նյութից։
Թեև NuSTAR-ը սովորաբար ուսումնասիրում է մեր արեգակնային համակարգից դուրս գտնվող օբյեկտները, ինչպիսիք են զանգվածային սև խոռոչները և փլուզված աստղերը, հիմա արդեն այն նաև աստղագետներին օգնում է էլ ավելին իմանալ Արեգակի մասին:
Վերևում ներկայացված կոմպոզիտային պատկերի ձախ լուսանկարում NuSTAR-ի տվյալները ներկայացված են կապույտով և համադրված են ճապոնական օդատիեզերական հետազոտությունների գործակալության Hinode առաքելության ռենտգենյան աստղադիտակի (XRT) արած պատկերի հետ, որը ներկայացված է կանաչով, այնուհետև դրան համադրվել է NASA-ի Արեգակնային դինամիկայի աստղադիտարանի (SDO) մթնոլորտային պատկերներից հավաքված տարբերակը, որը ներկայացված է կարմիրով: NuSTAR-ի համեմատաբար փոքր տեսադաշտը նշանակում է, որ այն չի կարող տեսնել ամբողջ Արեգակը Երկրի ուղեծրի իր դիրքից, ուստի Արեգակի տեսարանն իրականում 2022 թ․ հունիսին արված 25 նկարներից բաղկացած պատկեր է։NuSTAR-ի դիտարկած բարձր էներգիայի ռենտգենյան ճառագայթները հայտնվում են Արեգակի մթնոլորտի միայն մի քանի վայրում: Ի տարբերություն դրան, Hinode-ի XRT-ն ֆիքսում է ցածր էներգիայի ռենտգենյան ճառագայթները, իսկ NASA-ի Արեգակնային դինամիկայի աստղադիտարանի արած պատկերում երևում է ուլտրամանուշակագույն լույսը՝ ալիքների երկարություններ, որոնք արտանետվում են Արեգակի ողջ մակերեսով:
Բացահայտել Արեգակի ամենամեծ առեղծվածներից մեկը2012 թ․ կառուցված NuSTAR-ի արած պատկերը կարող է օգնել գիտնականներին բացահայտելու Արեգակի ամենամեծ առեղծվածներից մեկը. ինչո՞ւ է Արեգակի արտաքին մթնոլորտի (որը կոչվում է արեգակնային պսակ) ջերմաստիճանը հասնում է ավելի քան մեկ միլիոն աստիճանի` առնվազն 100 անգամ ավելի տաք, քան Արեգակի մակերեսը: Այս հարցը տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին, քանի որ Արեգակի ջերմությունը ծագում է դրա միջուկից և շարժվում դեպի դուրս և տրամաբանական կլիներ, որ Արեգակի մակերեսն ավելի տաք լիներ, քան արտաքին մթնոլորտը:
Թեև առանձին նանոբռնկումները չափազանց թույլ են Արեգակի բոցավառ լույսի ներքո դրանք դիտարկելու համար, NuSTAR-ը կարող է ֆիքսել լույսը բարձր ջերմաստիճանի նյութից, որը, ենթադրաբար, արտադրվում է, երբ մեծ թվով նանոբռնկումներ տեղի են ունենում միմյանց մոտ: Այս ունակությունը ֆիզիկոսներին հնարավորություն է տալիս ուսումնասիրել, թե որքան հաճախ են տեղի ունենում նանոբռնկումները և ինչպես են դրանք էներգիա արձակում:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում