SpaceX-ը Falcon Heavy հրթիռ է արձակել, որը ԱՄՆ տիեզերական ուժերի համար գաղտնի բեռներ է բարձրացրել տիեզերք

16 հունվարի, 2023  16:15

NASA-ի Քենեդու տիեզերական կենտրոնից (Ֆլորիդա) կիրակի տեղի ժամանակով 17.56-ին (Երևանի ժամանակով 02.56) արձակվել է SpaceX ընկերության Falcon Heavy հրթիռը, որն ԱՄՆ տիեզերական ուժերի համար ուղեծիր է տեղափոխել ռազմական կապի արբանյակ և հինգ փոքր բեռ։ Այս գաղտնի առաքելությունն ստացել է USSF-67 անունը։

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, Falcon Heavy-ը բաղկացած է SpaceX-ի մոդիֆիկացված երեք առաջին փուլի Falcon 9 հրթիռներից, որոնք ամրացված են միմյանց։ Դրանցից կենտրոնական հրթիռի վրա է տեղադրված տիեզերք տեղափոխվող ուղեբեռը:

Falcon Heavy-ի առաջին փուլի արագացուցիչ հրթիռները նախագծված են բազմակի օգտագործման համար, ինչպես Falcon 9-ի դեպքում է, և դրանցից երկուսն արդեն վերադարձել են Երկիր և հաջողությամբ վայրէջք կատարել Կանավերալի հրվանդանում գտնվող տիեզերական ուժերի կայանում։ Սա այս հրթիռներից յուրաքանչյուրի համար երկրորդ վայրէջքն էր. երկուսն էլ մասնակցել են USSF-44-ին, որը Falcon Heavy-ով Տիեզերական ուժերի համար իրականացված առաքելություն է և մեկնարկել է 2022 թ․ նոյեմբերի 1-ին:

USSF-67-ի կենտրոնական ուժեղացուցիչ հրթիռը նոր սարք էր, և այն կրկին թռչելու հնարավորություն չի ստանա․ ինչպես պլանավորվել էր, կիրակի՝ թռիչքից շատ չանցած, այն ընկել է Ատլանտյան օվկիանոսում։

Falcon Heavy-ի երկրորդ փուլի հրթիռը շարունակել է թռիչքը և ուղեծիր տեղափոխել իր օգտակար բեռները: Այս հրթիռի ճանապարհորդությունից շատ բան չի ցուցադրվել, քանի որ այն պահին, երբ առաջին փուլի հրթիռները վայրէջք են կատարել, SpaceX-ը, ԱՄՆ Տիեզերական ուժերի պահանջով, դադարեցրել է հեռարձակումը։ Ամեն դեպքում պարզ չէ, թե երբ է նախատեսված բեռների տեղակայումը:

Ի՞նչ է տեղափոխվել տիեզերք

USSF-67 առաքելության շրջանակում տիեզերք տեղափոխված ուղեբեռի առաջնային արբանյակը կոչվում է Continuous Broadcast Augmenting SATCOM 2-ն է (CBAS-2), որը տեղափոխվել է դեպի գեոստացիոնար ուղեծիր՝ մոտ 35,700 կիլոմետր Երկրից հեռու:

Տիեզերական ուժերից տեղեկացրել են, որ CBAS-2-ի առաքելությունն է ընդլայնել առկա ռազմական արբանյակային կապի հնարավորությունները և շարունակաբար հեռարձակել ռազմական տվյալները տիեզերական արբանյակային վերահեռարձակման կապերի միջոցով:

Ինչպես հայտնում է EverydayAstronaut.com-ը, USSF-67-ի շրջանական տիեզերք է հասցվել նաև Long Duration Propulsive ESPA (LDPE)-3A-ը, բեռնատար ադապտեր, որի վրա մինչև մինչև վեց փոքր արբանյակ կարող է տեղակայվել։ LDPE-3A-ի վրա այս առաքելության շրջանակում կա հինգ արբանյակ։ Տիեզերական ուժերի տարածած հայտարարությունում ասվում է, որ LDPE-3A-ի վրա կա երկու արբանյակ՝ Catcher-ը և WASSAT-ը։ Դրանք նախատեսված են Տիեզերական համակարգերի հրամանատարության համար, որը պատասխանատու է ամերիկյան կործանիչների համար տիեզերական կարողությունների զարգացման և պահպանման համար:

Ըստ EverydayAstronaut.com-ի՝ Catcher-ը նախատիպային սենսոր է, որը նախատեսված է տիեզերական եղանակի հետևանքով առաջացած հնարավոր վտանգները մշտադիտարկելու համար։ «WASSAT-ը, ամենայն հավանականությամբ, Wide Area Search Satellite-ի հապավումն է, այն տեսախցիկ է, որը նախատեսված է այլ արբանյակներին վերահսկելու և նրանց հետագծերի և անոմալիաների վերաբերյալ տվյալներ հավաքելու համար, ինչպիսիք են ուղեծրի փոփոխությունները»,- գրում է պարբերականը:

LDPE-3A-ի վրա տեղադրված մյուս երեք արբանյակները մշակվել են Տիեզերական ուժերի տիեզերական արագ հնարավորությունների գրասենյակի (SRCO) կողմից։ Դրանցից երկուսը օպերացիոն նախատիպեր են՝ իրավիճակային ուժեղացված իրազեկման համար, իսկ մյուսը՝ տիեզերքի և երկրի միջև անվտանգ հաղորդակցության հնարավորություն ապահովող ինտերֆեյսի կոդավորման նախատիպ է։

Հիշեցնենք, որ 2022-ի նոյեմբերի 2-ին, SpaceX-ի գերծանր Falcon Heavy-ն 2019-ից ի վեր առաջին թռիչքն էր կատարել և ուղեծիր դուրս բերել ԱՄՆ ռազմական արբանյակը։

 

 

 

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում