Xiaomi-ն ցուցադրել է նոր Watch S2 խելացի ժամացույցն ու Buds 4 անլար ականջակալները

12 դեկտեմբերի, 2022  19:16

Չինական Xiaomi ընկերությունը նոր արտադրանքի համաշխարհային պրեզենտացիայի ժամանակ ներկայացրել է Watch S2 խելացի ժամացույցը և Buds 4 անլար ականջակալները։

Watch S2 խելացի ժամացույց

Ժամացույցը հասանելի է երկու տարբերակով՝ 42 մմ կորպուսով և 1,32 դյույմանոց էկրանով և 46 մմ կորպուսով և 1,43 դյույմանոց էկրանով, սակայն երկու տարբերակներում էլ էկրանն ունի 466x466 լուծաչափ։ Կորպուսը պատրաստված է պողպատից, իսկ էկրանը պաշտպանված է շափյուղա ապակիով։

Կառավարման համար հեռախոսն ունի նաև երկու ֆիզիկական կոճակ, որոնք լրացնում են սենսորային էկրանին գործառույթներին: Խելացի ժամացույցն ունի ավելի քան հարյուր տեսակի սպորտային մարզումների աջակցություն, ինչպես նաև զարկերակի, արյան՝ թթվածնով հագեցվածության մակարդակի, քնի որակի վերահսկման, ինչպես նաև այլ գործառույթներ։

Xiaomi Watch S2-ը հագեցած է NFC մոդուլով և GPS սենսորով, իսկ ներկառուցված խոսափողը և բարձրախոսները թույլ են տալիս աքսեսուարն օգտագործել հեռախոսով խոսելիս։ 305 մ/Աժ և 42 մմ մարտկոցն ապահովում է մինչև մեկ շաբաթյա աշխատանք առանց վերալիցքավորման, իսկ 46 մմ տարբերակը 500 մ/Աժ մարտկոցի շնորհիվ կարող է աշխատել մինչև 12 օր:

Չինաստանում նոր Xiaomi Watch S2-ի գինն սկսվում է 143 դոլարից։

Xiaomi Buds 4 անլար ականջակալ

Ականջակալներից յուրաքանչյուրը ստացել է երկու բարձրախոս, դրանք ունեն տարածական ձայնի և բարձր լուծաչափի ձայնի աջակցություն: Նորույթն ունի նաև աղմուկի ակտիվ նվազեցման համակարգ, որն օգտագործում է երեք ներկառուցված խոսափողներ:

480 մԱ/ժ հզորությամբ մարտկոցն ապահովում է մինչև վեց ժամ աշխատանք՝ առանց վերալիցքավորման, իսկ լիցքավորման սարքը էլ ավելի է երկարացնում Xiaomi Buds 4-ի ավտոնոմ աշխատանքը՝ մինչև 30 ժամ:

Չինաստանում Xiaomi Buds 4 ականջակալն արժե 100 ԱՄՆ դոլար։ Թե՛ ժամացույցի, թե՛ ականջակալի վաճառքը կսկսվի այս տարվա դեկտեմբերին։

Xiaomi 13 և Xiaomi 13 Pro սմարթֆոններ

Ավելի վաղ NEWS.am Tech-ը տեղեկացրել էր, որ Xiaomi ընկերությունն այս պրեզենտացիայի շրջանակում ցուցադրել է երկու նոր սմարթֆոն՝ Xiaomi 13 և Xiaomi 13 Pro մոդելները: Երկու սարքերն էլ զինված են Snapdragon 8 Gen 2 չիպով և ունեն 8 կամ 12 ԳԲ օպերատիվ և 128, 256 կամ 512 ԳԲ ներքին հիշողության հնարավորություն:

Սմարթֆոններն ստացել են հովացման բարելավված համակարգ, որը թույլ է տալիս պահպանել սարքերի առավելագույն կատարողական ցուցանիշներ նույնիսկ ամենաակտիվ օգտագործման պայմաններում։

Սմարթֆոնների հիմնական տարբերությունը տեսախցիկների մեջ է։ Xiaomi 13-ն ունի 32 ՄՊ առջևի տեսախցիկ, ինչպես նաև եռակի հիմնական մոդուլ՝ Leica-ի արտադրության օպտիկայով 54 ՄՊ հիմնական տեսախցիկ, 10 ՄՊ տելեօբյեկտիվ՝ 3,2x օպտիկական խոշորացումով և 12 ՄՊ լայնանկյուն օբյեկտիվ՝ կրկին Leica-ի արտադրության օպտիկայով։ 

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում