ՏՏ ընկերություններին տրամադրվող պետական աջակցությունից օգտվելու համար դիմել է 21 ընկերություն․ աջակցության մանրամասներն ու տրամադրման կարգը

4 դեկտեմբերի, 2022  15:16

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին նոր ընդունված աշխատողների եկամտահարկի 50 տոկոսի չափով պետական աջակցություն տրամադրելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն է դիմել 21 կազմակերպություն։ Այս մասին հայտնում են նախարարությունից։

ՀՀ ԲՏԱ նախարարության ներկայացրած տվյալներով 2022թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ փոխանցվել է 2,316,402,021 ՀՀ դրամի չափով պետական աջակցության, իսկ 151,609,028 ՀՀ դրամի չափով պետական աջակցության գումարը դեռևս ենթակա է վճարման։

Հիշեցնենք, որ աջակցությունը տրամադրվում է կառավարութան 2022 թ. մարտի 24-ի թիվ 399-Լ որոշմամբ սահմանված կարգով։ Որոշման համաձայն աջակցությունից կարող են օգտվել այն ՏՏ ընկերությունները, որոնց

աշխատողների թվաքանակն ավելացել է առնվազն 10-ով՝ 2022 թվականի մարտի 1-ի դրությամբ հաշվառված տվյալներով տվյալ շահառուի աշխատողների թվաքանակի համեմատ,  նոր ընդունված աշխատողները 2022 թվականի մարտ ամսվան նախորդած 6-ամսյա ժամկետում ՀՀ-ում աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողներ չեն հանդիսացել,  դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն 100 հազ. դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ, բացառությամբ եկամտային հարկի գծով պարտավորությունների, որոնք պետք է ամբողջությամբ կատարված լինեն:

Որոշման համաձայն աջակցությունը տրամադրվում է նոր ընդունված աշխատողների համար պետական բյուջե վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով: Պետական աջակցությունը շահառուներին կարող է հաշվարկվել և տրամադրվել 2022 թվականի մարտ ամսվա և դրան հաջորդող տասնմեկ ամիսների համար։

Պետական աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում, նոր ընդունված աշխատողներին և նրանց աշխատավարձերին վերաբերող փաստաթղթեր, որոնց մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիմումի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի մայիսի 1-ն է։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում