Օնլայն կամ թվային գաղտնիությունը ենթադրում է տարաբնույթ տեղեկատվության փոխանցում/փոխանակում համացանցում առանց արտահոսքի։ Թվային գաղտնիության կարելի է հասնել մարտավարությունների և տեխնոլոգիաների համադրությամբ՝ պաշտպանելով ներքին ինֆորմացիան հանրայնացումից։ Այլ կերպ ասած՝ թվային գաղտնիությունը համացանցում ինֆորմացիայի պաշտպանությունն է։
Յուրաքանչյուրիս առցանց գործունեությունը, ինչպիսիք են հրապարակումները սոցկայքերում, առևտրի և զվարճանքի նախընտրությունների մասին որոնումները, գտնվելու վայրի մասին տվյալները, ֆինանսական և առողջական տեղեկությունների տարածումը առցանց առևտրի հարթակներում թվային «ոտնահետքեր» են թողնում, որոնք կարող են օգտագործվել մեզ վրա ազդելու և նույնիսկ վնասելու համար՝ հաճախ առանց մեր համաձայնության։ Այդ տեղեկությունները կարող են, օրինակ՝ վաճառվել մեկ այլ ընկերության և կիրառվել բիզնես կամ այլ նպատակներով՝ առանց մեր իմացության, օրինակ՝ անհատականացված գովազդների ցուցադրման համար, կամ չարագործները կարող են օգտվել ոչ պատշաճ պահպանված գաղտնաբառերից և գողանալ մեր ֆինանսական միջոցները։
Սրանով է կարևորվում թվային գաղտնիության ապահովման անհրաժեշտությունը։ Համացանցի յուրաքանչյուր օգտատեր պետք է առնվազն նվազագույն գիտելիքներ ունենա տվյալների պաշտպանության եղանակների վերաբերյալ, գնահատի համացանցում իր յուրաքանչյուր քայլի հետևանքները։ Այս ամենը կարող է բարդ, վախեցնող և անհասկանալի թվալ, սակայն դա ամենևին այդպես չէ։ Հետևելով շատ պարզ քայլերի՝ կարելի է ապահովել օնլայն գործունեության անվտանգությունը։
Այսպիսով՝ օնլայն գաղտնիությունն ավելի լավ պատկերացնելու համար այն պայմանականորեն փորձենք բաժանել մի քանի ուղղությունների՝
Հաղորդակցության գաղտնիություն, Ինֆորմացիոն գաղտնիություն, Անձնական գաղտնիություն։Հաղորդակցության գաղտնիություն
Հաղորդակցության գաղտնիությունը ենթադրում է, որ ինտերնետ օգտատերերի թվային հաղորդակցությունները պետք է լինեն անվտանգ և գաղտնի, այսինքն՝ նամակներն ու հաղորդակցությունները պետք է հասանելի լինեն միայն նախատեսված ստացողներին։
Ինֆորմացիոն գաղտնիություն
Ինֆորմացիոն կամ տվյալների գաղտնիությունը տվյալների պաշտպանության ուղղություններից է, որը վերաբերում է զգայուն տեղեկատվության պատշաճ պահպանությանը, հասանելիությանը, վերահսկողությանը, կայունությանը և պաշտպանությանը։
Տվյալների գաղտնիությունը հաճախ ասոցացվում է անձնական տվյալների կամ անձնապես ճանաչելի տեղեկատվության հետ, որի մեջ մտնում են անունները, հասցեները կամ բանկային քարտերի համարները։ Մինչդեռ այս ձևակերպման մեջ մտնում են նաև այլ գաղտնի տվյալների տեսակներ՝ ներառյալ ֆինանսական տվյալներ, մտավոր սեփականություն և անձի առողջական տեղեկություններ։
Անձնական գաղտնիություն
Անձնական գաղտնիության պահպանությունն ապահովում է անձի մասին տեղեկությունների ամբողջական գաղտնիություն՝ ներառյալ անունը և գտնվելու վայրը։ Այս նպատակով ինտերնետ օգտատերերը հաճախ օգտագործում են VPN ծառայություններ և այլ գործիքներ։
Ինչպե՞ս պաշտպանել թվային գաղտնիությունը
ԳաղտնաբառերՕգտագործե՛ք ուժեղ և անհատական գաղտնաբառեր բոլոր առցանց հարթակներում։ Ձեր անձնական գաղտնիության ապահովման նպատակով օգտագործե՛ք երկար գաղտնաբառեր, որոնց մեջ կլինեն մեծատառեր, փոքրատառեր, թվանշաններ և կետադրական նշաններ։ Ոչ պակաս կարևոր է նաև ամեն հարթակում առանձին գաղտնաբառի օգտագործումը։ Լրացուցիչ պաշտպանություն կարող է ապահովել նաև երկփուլանի անվտանգության համակարգերի ներդրումը (two-factor authentication)։ Տեղեկությունների հնարավորինս քիչ տարածումՏեղեկությունների տարածման սահմանափակումը ենթադրում է, օրինակ՝ սոցիալական կայքերում անձնական կյանքին, նախընտրություններին վերաբերող հրապարակումների սահմանափակումը կամ առհասարակ բացառումը, օնլայն առևտրի հարթակներում վճարելու միջոցների մասին տեղեկությունները չպահպանելը։ Որոնողական համակարգերի սահմանափակումՈրոնողական համակարգերը հսկայական ծավալների տեղեկություններ են հավաքում օգտատերերի վերաբերյալ։ Չնայած չկա գործիք, որով հնարավոր կլինի ամբողջությամբ սահմանափակել որոնողական համակարգերի գործունեությունը, սակայն դրանք թույլ են տալիս ջնջել հավաքված տեղեկությունները։Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում