Apple-ի երկրպագուները հիասթափված են․ նոր iPad-ները որոշ խնդիրներ ունեն

8 մայիսի, 2024  17:33

Apple-ի երկրպագուները ցնցված և հիասթափված են այն բանից հետո, երբ պարզվեց, որ ընկերությունը որոշել է նոր iPad-ների տուփերում չներառել մի կարևոր ատրիբուտ։ Բացի դրանից՝ նոր պրոցեսորն ու էկրանը չեն բարելավել iPad Pro 2024-ի ինքնավար աշխատանքը, իսկ iPad Pro-ի OLED էկրանի պարագայում բացակայում է կարևոր գործառույթ։

iPad Pro և iPad Air առանց սթիքերի

Apple-ը ներկայացրել է iPad Pro և iPad Air նոր մոդելները, որոնք այժմ հասանելի են պատվիրելու համար, իսկ դրանց առաքումը կսկսվի հաջորդ շաբաթ: Սակայն նոր սարքավորումների  տուփերում առկա չեն այս բրենդի ապրանքանիշի երկրպագուների սիրելի ատրիբուտներից մեկը՝ Apple-ի տարբերանշանի տեսքով սթիքերը։ Այս մասին հայտնում է 9to5Mac-ը։

Ըստ աղբյուրի՝ այս որոշումը Apple-ի բնապահպանական ռազմավարության մի մասն է, որն ուղղված է իր արտադրանքի փաթեթավորումից պլաստիկն ամբողջությամբ վերացնելուն։ Չնայած դրան, որոշ Apple Store խանութներ առաքվում է սահմանափակ քանակի սթիքերներ, որպեսզի դրանք բաժանվեն այն հաճախորդներին, որոնք գնում են նոր iPad Pro կամ iPad Air՝ միայն իրենց ցանկության դեպքում։ Եթե ​​խանութում սթիքերները սպառվում են, աշխատակիցները կարող են դրանք պատվիրել Apple-ից:

Այնուամենայնիվ, Apple-ը, ըստ երևույթին, չի բաժանի սթիքերները մանրածախ առևտրով զբաղվող այլ ընկերություններին, ինչպիսիք են Amazon-ը և Best Buy-ը: Հետևաբար, Apple-ի սթիքերները ձեռք բերելու միակ միջոցը iPad Pro կամ iPad Air գնելու դեպքում անմիջապես Apple Store-ից գնելն է:

iPad Pro-ի ինքնավար աշխատանքը չի բարելավվել

iPad Pro-ի և iPad Air-ի նոր մոդելները մեկ լիցքավորմամբ աշխատում են մինչև 10 ժամ, ինչը հիասթափեցրել է որոշ օգտատերերի։ Բանն այն է, որ երկու պլանշետներն էլ ստացել են ավելի էներգաարդյունավետ պրոցեսորներ (iPad Pro-ի դեպքում էկրանը նաև դարձել է ավելի քիչ էներգատար), քան նախորդ մոդելներում, սակայն դա չի ազդել մարտկոցների աշխատանքի վրա։ Այս մասին հայտնում է MacRumors-ը։

iPad Pro-ն աշխատում է M4 չիպով, որը կառուցված է երկրորդ սերնդի 3 նմ պրոցեսի վրա և ունի վեց արդյունավետ միջուկներ՝ երկուսով ավելի, քան M2-ը: Բացի դրանից՝ սարքը թողարկվում է ավելի արդյունավետ OLED էկրանով: Սակայն այս բարելավումները չեն ազդել մեկ լիցքավորմամբ մարտկոցի աշխատանքի տևողության վրա, գրում է MacRumors-ը։

Տասնմեկ դյույմանոց iPad Pro-ի մարտկոցն ունի 31,29 Վտ/ժ հզորություն, ինչը գերազանցում է նախորդ սերնդի 28,65 Վտ/ժ հզորությունը: Տասներեք դյույմանոց iPad Pro-ի մարտկոցն ունի 38,99 Վտ/ժ հզորություն, ինչը մի փոքր ցածր է նախորդ մոդելի 40,88 Վտ/ժ-ից:

iPad Air-ն ունի նաև կատարելագործված մարտկոց: Տասնմեկ դյույմանոց մոդելն ունի 28,93 Վտ/ժ հզորություն, ինչը մի փոքր ավելի է, քան նախորդ 10,9 դյույմանոց տարբերակը (28,6 Վտժ): Նոր 13 դյույմանոց մոդելը թողարկվում է 36,59 Վտժ մարտկոցով:

Apple-ը պնդում է, որ iPad Pro-ի և iPad Air-ի մոդելները մեկ լիցքավորմամբ աշխատում են մինչև 10 ժամ՝ Wi-Fi-ով կամ բջջային ցանցի միջոցով համացանցից օգտվելիս կամ տեսանյութեր դիտելիս մարտկոցի լիցքը բավարարում է մինչև ինը ժամ։

OLED էկրան՝ առանց Always-On Display-ի

Չնայած OLED էկրանի առկայությանը՝ նոր iPad Pro-ն չունի օգտակար և տարածված Always-On Display գործառույթը, որը հնարավորություն է տալիս էկրանին ցուցադրել օգտակար տեղեկություն նույնիսկ այն ժամանակ, երբ այն անջատված է:

iPad Pro նոր մոդելների էկրանները պատրաստված են LTPO (Low-Temperature Polycrystalline Oxide) տեխնոլոգիայով։ Այն ունի ցածր էներգասպառում, ինչը թույլ է տալիս նվազեցնել էկրանի թարմացման հաճախականությունը մինչև 10 Հց ստատիկ բովանդակության համար: Այնուամենայնիվ, հաճախականության այս նվազագույն արժեքը բավարար չէ Always-On Display-ի աշխատանքի համար:

Նման իրավիճակ արդեն եղել է iPhone 13 Pro մոդելների դեպքում, որոնք իջեցրել են թարմացման հաճախականությունը մինչև 10 Հց, բայց չունեին Always-On Display տարբերակը։ Այս գործառույթը հասանելի է միայն iPhone 14 Pro մոդելներում, որոնք կարող են էկրանի թարմացման հաճախականությունն իջեցնել մինչև 1 Հց։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ